Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարծում է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է» և երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նրա՝ արգելել է, որովհետև նման արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: Այս և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր ունենք, ի՞նչ պետք է անի ԶՈւ-ն՝ դրանք կանխարգելելու համար:
-ԶՈւ ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել: Եվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդները, թնշանամիներն են հրճվում: Պարզապես բանակի ղեկավարությունը մի պահ պետք է կանգ առնի, ամեն ինչ մի կողմ թողնի և հասկանա իրականությունը:
– Որակյալ սպայակազմի, հրամկազմի, զինվորների միջև միջանձնային հարաբերությունների խնդիր չկա՞:
Կարդացեք նաև
-Միշտ միջանձնային հարաբերությունների ուղղությամբ համապատասխան աշխատանք տանելու դաշտ ունենք. հրամանատարները, նրանց անձնակազմի գծով տեղակալները միշտ աշխատանքի տեղ ունեն: Իհարկե, տարիներ ի վեր մենք ասել ենք, որ բանակը հասարակության հայելին է, սակայն իմ ղեկավարության ժամանակ ես երկու կաղապարված արտահայտություն արգելել եմ ասել, առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է», երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ էդպիսի դեպքեր լինում են»: Ասել եմ նրա համար, որ այդպիսի արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում:
Մոտ 10 տարի առաջ մենք վերլուծել ենք սպանությունների, ինքնասպանությունների վիճակագրությունը՝ համեմատության առումով յուրաքանչյուր հարյուր հազար զինվոր թվաքանակի հարաբերակցությամբ, և մեր մոտ իրավիճակն ավելի լավ է եղել, քան ամերիկյան, ռուսական, թուրքական, գերմանական և նույնիսկ իսրայելական բանակում: Բայց քանի որ մեր բանակն ազգային բանակ է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հասցնենք նվազագույնի: Նվազագույնի կարող ենք հասցնել հասարակության ու բանակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, բայց քանի որ բանակը կանոնադրության ուղղահայաց աստիճանական ենթարկվածության կազմակերպված կառույց է, այնտեղ աշխատանքը պետք է ավելի խիստ հիմքերի վրա դրված լինի:
Միշտ էլ լինում են սև գոտիներ, դրա համար այսօր պետք չէ չափից ավելի շահարկել. ովքեր չափից ավելի մտահոգված են, պետք է առանձին բանակի ղեկավարության հետ քննարկեն առկա խնդիրները: Բանակն ունի աշխատանքի համար համապատասխան ծրագրեր, պարզապես դրանք ինչ-որ մի տեղ կտրվում են, աշխատանքի ավանդույթները և այդ ծրագրերի կատարման շարունակականությունը ինչ-որ տեղ կտրվում է և սա այն պատաճառով, որ հրամանատարների փոփոխություններ են լինում, նոր կադրեր են բերվում: Այս պահին պետք է կանգ առնեն և նորից ունեցած ծրագրերին համապատասխան 0-ից աշխատանք տանեն:
Պետք է նաև նշեմ, որ ժամանակին մի շարք ծրագրեր արվել են, ես նաև իմ ուղերձներում նշել եմ, թե ինչ աշխատանք պիտի տարվի ԶՈՒ հրամանատարության կողմից իրենց ենթակաների հետ: Տարբեր ուղերձներ եմ գրել՝ «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր», «Մարտական ոգու և զգոնության ամրապնդման» մեդական ցուցումներ, 2011 թ-ին մենք արտակարգ դեպքերի կանխարգելման խիստ միջոցառումներ ենք ձեռնարկել և ԶՈւ-ում միջանձնային հարաբերություները դրել ճիշտ ուղղության վրա:
2014 թ-ին մենք հայտարարել էինք «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է, միասնական պայքար արատավոր երևույթների դեմ»: Այսօր խոսում են քրեական ենթամշակույթից. 2014 թ.-ին բանակի ղեկավարության և այնպիսի կազմակերպված կառուցների, ինչպիսիք են դպրոցները, բուհերը, ՀԿ-ները, իրավապահ մարմինները, նույնիսկ համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանք է տարվել արատավոր, քրեական ենթամշակույթ պարունակող երևույթները վերացնելու նպատակով, որպեսզի բանակը վերջնական զտող կառույցը լինի և թույլ չտանք այդ ամենը ներթափանցի զինված ուժեր: Այդ ամենը վերածվել էր հայրենիքի պաշտպանի՝ զինվորի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի մեծ ուրվագծի:
Ասեմ նաև, որ 2013 թ․-ին ներդրվել է «Ազգ-բանակ» գաղափարը: Այդ ուրվագծի մեջ մենք նշել էինք, թե ինչպիսին պետք է լինի նախազորակոչային տարիքում ՀՀ քաղաքացին, պատանին և բանակում, ըստ փուլերի, ինչպիսի աշխատանք պիտի տարվի՝ զուգորդված ուսուցման և դաստիարակչական աշխատանքների հետ:
Այդ ամենն արվել է ոչ թե աշխատանքները հասարակության վրա գցելու, այլ հասարակության հետ մեկտեղ բանակի հրամանատարական կազմի պատասխանատվության աստիճանը բարձացնելու համար:
Աշխատանքի մեծ փաթեթ կա. բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել, բայց շատ դեպքերում նաև թողնել, որ ինքնուրույն աշխատեն, չափից ավել բանակի գործերին միջամտելը կխանգարի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում