Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչների արձագանքը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած պանելային քննարկման վերաբերյալ

Փետրվար 15,2020 23:32

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած՝ Արցախի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանն արձագանքել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկա եւ նախկին նախագահները, ՀՀ նախագահի խորհրդականը։

Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու անվտանգության մասին, Ալիևը՝ տարածքների։ Կարծում եմ՝ Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։

Ինձ հատկապես դուր եկավ վարչապետ Փաշինյանի հետևյալ միտքը, որ եթե ըստ Ալիևի հակամարտությունը ունի ռազմական լուծում, ապա արցախցիները դրան ի պատասխան իրավացիորեն և վստահաբար կարող են ասել, որ հակամարտությունն իրենք արդեն լուծել են։

Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ

 ՀՀ ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2918912001464241

Բոլորս գամվել էինք էկրաններին ու անկախ ներքաղաքական հայացքներից՝ շունչներս պահած երկրպագում էինք Հայաստանը ներկայացնող մարդուն։

Ֆիքսե՜ք։ Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում։
Մնում էր վերջում մի հատ էլ sms քվեարկություն դնեիք…

Մնացածը, ելնելով իմ պետականասեր ու ազգային աշխարհայացքից, հիմա չեմ բարձրաձայնի։ Ես ավելի շատ սիրում եմ երկիրս, քան չեմ սիրում Նիկոլին։

Մի բան կասեմ վերջում։ Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

 ՀՀ ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220637831793860

Մեկ անգամ կրկին մի քանի դիտարկում Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ.

1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:

2. Տարբեր երկրների նախագահներ, վարչապետեր, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ իշինգերների, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:

3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:

4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:

5. Իմ ասած Դուխով։

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10159495845768378

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829