«Երեսուն տարի է, ինչ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները նույն բանն են կրկնում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է: Մենք ամեն անգամ նույնն ենք կրկնում: Մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը «հոգնած» կլինի նույն բանը լսելուց: Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել»,-Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկնել էր «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է» թեզը, ինչին պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ես թավշյա հեղափոխության միջոցով դարձա վարչապետ, հասկացա, որ հնարավոր չէ երեսուն տարի տեւած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլերով: Մտածեցի, որ խնդիրը լուծելու համար պետք է ունենալ հեղափոխություններ, ուստի սկսեցի միկրոհեղափոխությունների գործընթացը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Թե Արցախի հարցում ինչ է ակնկալում Փաշինյանը միջազգային հանրությունից, նա ընդգծեց. «Ակնկալում եմ, որ ասի՝ Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկն այլ կերպ է մտածում եւ ասում, որ կա ռազմական լուծում, կարծում եմ՝ Արցախի ժողովուրդն այդ պարագայում կպատասխանի, որ հակամարտությունն արդեն լուծված է: Ես, սակայն, կարծում եմ, որ մեզ պետք է հարատեւելի խաղաղություն: ՀՀ-ն Արցախը չի ներկայացնում բանակցային գործընթացում, բայց ՀՀ-ն եւ Արցախը պատրաստ ենք ջանքեր գործադրելու՝ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման համար: Սա ոչ միայն իմ պատասխանատվությունն է իմ երկրի համար, այլեւ տարածաշրջանի: Ալիեւին առաջարկում եմ սա ընկալել որպես երկուստեք անելիք»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ, խոսելով միջազգային հանրության հնարավոր դերակատարումից, նախ պնդեց, որ իր ավելի վաղ արտահայտած մոտեցումները 100%-ոց ճշմարտություն են եւ կոչ արեց համացանցից փնտրել համապատասխան փաստաթղթերը. «ՀՀ-ում, դժբախտաբար, արդարացում գտնելու փորձ է արվում նրան, ինչ արել են Խոջալուում: Մութալիբովը քանիցս ասել է, որ ինքը չի ասել, թե Խոջալուն կազմակերպել են ադրբեջանցիները»:
Դառնալով միջազգային հանրությունից ունեցած ակնկալիքներին՝ Ալիեւը հետեւյալ ուղերձը հղեց. «Նրանք պետք է Հայաստանին բացատրեն, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, որ այն անկախ երկիր չէ: Երկրորդ, ավելի մեծ ճնշում պետք է լինի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս կատարի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ