Վահան Տերյանի 135-ամյակի օրը՝ փետրվարի 9-ին, բանաստեղծի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, ահազանգել էր, որ «Վահան Տերյանը և հայ գրականությունը» առարկան հանվել է ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից։ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը նշել էր, որ այլ առարկաներ էլ են հանվել։
Այդ առթիվ ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը լրատվամիջոցներում պարզաբանել էր, որ մագիստրատուրայի առաջին կուրսում ընդամենը 7 ուսանող ունեն, որոնք գոյացել են 3 ամբիոնների՝ Գրականության տեսության, Հայ գրականության, Հայ նորագույն գրականության մասնագիտացումների միասնական խմբի ստեղծման միջոցով։
«Առարկաները հանվեցին, որովհետև դիմորդները 7-ն են, մինչդեռ, ըստ օրենքի, պետք է 10 հոգի լինեն»,- ասել էր Արծրուն Ավագյանը։
Սոցիալական ցանցերում եղան արձագանքներ, որ այդպես շարունակվելու դեպքում Հայ բանասիրության ֆակուլտետը կարող է փակվել։
Կարդացեք նաև
Լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բանասիրությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է կայացած պետություն, որտեղ կա Համախառն ներքին մեծ արդյունք, և որտեղ կարող են միլիոնավոր դրամներ ուղղել, որպեսզի գրաբարյան ինչ-որ բնագիր մշակվի, կազմվի նրա քննական հրատարակությունը կամ այդ բնագիրը վերածվի արդի արևելահայերենի, իսկ հետագայում էլ թարգմանվի օտար լեզուներով։ Դա պետությանը բերում է վիթխարի օգուտ, քանի որ մշակութային առումով արտերկրի ուշադրության կենտրոնում լինելը շատ կարևոր է։
«Դրա համար պետք են ներդրումներ, և պետք է ենթադրել, որ այդ ներդրումներն արագ վերադարձ չեն ենթադրում։ Բանասիրական աշխատանքին, ինչպիսին ձեռագրագիտությունն է, բնագրային աշխատանքն է, բավականին քիչ ուշադրություն է դարձվում։ Գիտեք, որ խմբագրի և սրբագրիչի աշխատանքը, որպես ինստիտուտ, կարծես վերացել է։ Ունենք բազմաթիվ հրատարակչություններ, որոնք լույս են ընծայում շատ հետաքրքիր գործեր, բայց այնտեղ բազմաթիվ վրիպակներ կան, որովհետև տեխնիկական սրբագրիչի ինստիտուտը «որքան հնարավոր է՝ էժան ապրանք թողարկելու մրցավազքում կորել է։ Եվ բանասերները չեն կարողանում շուկայում տեղ գտնել, աշխատանք ունենալ, ինչն էլ ֆակուլտետից հեռանալու պատճառ է դառնում»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Լեզվաբանը համամիտ է նաև այն դիտարկմանը, որ շատ դասախոսներ կարծրացած մոտեցում ունեն, դասավանդում են 20-րդ դարավերջի մեթոդներով, նոր առարկաներ չեն դասավանդվում։
«Քանի որ բուհական դասախոսները դասավանդելուն զուգահեռ հարակից այլ գործեր են կատարում՝ գրքեր են խմբագրում, թարգմանություններ են անում, որպեսզի 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանան, մարդիկ չեն ուզում իրենց վրա աշխատել։ Ընդունում են, որ կա պահպանողականություն, արդիականացման խնդիր։ Մինչդեռ բանասիրությունը շատ գրավիչ մասնագիտություն է, ինչը գովազդի կարիք ունի։ Ես կարծում եմ, որ նոր առարկաներ պետք է ներդնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում