«Օրենքը դժվարությամբ անցավ: Կարող ենք հաստատ ասել, որ ամենաբարձր ատյաններում ունենք ծխախոտի արդյունաբերության լոբբիզմ: Խորհրդարանում կա լոբբիզմ՝ խմբեր, որոնք ուղղակի նպաստում են այդ արդյունաբերությանը, որպեսզի այն չտուժի: Այդպես անողները դա քողարկված են անում՝ ասելով, որ հարկերը պակասելու են, որ վնաս է կրելու ՀՀ-ն: Օրենքը գործում է քսան երկրում, եւ նման բան չի եղել»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԺ-ում հանրային սննդի օբյեկտներում եւ փակ տարածքներում ծխելն արգելող օրենքի ընդունմանը՝ ասաց Առողջապահության նախարարության «Առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը:
Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ որոշ պատգամավորներ ԱԺ ամբիոնից ակնհայտ ասացին, որ օրենքի արգելքը կխոչընդոտի բիզնեսի զարգացմանը. «Ինչո՞ւ պետք է պատգամավորը մտածի բիզնեսի մասին: Որոշ բիզնեսներ կարող են աճել, որոշները՝ վերանալ: Պատգամավորը չպետք է որեւէ առանձին բիզնեսի մասին մտածի, նա երկրի եւ ժողովրդի շահերի մասին պետք է խոսի: Ամեն մեկն իր դեմքը ցույց տվեց: «Լուսավոր Հայաստանը» պաշտպանում է ծխախոտային արդյունաբերությունը: Հետո կպարզվի, թե նրանք ինչ շահագրգռվածություն ունեն: Ծխախոտային բիզնեսը պետք է տուժի, դա համաշխարհային թրենդ է: Մարդկությունը հասկացել է, որ դա վնասակար է»:
Դավիթ Պետրոսյանի համոզմամբ՝ ծխախոտի քարոզիչների նպատակն է, որպեսզի դեռահասները եւ հատկապես կանայք ծխեն, մինչդեռ Հայաստանը ծխելու ցուցանիշներով «տարածաշրջանային մոխրամանի» է վերածվել: Պետրոսյանը նշեց, որ օրենքի կիրարկման արդյունքում ակնկալում են, որ ծխողների թիվը ՀՀ-ում տարեկան 7-10%-ով կնվազի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև