Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Համահայկական ներուժի համախմբումը վեր է նույնիսկ վարչապետի աթոռից» (ֆոտոշարք)

Փետրվար 16,2020 18:19

Այսօր ՀՅԴ ԳՄ կից Հայրենադարձների խորհրդատվական գրասենյակը, հասարակական եւ ուսանողական այլ կազմակերպություններ «Երթ շնորհակալություն» խորագրով քայլերթ կազմակերպեցին դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման առիթով:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սա Սիրիայի խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված երախտագիտության երթ է, որոնք ճշմարտությունը վեր են դասում ամեն տեսակ շահերից: Ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ եւս մի քայլ մոտեցնում են մեր պատմական հայրենիքի, մեր իրավունքի տեր կանգնելու հարատեւ ընթացքին: Սրանով մենք նաեւ շնորհակալական խոսքեր ենք հղում բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը: Սա խորհրդանշական բնույթ է կրում ուղղված այն երկրներին, որոնք դեռեւս չեն ճանաչել, որ հայ ժողովուրդը պատրաստ է իր շնորհակալությունն ու երախտիքը հայտնել եւ համայն մարդկության հետ իր ունեցած հնարավորությունները միավորելով կասեցնել ապագա բոլոր ցեղասպանությունները:

Հատկանշական է, որ ոչ քրիստոնեական պետություն Սիրիան է իրականացնում այս գործընթացը: Սրանով նա պատգամ է հղում ոչ քրիստոնեական մեծամասնություն ունեցող մյուս պետություններին առ այն, որ ճշմարտությունը չի հարցնում կրոնական դավանանք:

Մենք պետք է առաջնահերթ հաջորդ քայլը անենք, որը արդար հատուցման պահանջն է, մեր հայրենիքի ամբողջականության վերականգնումը: Իսկ դա հնարավոր է միայն միասնական լինելու պարագայում»:

Մեր դիտարկմանը, թե դուք հիմա խոսում եք պատմական արդարության՝ փոխհատուցման հասնելու ճանապարհին միասնական լինելու անհրաժեշտության մասին, իսկ Մյունխենում Ադրբեջանի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցի շրջանակներում տարածքային պահանջներ էր ներկայացնում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Բոլորին հայտնի են, թե Ադրբեջանի նկրտումները, թե թուրք-ադրբեջանական «երկու պետություն՝ մեկ ազգ» բանաձեւը եւ ով է հայերին ենթարկել ցեղասպանության: Թուրքիայի պետականությունը՝ ամենատարբեր դրսեւորումներով: Սկսված Օսմանյան կայսրությունից, ավարտված այսպես կոչված թուրքական պետության ղեկավար կազմով: Բնական է, որ թուրքերը, ներառյալ Ալիեւը, ոչ միայն մերժում, չեն ընդունում այդ մոտեցումը, այլեւ ունեն շատ կոնկրետ խնդիր՝ պանթուրքիստական կոնցեպտը հասցնել ավարտին: Իսկ այդպիսի կոնցեպտի պայմաններում Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չկա, հայ ժողովուրդը իրենց պատկերացմամբ իրենց համար չի կարող գործեն լինել:

Մենք գործ ունենք պետություն ներկայացնող ակնհայտ ագրեսոր կեցվածք ցուցաբերող անձի հետ եւ բնական է, որ այսպիսի պայմաններում ոչ թե պետք է ենթարկվենք նրա կեղծ ժպիտին, պատմությունը խեղաթյուրող հայտարարություններին, ինչպես Ալիեւն արեց Մյունխենում, այլ մեր ճշմարտությունը եւ մեր ժողովրդի դատը մեր համախմբվածությամբ, համահայկական ներուժի համատեղմամբ, պետք է հասցնենք ավարտին: Այստեղ չկա ընդդիմություն եւ դիմություն, չկա սեւ ու սպիտակ, չկա նախկին եւ ներկա: Չափազանց կարեւոր է, որ երկրի իշխանությունն ինքն էլ գիտակցի սրա կարեւորությունը: Ոչ թե պառակտումը դարձնի քաղաքական վարքագծի կանոն, այլ համախմբում ապահովի: Ցանկացած երեւույթում, եթե ամբողջը միասնական է, հնարավոր չի այդ ամբողջը հեշտությամբ ոչնչացնել: Չափազանց կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները բոլոր մակարդակներում գիտակցեն այս կարեւոր առաքելությունն իրենց համար: Համահայկական ներուժի համախմբումը եւ մեր ազգային նպատակների իրականացումը վեր է ամեն ինչից՝ քաղաքական մեծամասնություն ունենալուց, որեւէ պաշտոնից, նույնիսկ՝ վարչապետի աթոռից»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829