Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ:
Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթեց նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն աջակցության պատասխանատու առաքելությունում:
Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգին ու բարձր գնահատեցին գործընկերության առկա մակարդակը: Նախարար Մնացականյանը շեշտեց ԵՄ Հանձնաժողովի ու Արտաքին գործողության եվրոպական ծառայության հետ առավել սերտորեն համագործակցության պատրաստակամությունը:
Միգրացիայի ու ազատ տեղաշարժի խնդիրների շուրջ քննարկման համատեքստում ԵՄ հանձնակատարն օրինակելի համարեց Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով հանձնառությունների իրականացման հարցում Հայաստանի համագործակցությունը։
Կարդացեք նաև
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ նշելով, որ գործընթացի ազատականացումը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման համար։
Մարդկանց միջև շփումների ակտիվացման և աշխուժացման համատեքստում զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին երիտասարդության աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ