Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ոսկանյան․ «Կարծում եմ, որ առայժմ պետք է մնա խորհրդարանական կառավարման մոդելը և ապացուցի իր կենսունակությունը»․ «Ժամանակ»

Փետրվար 15,2020 11:50

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նախքան ՀՀ վարչապետի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հրապարակելն առաջարկում էր վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին, այսինքն՝ այն Սահմանադրությանը, որն ընտրվել էր 1995թ․ հուլիսի 5-ին կայացած սահմանադրական հանրաքվեով:

Դրան ի պատասխան արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով Կապանում հրավիրած մամուլի ասուլիսում, որ կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է, և այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել։ Նա հայտարարեց նաև, որ կառավարման համակարգը չպետք է փոխել առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այդ կառավարման համակարգը խնդիրներ է ստեղծում մեզ համար։

Աշոտ Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, որ 1995թ․ Սահմանադրությունն ընդունվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական բանավեճերի որոշման արդյունքում, այդ իսկ պատճառով էլ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ոչ միայն իրավաբաններ, այլև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։

«Այնտեղ ընդգրկված ենք եղել ես, Էդուարդ Եգորյանը, Յուրի Սարգսյանը, որն այն ժամանակ պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորն էր, ներկա էր լուսահոգի Աշոտ Նավասարդյանը։ Այնտեղ բավականին լարված և կատաղի վեճեր էին ընթանում։ Կային տարբեր քաղաքական դիրքորոշումներ, դրանք բախվում էին։ Հանձնաժողովը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այս կամ այն թեզի վերաբերյալ գալիս էինք որոշակի պայմանավորվածության, հետո այն իրավաբանները ձևակերպում էին, տալիս էին իրավաբանական տեսք»,- մեզ հետ զրույցում հիշում է Աշոտ Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ներկա հանձնաժողովի կազմին, ապա Ոսկանյանը հրաժարվեց այն գնահատել՝ նշելով, որ տեղյակ չէ այդ կազմից։

«Կիսանախագահական մոդելը ֆրանսիական կառավարման համակարգից է վերցվել, մենք այն ժամանակ համոզված էինք, որ այն հաջող մոդել է։ Այդ մոդելով, եթե խորհրդարանն ընտրվում էր, իսկ երկրի նախագահն էլ ավելի վաղ էր ընտրվել և ունի մեծամասնություն, ապա այն ժամանակ նախագահի դիրքերն ուժեղանում են։ Բայց եթե տեղի է ունենում հակառակը՝ նախագահն ընտրվում է, իսկ հետո, 1-2 տարի հետո հաղթում են այլ ուժերի ներկայացուցիչներ, և իրենք առաջադրում են վարչապետի թեկնածու, այդ դեպքում մրցակցություն է առաջանում վարչապետի և նախագահի միջև։ Մենք դա համարում էինք հաջող տարբերակ, և դա այդպես էր, որովհետև այն դիմակայեց մի շարք փորձությունների։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո պետական կառույցը չխարխլեց։ Ես այն ժամանակ դեմ եմ եղել խորհրդարանական կառավարման մոդելին, քանի որ համարել եմ, որ սխալ է չկայացած պետությունում ամեն ինչը հանձնել խորհրդարանին, երբ չունես ուժեղ գործադիր իշխանություն։ Հիմա էլ այդ կարծիքին եմ»,- ասաց Աշոտ Ոսկանյանը։

Մեր հարցին, թե պե՞տք է այսօր վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին, ինչպես պնդում է ՀԱԿ-ը, Աշոտ Ոսկանյանն արձագանքեց․ «Ես վստահ չեմ դրանում։ Ես կարծում եմ, որ առայժմ պետք է մնա խորհրդարանական կառավարման մոդելը և ապացուցի իր կենսունակությունը»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829