Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը, ինչպես միշտ, տևեց մի քանի ժամ։ Օրակարգի հարցերից մեկը ՇՊՀ տարեկան բյուջեի քննարկումն ու հաստատումն էր։ Երբ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը ներկայացրեց բյուջեն՝ նախատեսված եկամուտներն ու ծախսերը, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ Աիդա Գարեգինյանը, որը բուհի աշխատակից է, հետաքրքրվեց՝ դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրագործվում են բուհում, արդյոք հնարավորություն չեն տալի՞ս ավելացնելու աշխատավարձը։
Ի պատասխան՝ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն ասաց, որ ուսանողների վարձավճարների չափն այս բուհում երևի թե ամենացածրն է Հայաստանի Հանրապետությունում։ «Աշխատավարձն էլ ամենացածրն է»,-նկատեց Աիդա Գարեգինյանը։
«Տիկին Գարեգինյան, ես չեմ ասում բարձր է, համաձայն եմ, որ ցածր է, բայց այս պահին, ցավոք սրտի, այդ հնարավորությունը չունենք բարձրացնելու»,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ պարզաբանեց, որ համալսարանում դրամաշնորհային ծրագրերին դիմում են տարբեր խմբեր, ծրագրերն ունեն իրենց բյուջեները, որոնց մի մասը հնարավոր է ուղղվեն աշխատավարձի հատկացնելուն, մյուս մասը՝ տեխնիկայի ձեռք բերելուն։
Կարդացեք նաև
Խոսք ընկավ բուհում վճարովի ծառայություններ բացելու մասին, որոնցով հնարավոր կլինի հոգալ բուհի ծախսերը, բարձրացնել աշխատավարձը։
Աիդա Գարեգինյանն ասաց․ «Բուֆետը եկամուտ չի բերում, ինչի՞ մասին է խոսքը»։ Նա նաև առաջարկեց վարձակալությամբ տալ դահլիճը, որին ի պատասխան՝ ռեկտորի ժ/պ-ն նշեց, որ դահլիճը վարձակալությամբ տալու դեպքում գումարը կգնա պետությանը, այդպես է նախատեսված օրենքով։
Լևոն Բարսեղյանը ֆինանսիստներին ու իրավաբաններին խնդրեց նախարարության հետ ճշտել՝ մինչ օրենսդրական փոփոխություններ լինելը, ի՞նչ մեխանիզմներ կան համալսարանի տարածքը, գույքը, շինությունները վարձակալությամբ տալու, լրացուցիչ եկամուտ ստանալու, որի արդյունքում էլ լ հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձի ֆոնդը։
«Աշխատավարձի ֆոնդը՝ պարգևավճարներով, բյուջեի մոտավորապես 80 տոկոսն է, ինչն ահագին մեծ կշիռ ունի իր մեջ։ Եվ ընդհանրապես չի խանգարում, որ դուք՝ հոգաբարձուներդ և մյուս շահագրգիռ մարդիկ, բյուջեի կառուցվածքը խորքային ուսումնասիրության ենթարկեք տող առ տող, դրամ առ դրամ, նայեք՝ որտեղ է, որ գերածախս կա, հնարավոր լինի այդ գումարը հանել, վերաբաշխել ինչ-որ մի ուղղությամբ, թեկուզ պարգևավճարների»,- առաջարկեց Լևոն Բարսեղյանը։
Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ Սեյրան Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ եթե կան օրենսդրական խանգարող հանգամանքներ, այդ ուղղությամբ պետք է աշխատել, և օրինակ՝ բուհի դահլիճը վարձակալությամբ տրամադրել տարբեր համաժողովների համար։ Ըստ հոգաբարձուների խորհրդի անդամի, չպետք է անընդհատ ասել՝ մենք իրավունք չունեն տալ վարձակալությամբ։
Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ, ընդհակառակը, պիտի նախարարությանը դիմակայել, բացատրել, որ հիմնանորոգած դահլիճը լիարժեք իրավունք ունեն վարձակալությամբ տալու։
«Օրենքի նոր նախագծով այդ արգելքը հանում են և հիմնադրամներին անհատույց տրված գույքը թույլատրվում է տալ վարձակալությամբ՝ առանց պետբյուջե փոխանցում կատարելու»,- ասաց ռեկտորի ժ/պ-ն։ Սեյրան Մարտիրոսյանը, սակայն, նշեց, որ հարկավոր է պատրաստ լինել մինչև այդ փոփոխությունները։ Ըստ նրա, ամեն ինչ պիտի անել , որ մեկ միլիարդանոց բյուջեն դառնա երկու միլիարդ։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց․ «Պարոն Սերոբյան, ձեր դիրքորոշումը պարզ է, մենք ջանքերն ենք ներդնում, որ այդ դիրքորոշումը փոխվի, իմ նկատելով՝ չի ստացվում, բայց անհնար է կատարել անհնարինը, սա թողնենք, մնում է վերջին տարբերակը՝ բուհը դարձնել գրավիչ, հրապուրիչ, որպեսզի ուսանողների թիվն աճի, վարձավճարները շատանան, բյուջեից հատկացումներն ավելանան։
Ես էլ եմ առաջարկներ արել, թույլ տվեք դրանք համարել մանր-մունր առաջարկներ, այս մեկը գլխավորն է, բուհը դարձնել հմայիչ, հրապուրիչ, դարձնել գրավիչ կենտրոն տարածաշրջանային, որ չուզեն այստեղից գնալ ուրիշ տեղ, ասեն՝ այ մարդ, Շիրակի պետական համալսարան կա, այդ ո՞ւր եք գնում պետական համալսարան Երևանի, ո՞ւր եք գնում Վանաձոր, եկեք, այստեղ սովորեք։ Մարդիկ էլ վազելով ելնեն, գան, նոր մասնաճյուղեր սարքեք, մեծանա և այլն։
Այդ ուղղությամբ ՝գիտականության և կրթության ուղղությամբ աշխատեք։ Լավ, վարձավճարը լավ միտք չէ, բիզնեսներ հիմնելն անհաջող միտք է, չի ստացվում, պետությունը սաղ եկած փողը տանում է իր տակը, դեռ օրենքի նախագիծը չկա փոխած։ Գիտխորհուրդը թող նստի, բուհի կրթության և գիտության որակը աճեցնելու վրա աշխատի, որպեսզի դիմորդների թիվը մյուս տարի ավելանա 20 տոկոսով, էն մյուս տարի 25, 30 տոկոսով»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ Նաշիկ Հարությունյանը, որը բուհի երկար տարիների աշխատակից է, նեղվեց․ «Դրա համար, պարոն Բարսեղյան, էդ սուտ ու սխալ յառլիկները պետք չէ կախել հեռուստատեսությամբ․․․ Կոռումպացվա՞ծ է այս հիմնարկը, որ ելույթներ են ունենում։ Վարչապետի ասածը համակարգային կոռուպցիայի մասին է, կարող է լինել մեկ կամ երկու դեպք, Ամերիկայում էլ կա այդպիսի բան, բայց համակարգային կոռուպցիան 100 տոկոսով վերացել է, ո՞նց կարելի է «Առաջին ալիք»-ով նման բան տալ»։
Լևոն Բարսեղյանը նշեց, որ կա երկու կարգավորում․ եթե բուհը համաձայն չէ, թող քաջալերեն Երվանդ Սերոբյանին դատի տալու, հայցեր ներկայացնեն հերքման պահանջով։
«Էդպես չի կարելի»,- շարունակեց հոգաբարձուների խորհրդի անդամը։
«Բա ինչ անե՞նք, մարդկանց շարենք, պատերի տակ գնդակահարե՞նք, ասենք չխոսե՞ք»,- հարցրեց Լևոն Բարսեղյանը։
«Հետո ի՞նչ, որ ազատություն են տվել»,-շարունակեց Նաշիկ Հարությունյանը։
«Դուք ուզո՞ւմ եք ուրիշների ազատությունները կարգավորել, չի ստացվի, պիտի խոսեն, իմ մասին էլ պիտի խոսեն», – ասաց Լևոն Բարսեղյանը։ Նա ասաց, որ օրինակ իր դեմ ինչ բողոք եղել է, ինքը ուղարկել է քննչական ուսումնասիրելու, ուսումնասիրվել է ու պարզվել, որ ասենք տվյալ մարդը զրպարտիչ է։
«Եթե որևէ մեկը՝ գիտխորհուրդը, ռեկտորը կհամարեն, որ իրենց հանիրավի անվանարկել են, զրպարտել են, վիրավորել են, դրա համար կա իրավական ճանապարհ։ Լավ, իրավականը չեք ուզում, կա հրապարակային պատասխանի ճանապարհը, հայտարարություն ընդունեք, տարածեք, ասեք վարկաբեկում են»,- խորհուրդ տվեց Լևոն Բարսեղյանը։
Հոգաբարձուների խորհրդի անդամը, սակայն, նեղվելով շարունակեց․«Մենք ասում ենք շատ դիմորդներ գան, մյուս կողմից էլ այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս, էլ ո՞վ կգա այստեղ»։
Լևոն Բարսեղյանը խոստացավ անձամբ ուղարկել քաղվածքը դատախազություն՝ ուսումնասիրության։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ