«Դեռեւս երկրորդ նախագահին եմ ասել, որ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք այսօր էլ առկա են, պետք է ստուգվեն հանձնաժողովների կողմից: Օրենքի ամբողջ ուժով պետք է պատժվեն պատասխանատուները»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով բանակում զինվորների մահացության դեպքերին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Արցախի բանակում երեկ հերթական դեպքն է գրանցվել:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ կապ չունի, թե ով է մեղավոր, պատասխանատվությունն առաջնահերթ պետք է կրեն ղեկավարը եւ աշխատակազմը. «Մենք ունեցել ենք ժամանակ, երբ բանակում մահերը կտրուկ կրճատվել էին: Հիմա սեւազգեստ մայրերն ասում են, որ իրենց որդիների գործերն ամբողջությամբ չեն պարզվել: Մեր հ/կ-ն երկու անգամ կարողացել է օգտակար լինել այն զինվորներին, որոնց մեղադրում էին սպանության համար: Հայտնաբերել էինք, որ գործում է հանցագործ սխեմա: Չէին էլ ուսումնասիրում, թե իրականում ինչ է եղել, այլ անմիջապես մեղադրում էին սպանվածի ընկերներին»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ բանակում կա կեղծ ցուցմունք տվողների մեծ զանգված. «Բանակը նրա համար չի, որ զինվորը զորացրվելուց հետո իրեն սրիկա զգա: Մենք ունեցել ենք դեպք, որ զինվորին ստիպել են ցուցմունք տալ: Նկարահանել ենք, ցույց տվել այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ու ասել, թե ինչպես են նրանք դա անում: Կոչ եմ անում այսօր հստակեցնել, թե ինչ սխեմաներով եւ ինչպես են մեղադրում զինվորներին: Սպայակազմն իր տեղում չէ, աշխատանք չի արվում զինվորների հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ