Ձմռան այս ամիսներին վիտամինների պակասը լրացնելու համար պատրաստեք այս գեղեցիկ եւ շատ համեղ նախուտեստը եւ մատուցեք ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին:
Անհրաժեշտ մթերքները
Շերտավոր խմոր- 500 գրամ
Ձվի դեղնուց- 1 հատ
Կարդացեք նաև
Գլուխ սոխ-1 հատ
Պրաս (лук порей)- 1 հատ
Սխտոր-3 պճեղ
Գազար-1 հատ
Թարմ կարմիր պղպեղ-1 հատ
Բրոկոլի-1 փոքրիկ գլուխ
Դդմիկ-1 հատ
Ֆենխել-1 հատ
Բուսական յուղ-4-5 ճաշի գդալ
Թթվասեր-3 ճաշի գդալ
Ինչպես նաեւ՝ հավի կրծքամիս (հավով կարկանդակների համար)- 2 կտոր
Համեմունքներ- ըստ ճաշակի (աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ, չորացրած կանաչիներ, հավի համար նաեւ՝ խմելի սունելի կամ քարրի)
Թարմ կանաչիներ- 10 ճյուղ
Պատրաստման եղանակը
Բոլոր բանջարեղենները նախապես լավ մաքրել եւ լվանալ: Նախապես ասեմ, որ ամենեւին պարտադիր չէ՝ վերը նշված բոլոր տեսակի բանջարեղեններից ավելացնել, կարեւորը հիմնական մի քանի տեսակն են՝ սոխը, սխտորը, գազարն ու բրոկոլին, մնացածը՝ ըստ պատեհության:
Սկզբում կտրատել սոխը, պրասասոխը եւ սխտորը: Զգուշացնեմ, որ հատկապես պրասը պետք է շատ մանրամասն լվանալ, բոլոր տերեւներն իրարից առանձնացրեք, նոր լվացեք:
Թավան տաքացնել, լցնել բուսական յուղը: Ապա ավելացնել կտրատած սոխ-սխտորը:
1-2 րոպե տապակվելուց հետո ավելացրեք կտրատած գազարը, պղպեղը, ֆենխելը, բրոկոլիի ցողունները:
Եվս 1-2 րոպեից ավելացրեք կտրատած դդմիկն ու բրոկոլիի ծաղիկները: Պարբերաբար խառնեք բանջարեղենը, որ հավասարաչափ տապակվի:
Ավելացրեք աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ, ձեր նախընտրած չորացրած կանաչիները: Մոտ 5-6 րոպե տապակվելուց հետո ավելացրեք թթվասերը, լավ խառնեք, անջատեք կրակը, ավելացրեք կտրատած թարմ կանաչիները եւ թողեք սառչի:
Եթե պատրաստում եք նաեւ հավով տարբերակը, ապա առանձին թավայում քիչ բուսայուղով տապակեք հավի կրծքամսի նախապես համեմված մանր կտորները (կարող եք համեմել աղ-պղպեղ-խմելի սունելի-սխտորի փոշի խառնուրդով): Պարբերաբար խառնեք, որ բոլոր կողմերից լավ տապակվի: Դա կտեւի մոտավորապես 10-15 րոպե:
Տապակված հավի վրա նույնպես կտրատեք թարմ կանաչիներ:
Տապակած բանջարեղենի մի մասն ավելացրեք հավին, իսկ մնացածը թողեք որպես բուսական ուտեստ:
Մինչ բանջարեղենի խառնուրդը հովանում է, պատրաստեք խմորը:
Ջեռոցը տաքացրեք 210-220 աստիճան: Շերտավոր խմորը կտրատեք ձեր նախընտրած ձեւով, օրինակ՝ շրջանաձեւ: Վրան քսեք ձվի դեղնուց: Կարող եք վրան քունջութ ցանել: Դրեք ջեռոցը, թող եփվի: Հենց լավ բարձրանա եւ կարմրի, անջատեք:
Հանեք ջեռոցից, թողեք հովանա: Մեջտեղից կիսեք, լցոնը լցրեք եւ ծածկեք «կափարիչով» եւ անմիջապես մատուցեք:
Աշխատեք պատրաստել ճիշտ այնքան կարկանդակներ, որքան մատուցելու եք: Ավելի լավ է պատրաստի խմորն ու միջուկը առանձին-առանձին պահեք, երբ պետք լինի՝ նոր լցոնեք ու մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ