Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա:
Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն, ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ:
Ակնհայտ է, որ իշխանությունը, այս հանրաքվեն իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն, շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա պատասխանատվությունից խուսափելու համար:
Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում:
Կարդացեք նաև
Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար: Ավելին, այս հանրաքվեն մեր համոզմամբ հանդիսանալու է մեր հայրենակիցների միջև էլ ավելի խորը պառակտման պատճառ: Այն շեղելու է մեր ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից և իշխանության ձախողումներից թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտներում:
Ռեֆորմիստների կուսակցությունը, չցանկանալով մասնակից դառնալ օրվա իշխանության և նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը, հայտարարում է հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չմասնակցելու մասին որոշումը:
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ