Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը չափազանց խոցելի է դարձնում մեր անվտանգությունը․ «Փաստ»

Փետրվար 15,2020 12:22

«Փաստի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Պարո՛ն Աբրահամյան, որոշ շրջանակներ փորձում են Պաշտպանության բանակում հերթական ցավալի դեպքերն օգտագործելով՝ կրկին սրել «հայաստանցի-արցախցի» թեման ու այդպիսով նոր բաժանումներ ստեղծել։ Ի՞նչ գործընթաց է սա՝ մասնավորապես նկարագրվածի վտանգավորության տեսանկյունից։

-Անթույլատրելի գործընթացներ են ընթանում: Նկատելի է երկու հիմնական սպառնալիք՝ «հայաստանցի-արցախցի» կեղծ օրակարգի առաջ մղում և զինված ուժերի, զինվորականների (հատկապես սպայական կազմի) դեմ արշավ: Փորձում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր միջադեպերը, գործընթացները փաթեթավորել մեր պետականության համար մեծ վտանգ ներկայացնող թեզերով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ հաճախ այդ թեզերը լայնորեն տիրաժավորում են հատկապես սոցիալական ցանցերում, և հանրության մի մասը դրանք որպես իրականություն է ընդունում՝ իր հնարավոր բոլոր հետևանքներով:

Սա անվտանգության լուրջ սպառնալիք է, որի ուղղությամբ պետական ինստիտուտները լուրջ աշխատանք ունեն անելու:

-Բացի նշվածներից, փորձեր են արվում նույն ցավալի դեպքերին քաղաքական ենթատեքստ տալ՝ խնդիրը մատուցելով անգամ որպես Հայաստանի իշխանությունների դեմ գործընթացի։ Ընդհանրապես, ի՞նչ սահմաններ են հատվում, ինչպե՞ս պետք է կանգնեցնել այս ամենը՝ հաշվի առնելով նշված դրսևորումների անթույլատրելիության աստիճանը։

-Այն, որ վաղուց կարմիր գծեր են հատվել, երևի որևէ մեկի համար նորություն չէ: Բոլոր առումներով անթույլատրելի եմ համարում գործընթացը քաղաքական կամ մեկ այլ լույսի ներքո ներկայացնելը և առաջ մղելը:

Այն, որ մի շարք ուղղություններում անելիքներ ունենք, դա անհերքելի է, սակայն իրադարձությունները տարբեր դիտանկյունից շահարկման առարկա դարձնելը, մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը ոչ միայն բարոյականության հետ կապված հարցեր են առաջացնում, այլև չափազանց խոցելի են դարձնում մեր անվտանգությունը։

-Նկարագրված խնդիրների համատեքստում, առհասարակ, ի՞նչ պետք է գիտակցի մեր հասարակությունը, ի՞նչ հանգամանքներ ու արժեքներ պետք է հաշվի առնել՝ բանակում տեղի ունեցող ցանկացած երևույթ մեկնաբանելուց կամ որևէ խնդրի անդրադառնալուց առաջ։

-Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների վրա մեծ թվով գործոններ են ազդում: Շատ ժամանակ մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ քաղաքական մակարդակում դրանք քննարկվում են խիստ հատվածական, հաշվի չեն առնվում դրանց բոլոր բաղադրիչները, ըստ այդմ՝ ո՛չ դիսկուրսն է ստացվում, ո՛չ ճիշտ դիագնոզը: Սա, բնականաբար, դրանց պատճառների վերացման առումով խնդիրներ է առաջացնելու։ Արդյունքում ունենում ենք հատվածական, կարճաժամկետ արդյունք, որին ստիպված ենք լինելու կարճ ժամանակ հետո կրկին անդրադառնալ:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829