Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ երդվեց՝ իր տղան երբեք այդ դառնությունը չի զգա․․․ ու հանուն իր առաջնեկի՝ ամեն ինչ կանի, որ էլ բանտ չվերադառնա…

Փետրվար 15,2020 20:03

Սերը Աստծո տված պարգեւ է։ Սիրո կարիք ունեն հատկապես նեղյալները, մանավանդ երբ անազատության մեջ են։ Բոլորի թիրախում ու օրակարգում դու ես՝ քո կատարած հանցանքով, բայց քչերն են ի վիճակի լինում հասկանալու քո հոգեվիճակը, քչերն են, որ կարողանում են իրենց սերն ու գորովանքը փոխանցել քեզ։ Ի սեր Աստծո, բանտում գտնվողներս էլ զգացմունք ունեք, իրավունք ունենք սիրելու եւ սիրվելու, նշանադրելու եւ ամուսնանալու։ Կալանավայրում էլ Սուրբ Սարգսի տոնի առիթով հարազատներդ աղի բլիթ են բերում՝ հույս ունենալով, որ երազում ջուր տվող աղջիկը գուցե կփոխի իրենց անազատ տղայի կենսակերպը… Իսկ եթե աղի բլիթ բերող չունես, պարզապես թխվածքաբլիթի կամ վաֆլիի վրա աղ ես ցանում եւ քնում։ Առավոտյան վերարտադրում ես երազումդ ջիգյարդ հովացրած ու ծարավդ հագեցրած աղջկա պատկերը, քրքրում հիշողության դարակներդ ու հիշելով հեռախոսահամարը՝ զանգում նրան…

Աշոտը այդ օրը աղի բլիթ չէր ճաշակել, բայց սիրո ու գորովանքի ծարավ ուներ։ Պառկած ծխում էր ու հիշում մորը, որը տարին մեկ անգամ՝ ծննդյան օրն էր տեսակցության գալիս ու արդեն որերորդ անգամ համոզում իր միակ որդուն, որ նա սիրո պտուղ է։ Աշոտը փորձում էր հավատալ մորը, բայց չէր կարողանում հասկանալ, թե ինչու հոր ու մոր սերը այդքան կարճ տեւեց։ Հայրը նրանց լքել էր մինչեւ Աշոտի լույս աշխարհ գալը։

Մորը թողնելուց հետո հայրն ուրիշի էր սիրել, ամուսնացել ու երեխաներ ունեցել։ «Երեւի երջանիկ է, բայց ինձ դժբախտացրեց, հայրական մի խոժոռ հայացք կամ ապտակ գուցե փրկե՞ր ինձ ու չգողանայի։ Հերս գողացավ իմ բաժին սերն ու երջանկությունը»,-կալանավորի իր մահճակալին պառկած մտորում էր Աշոտը։ Ծխախոտը մեկը մյուսի հետեւից էր վառում ու մտքերը հանգիստ չէին տալիս նրան։ Նա էլ էր ուզում մարդավարի հագնվել, խրախճանքների գնալ, սիրած աղջկան ծաղիկ նվիրել, ինչի համար էլ գողություն արեց։ Մեկ, երկու, երեք ու հայտնվեց ճաղավանդակներից ներս՝ կտրվելով ամեն ինչից։

Մտքերից հանկարծակի սթափվեց՝ լսելով հսկիչի ձայնը՝ պատրաստվի՛ր տեսակցության։ Չէ՛, հաստատ ծննդյան օրը չի, որ մայրը գար տեսակցության, ուրեմն սխալմունք է։ Բայց ասացին, որ նրան տեսակցության է եկել Աննա Բոյաջյանը, եթե հրաժարվում է՝ թող դիմում գրի, եթե ոչ՝ ապա ստորագրի համաձայնագիրը։ Անմիջապես սթափվեց՝ Աննա՞ն, իր առաջին ու միակ սիրած աղջի՞կը… Դեռ տեսակցության սենյակ չհասած՝ հեռվից նկատելով աղջկան, բարձրաձայն հեկեկալով հասավ Աննային, գրկեց ու խելագարի պես սկսեց համբուրել նրա սեւ երկար մազերը։

Իր Աննան, որին համարձակվեց սեր խոստովանել դպրոցական ավարտական միջոցառմանը, իր Աննան, որին թանկարժեք նվերներ էր տվել գողացված գումարներից՝ սիրած աղջկան ստելով, թե մոր աշխատավարձով է գնել։ Վերջապես ուշքի եկավ ու հարցրեց՝ ինչո՞ւ ես եկել։ Աննայի պատասխանը կարճ էր՝ սիրում եմ քեզ։ Աննայի ու Աշոտի սերը նորից վերածնվեց, բայց սիրած տղան կալանավայրում դեռ 3 տարի պիտի մնար։ Աննայի ծնողները դստեր քայլը չողջունեցին, սակայն չկարողացան էլ արգելել աղջկան։ Աննան ու Աշոտը ամուսնացան կալանավայրում։ Հայկական ծիսակարգով՝ քահանա, քավոր…

Երիցս «Տեր եմ», «Հնազանդ եմ» հնչելուց հետո՝ քահանայի թավ ձայնը. «Աստծո եւ մարդկանց առաջ, ինձ տրված իշխանությամբ հայտարարում եմ Ձեզ այր ու կին։ Եվ այն ինչ միացրեց Աստված, մարդը թող չփորձի բաժանել»։ Շամպայն, տոնական տորթ ու 7 օր երկարատեւ տեսակցություն՝ 3 օրվա փոխարեն։ Սա էլ բանտապետի նվերն էր նորապսակներին։ Հետո տարոսիկներ կալանավայրի իր չամուսնացած բախտակիցներին ու հարսանեկան «գրեֆ» բոլորին։ 7 օրյա մեղրամիսն ավարտվեց ու Աննան գնաց։ «Ոչինչ, որ այսպես ստացվեց, սա էր իմ ճակատագիրը, Աստծո տված փորձությունը»,- մտածում էր Աշոտը՝ ստիպված հաշտվելով այն իրողության հետ, որ կնոջը կարող է տեսակցել օրենքով սահմանված կարգով՝ ամսական մեկ անգամ կարճատեւ ու երկու ամիսը մեկ՝ եռօրյա երկարատեւ տեսակցություն։

Սերը փոխել էր Աշոտին։ Բոլորը նկատել էին, որ առաջվա Աշոտը չէ՝ խաղամոլ ու ագրեսիվ։ Ամուսնանալուց հետո արդեն մեկուկես տարի էր անցել ու այդքան ժամանակ «ղումար» չէր խաղացել, մտածում էր Աննայի ու լույս աշխարհ եկող իր առաջնեկի մասին, որի ծնվելուն հաշված օրեր էին մնացել։ Կալանավայրի ընկերները համոզում էին գոնե մի երկու «թայլա» խաղա․ կկրի՝ տուն կուղարկի, «հո չենք ասում մեր համար ծախսի, ախպեր ջան»: Մի պահ սատանան կարծես գայթակղեց, բայց հիշեց Աննայի սերը, որ ամեն ինչ թողած Ռուսաստանից հասավ Հայաստան։ Ու աչքը նորից կպավ հավատքի իր անկյունին, որտեղ Աստվածաշունչն էր, Սուրբ Նարեկը, Աղոթագիրքը եւ պատին փակցված Ավետարանից մեջբերում, որ Աննան էր բերել։

«Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավությունների վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա՝ ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես լույս է տածում, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի անհետանում։ Հավատք, լույս, սեր. այս երեքը եւ սրանցից մեծը ՍԵՐն է»:

Կարդաց մի քանի անգամ, մտածեց՝ արդյո՞ք Աննան այս անգամ էլ կների իրեն, եթե խաղա՝ ընկերների մոտ այլ տպավորություն չթողնելու համար։ Համբերող, դիմացող, լույս ճառագող Աննան ի՞նչ կմտածի։ Չէ՛, չի կարող խաղադրույք դնել իրենց մեծ Սերը, ինչքան էլ գայթակղիչ լինեն խաղն ու փողը։ Իսկ եթե կրվի՞, որտեղից պիտի տա փողերը։ Չտալ՝ չի կարող, քանի որ «տղավարի» չի ու չի կարող թույլ տա, որ հայհոյեն կնոջն ու դեռ չծնված երեխային։ Ուրիշին հաղթելու դեպքում՝ էլի հայհոյանքի ու անեծքի տակ կընկնի։ Մի քանի անգամ համոզվել է, որ «ղումարով կրած» փողը հարամ է, ուրիշի ընտանիքից «կտրում», իրեն ու «օբշակին» են տալիս։ Ո՛չ ու հաստատ ո՛չ՝ Աննայի աչքերը հիշեց, որ հավատով էին լցված ու վերջին անգամ տեսակցությանը ասաց՝ խելոք կմնաս, ես սիրում եմ քեզ, մի մոռացիր։ Այդ մտքերով էլ քնեց, բայց շատ չանցած վեր թռավ։ Անհանգիստ էր։ Սուրճ խմեց, բայց հոգին մի տեսակ տագնապած էր։ Լուսադեմ էր համարյա։ Աղոթեց, Նարեկ կարդաց. «Զվարթ քաղցրությամբ նայիր ինձ վրա երկինքցդ, Տե՜ր, Ինձ, որ նեղված եմ ամենակործան վտանգների մեջ, Եվ հանգստացրո‘ւ սիրտս դյուրապես՝ իր բազմատագնապ հեծություններից»:

Անհանգստությունը չէր անցնում։ Մտքում Աննան էր՝ հո՞ մի բան պատահած չլիներ։ Նորից աղոթեց ու պառկեց։ Ծխելով ու առանց այն էլ փոքրիկ խցում քայլելով խանգարում էր քնած խցակիցներին։ Աչքը հազիվ էր կպել, երբ վեր թռավ Աննայի աղեկտուր գոռոցից։ Երազ էր տեսել։ Ժամացույցին նայեց ՝ առավոտյան 7.30 էր, ու մի տեսակ անհանգստությունը անցավ։ Մտածեց՝ լուսանում է եւ մոտ մեկուկես ժամից կխնդրի պատասխանատուներին թողնել զանգելու։ Զանգեց։ Աննան զանգերին չէր պատասխանում։ Զանգեց ընկերոջը՝ Գագիկին, որպեսզի խնդրի իրենց տուն գնալու։ Չէր հասցրել բարեւել ու միանգամից Գագոն ուրախ ձայնով վրա տվեց. «Աչքդ լույս, ախպերս, տղա ես ունեցել, տղա»: Ուրախությունից գոռաց ու ընկալուչը ձեռից ընկավ։ Նրա ձայնից բոլորը անհանգստացած գոռացին՝ Աշոտ ի՞նչ եղավ։ «Ոչինչ պապա եմ դարձել, պապա… տղա ա», -ասաց Աշոտը։

Ու հանկարծ կարծես սառեցին բառերը։ Մտքով հեռացավ իր մանկությունը, անհայր իր մանկությունը եւ երդվեց՝ իր տղան երբեք այդ դառնությունը չի զգա։ Ու հանուն իր առաջնեկի՝ ամեն ինչ կանի, որ էլ բանտ չվերադառնա… Դեռ մեկուկես տարի կա ազատմանը…

Հ.Գ. Հոդվածի հիմքում իրական պատմություն է, անունները փոխված են։ Ի դեպ, գծանկարն Աշոտինն է, իսկ այն հեղինակի խնդրանքով խմբագրություն է ուղարկել Աննան։

Արմենակ/Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ

ԼՐԱԳՐՈՂ, ԱՅԺՄ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-Ի ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

Դատապարտյալ լրագրողի լուսանկարը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829