Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Մյունխենում Փաշինյանը պատասխանեց Ալիեւի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է» թեզին

Փետրվար 15,2020 22:01

Իլհամ Ալիեւը միջազգային հարթակում հերթական անգամ շրջանառել է Արցախյան հակամարտության կարգավորման ադրբեջանամետ թեզերը՝ հայկական կողմի հասցեին հղելով ավանդական «մեղադրանքները»: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա պատմական ճշմարտություն է, եւ դրա հիմքում միջազգային իրավունքի նորմերն են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է ողջ աշխարհը, ԼՂ-ն մեր երկրի անբաժան մասն է»,-Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ մասնավորապես այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանն 90-ականներին իբրեւ թե ագրեսիա է ձեռնարկել Ադրբեջանի հանրապետության դեմ. «Մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է, մեկ միլիոն ադրբեջանցի փախստական է, մեր ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց: Տեղի ունեցավ Խոջալուի ցեղասպանությունը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիւեի խոսքերին նախ արձագանքեց հորդորով՝ պատմությունից այդքան հեռու չգնալ: «Երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի նվաճող Պոմպեոսի հետ, Հարավային կովկասում չկար որեւէ պետություն, որն անվանվել է Ադրբեջան: Ուստի խորհուրդ կտամ շատ հեռուն չգնալ: Ես կարող եմ գնալ ավելի հեռուն, բայց այդպես չեմ վարվի, որովհետեւ դա ճիշտ մոտեցում չէ»,-նկատեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ շեշտեց, որ Ալիեւի հետ համաձայն չէ, հիշեցրեց, որ անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեւէ չի եղել. «Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմ՝ միայն ԽՍՀՄ ձեւավորման գործընթացում: Երբ խոսում ենք տարածքային ամբողջականությունից, պետք է հասկանանք, թե որ երկրի տարածքային ամբողջականությունից ենք խոսում»:

Փաշինյանի խոսքով՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից, նույն կերպ էլ Արցախն է անկախացել ԽՍՀՄ-ից եւ խորհրդային Ադրբեջանից. «Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովն իր հարցազրույցում ասել է, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել է ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով, ինչը եւ տեղի ունեցավ, Մութալիբովը հեռացվեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829