Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը գնում է այն ուղիով, որը բխում է Մոսկվայի շահերից. BBC

Փետրվար 15,2020 14:27

Թբիլիսիի նախկին քաղաքապետ և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գիգի Ուգուլավայի ազատազրկումը լարվածության նոր ալիք է բարձրացրել Վրաստանի քաղաքական դաշտում, գրում է BBC-ն:

Իշխանությունները հերքում են ընդդիմադիր գործչի ազատազրկման քաղաքական դրդապատճառները, իսկ ընդդիմությունը և մի շարք փորձագետներ կարծում են, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նման քայլը սպառնալիք է ոչ միայն երկրի հեղինակության, այլ նաև արևմտամետ կուրսի համար:

«Պայքարը շարունակվում է, շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չենք ազատվել ժանտախտից: Բայց ժանտախտից ազատվելը ելք չէ: Կարևոր է, որ մենք քանդենք այս համակարգը, որը հոշոտում է նաև նրանց, ովքեր կանգնած են եղել այդ համակարգի ակունքներում: Այն, ինչ տեսանք այսօր, արդարադատության հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Ուգուլավան դատարանի շենքի առաջ:

Հիշեցնենք, որ Վրաստանի իրավապահ մարմինները կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (շուրջ 17 միլիոն դոլարի) վատնման գործով և դատապարտել 3 տարի երկու ամիս ազատազրկման:

Ուգուլավայի կալանավորմանն անդրադարձել են նաև Վրաստանի արևմտյան գործընկերները: Այժմ երկրի իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձում են եվրոպացի գործընկերներին համոզել, որ ընդդիմադիր գործչի ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ չունի և եվրախորհրդարանականներին առաջարկում են առաքելություն ուղարկել Վրաստան՝ պարզելու գործի մանրամասները: Բայց քաղաքագետների խոսքով՝ ներկայիս իշխանությունների հանդեպ վստահությունը խափանվել է, ինչ կարող է հանգեցնել ոչ միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեկուսացման, այլ նաև Վրաստանի, որը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ:

Ուգուլավայի կալանավորումից հետո ԵՄ-ում հայտարարել են, որ այս դատավճռի շուրջ ստեղծված հանգամանքները չեն նպաստում քաղաքական երկխոսության առաջընթացին և հիշեցրել են արդար դատ ապահովելու և օրենքի գերակայության մասին: ԱՄՆ դեսպանատանն էլ հիասթափված են այն փաստով, որ դատավճռի կոնտեքստը սպառնալիքի տակ է դնում ընդդիմության և իշխանությունների երկխոսության հավանականությունը: Առավել կոշտ քննադատությամբ հանդես են եկել առանձին քաղաքական գործիչներ:  Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում գրել է, որ անթույլատրելի է արդարադատության համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու նպատակով:

«Դատարանները որպես զենք օգտագործելը ժողովրդավարություն չէ»,-այսպես է մեկնաբանել Ուգուլավայի ազատազրկումը հանրապետական կոնգրեսական Ադամ Քիսինգերը: Միջազգային հարաբերությունների հարցերով ԱՄՆ Սենատի կոմիտեի ղեկավար Ջիմ Ռիշն իր հերթին ասել է, որ հիասթափված է  Վրաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներից: «Վրաստանի ԱԳ նախարարին ասել եմ, որ արդարադատության անկախ համակարգի կոլապսը և ընդդիմադիրների հետապնդումներն անընդունելի են»:

Հայտարարությունները, որոնք արվում են Բրյուսելում և Վաշինգտոնում, ապացուցում են, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը, եվրաինտեգրման հեռանկարը սպառնալիքի տակ է՝ կարծում է  միջազգայնագետ Գեորգի Ռուխաձեն:

Նրա խոսքով՝  «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր գնում է այն ուղիով, որը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: «Ռուսաստանը փորձում է ապացուցել, որ Վրաստանը ոչ թե արևմտյան մշակույթի և քաղաքակրթության, ժողովրդավարական աշխարհի մաս է կազմում, այլ սովորական հետխորհրդային պետություն է, որի տեղը Ռուսաստանի կողքին է:  Եվ իշխող կուսակցության այսօրվա ուղղությունը համապատասխանում են Բիձինա Իվանիշվիլիի և Մոսկվայի շահերին»,-ասել է Ռուխաձեն:

Վրաստանի գործող իշխանությունների քայլերը չեն կարող չքննադատվել Արևմուտքի կողմից, բայց միևնույն ժամանակ Իվանիշվիլին, ըստ ամենայնի, չի ցանկանում վերջնականապես վիճել Արևմուտքի հետ, ինչի վկայությունն իշխող թիմի անդամների գործուղումներն են ԱՄՆ և Եվրոպա՝ կարծում է քաղաքագետ Գիա Նոդիան: «Բայց առաջնայինը ընտրություններում հաղթելն է և Իվանիշվիլին դրա համար անում է ամեն ինչ»:

Վրաստանի արևմտյան գործընկերներն արդեն ունեն Ուկրաինայի փորձը, և Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության սպառնալիքը ստիպում է նրանց զերծ մնալ կոշտ քննադատություններից:  Նոդիայի խոսքով՝ դժվար է հավատալ, որ Ուգուլավայի դատավճիռը քաղաքական դրդապատճառներ չունի: «Հնարավոր է, որ Ուգուլավայի կալանավորումը մեծ նախագծի մի մասին է միայն, որի նպատակն է գլխատել ընդդիմությանը՝ հիմնական առաջնորդներին ձերբակալելու միջոցով»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829