Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի դեսպան. «Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը եւ դատապարտելը քաղաքական որոշում է, սակայն Սիրիան իրականում այդ քայլն արել է վաղուց»

Փետրվար 16,2020 18:42

Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Մոհամմեդ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հինգշաբթի օրն ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բանաձեւին՝ ասաց. «Սիրիան երկրորդ երկիրն է Լիբանանից հետո, որ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը Միջին Արեւելքում կամ Արաբական երկրների շարքում: Հինգշաբթի օրը Սիրիայի Ժողովրդական Ժողովի ընդունած Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բանաձեւը եղել է քաղաքական որոշում: Սակայն իրականության մեջ պետք է ասել, որ նման քայլ Սիրիան կատարել է շատ վաղուց, երբ իր դռները բացեց Հայոց Ցեղասպանությունից փրկվածների առջեւ եւ իր բարիքները կիսեց իրենց հետ: Նման որոշումը համարվում է պատմական իրականության հաղթանակ: Դա նաեւ ողորմություն է տալիս այն նահատակներին, որոնք իրենց կյանքը կորցրին օսմանյան ձեռքով իրականացված Ցեղասպանության ժամանակ:

Մենք Սիրիայում չենք տարանջատում քրիստոնյա կամ ոչ քրիստոնյա հասկացությունը: Սիրիան արաբական պետություն է: Մենք հասարակության բոլոր շերտերում ունենք տարբեր ներկայացուցիչներ եւ բոլորին հավասար ենք ընդունում»:

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներ, գործոններ նպաստեցին, որպեսզի Սիրիան հիմա արդեն պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, դեսպանը պատասխանեց. «Արդեն նշեցի, որ գործնական ճանաչում եղել էր վաղուց, երբ Սիրիան գրկաբաց ընդունեց մազապուրծ հայերին եւ նրանց հնարավորություն տվեց, որպեսզի իրենց համար կյանք ստեղծեն այնտեղ՝ պահպանելով իրենց ինքնությունը, մշակույթը:

Օսմանյանների ձեռքով կատարված Ցեղասպանությունը այս տարի որպես առարկա ներառվել է դպրոցական դասագրքերում, Դեր Զորում գոյություն ունի Հայ նահատակների եկեղեցի, Մարգատեում՝ ցեղասպանության մատուռ, Սիրիայում բազմաթիվ հրապարակներ կոչվել են հայ նահատակների անուններով, Հալեպում ունենք Քառասուն մանկանց եկեղեցի: Հարկ է նշել նաեւ, որ ամեն տարի Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգվում է Սիրայի տարբեր քաղաքներում, որտեղ հայեր են ապրում: Նշեմ նաեւ, որ 2015 թվականին Սիրիայի Ժողովրդական Ժողովի այն ժամանակվա նախագահը հայտարարությունով հանդես եկավ, որով դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը: Նա նաեւ մասնակցեց 100-ամյակի միջոցառումներին, որ տեղի ունեցան այստեղ՝ Երեւանում, եւ ծաղկեպսակ դրեց հարգելով նահատակների հիշատակը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե դեսպանը Արցախի հակամարտության կարգավորման ձեւաչափն ինչպես է տեսնում եւ ինչ դիրքորոշում ունի Սիրիայի Արաբական Հանրապետությունը: «Սիրիան միշտ կողմնակից է խաղաղ լուծմանը, սատարում է Մինսկի խմբին, համանախագահների աշխատանքին: Եվ հույս ունենք, որ այս խնդիրը լուծման կհասնի խաղաղ ճանապարհով»,-պատասխանեց դեսպան  Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829