Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կխոսի ԼՂ-ի հետ՝ պայմանով». Ալիեւի պայմանը Փաշինյանին եւ վերջինիս արձագանքը

Փետրվար 15,2020 23:05

Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ այսօր ներկաներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչու Հայաստանը եւ Ադրբեջանն Արցախի հարցով չեն դիմում Արդարադատության միջազգային դատարանին: Ադրբեջանի նախագահը պատասխանեց. «Ադրբեջանը բանակցային գործընթացին հավատարիմ է: Հույսը չենք կորցրել, որ բանակցելով կկարողանանք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը: Քանի դեռ այս հույսն ունենք, դա լավագույն ընտրությունը չի լինի»: Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ կրկնել էր «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է» թեզը, ինչին պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:

Ալիեւը շարունակեց. «Բայց եթե հայկական կողմի նոր մոտեցման պատճառով բանակցությունը խաթարվի, ապա այդ տարբերակը կարելի է դիտարկել»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հայկական կողմն էլ է հավատարիմ բանակցային գործընթացին՝ խաղաղության գործընթացին. «Կարծում եմ՝ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում: Մենք պատրաստ ենք իրական ջանք գործադրել՝ փոփոխության հասնելու եւ Արցախյան հակամարտության լուծման հասնելու համար»:

Փաշինյանն այնուհետեւ նշեց, որ բանակցային գործընթացում միկրոհեղափոխություններ է արել. «Հնարավոր չէ հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով, ուստի մեզ միկրոհեղափոխություններ են պետք: Ես ասել եմ, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի ժողովրդի համար: Սա միկրո-հեղափոխություն է, քանի որ ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, որն ասել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մյուս միկրո-հեղափոխությունն այն է, որ ես հայերին եւ ադրբեջանցիներին կոչ եմ արել սոցիալական հարթակն օգտագործել ոչ թե իրար վիրավորելու, այլ իրար ավելի լավ հասկանալու համար»:

Փաշինյանը շեշտեց՝ ինքն այս կերպ խոսք է հղել Ադրբեջանի ժողովրդին եւ դեմ չի լինի, եթե Ալիեւն էլ խոսք հղի հայ ժողովրդին. «Եթե պարոն Ալիեւը հրաժարվում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ, դա շատ տարօրինակ է: Ինչպե՞ս է հնարավոր առանց նրանց հետ խոսելու լուծել հակամարտությունը: ԼՂ-ն հակամարտության եւ բանակցությունների կողմ է ճանաչված ԵԱՀԿ կողմից»:

Միկրոհեղափոխությունների եւ նշյալ առաջարկների վերաբերյալ Իլհամ Ալիեւն այսպիսի կարծիք հայտնեց. «Երբ Փաշինյանն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, ասեմ՝ Ադրբեջանի ժողովուրդը, որը տուժել է հայկական ագրեսիայից, ուզում է վերադառնալ իր տները: Նրանք զրկված են այդ հիմնարար իրավունքից: Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի բանակի ավելի քան 80%-ը ՀՀ քաղաքացիներ են, ուստի չկա ԼՂ բանակ: Կան միայն հակամարտության երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը: ԼՂ-ն կողմ չէ, մենք նրա հետ չենք խոսում, մենք ագրեսորի հետ ենք խոսում»:

Ապա Ալիեւը հայտարարեց՝ պատրաստ են ԼՂ-ի հետ խոսել, բայց պայմանով, որ Հայաստանը դադարեցնի ֆինանսավորել այդ, իր խոսքով, ապօրինի սուբյեկտին. «Երբ ՀՀ-ն իր ողջ զորքը հետ քաշի ԼՂ-ից, երբ ամբողջությամբ դուրս գա մեր տարածքներից, այդ ժամանակ կունենանք փաստարկներ՝ այդ մարդկանց հետ խոսելու: Եթե կարծում են, որ հավերժ օկուպացված են պահելու այդ տարածքները, այդպես չէ»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Տարածքների մասին Ալիեւը խոսում է Ադրբեջանի տեսակետից: Նրա տեսակետից՝ դրանք տարածքներ են, իսկ Ղարաբաղի տեսակետից՝ դա անվտանգություն է: Հնարավոր չէ անվտանգությունը զիջել: Ալիեւը խոսեց ԼՂ-ի զինված ուժերի մասին: Իմ որդին ԼՂ-ում է ծառայում որպես կամավոր: Գնաց՝ պաշտպանելու իր հայրենակիցներին, որովհետեւ նա գիտի պատմությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829