ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությամբ օրերս հերթական անդրադարձն է կատարել Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին: Հայ-թուրքական արձանագրություններն Արցախի հակամարտության հարցում նախապայմաններ առաջ քաշելու պատճառով տապալած Թուրքիայի պաշտոնյայի՝ Ռուսաստանին ուղղված ակնարկի մասին «Առավոտը» զրուցել է «Միջազգային եւ անվտանգգության հարցերի հայկական ինստիտուտի» (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ:
– Պարոն Գաբրիելյան, Ձեր գնահատմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուի՝ «եթե ՌԴ-ն իր ազդեցությունն օգտագործի, մենք կլուծենք Ղարաբաղի հարցը» հայտարարությունն ի՞նչ ուղերձներ է պարունակում, եւ այս փուլում Արցախյան հակամարտության հարցում Թուրքիայի ինչպիսի՞ հավակնությունների մասին կարող ենք դատել:
– Նախկինում մենք նման հայտարարություն լսել ենք նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից։ Ուղերձը հասկանալի է. Թուրքիան գործարք է առաջարկում Ռուսաստանին՝ համատեղ ուժերով լուծում տալու համար Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան մի նոր «Մոսկվայի պայմանագիր» է առաջարկում Ռուսաստանին, ինչպես որ մոտ մեկ դար առաջ էր։ Թուրքիան վաղուց չի թաքցնում իր հավակնությունները Նախիջևանի նկատմամբ և տպավորություն կա, որ փոխարենը ցանկանում է Ռուսաստանին առաջարկել Արցախը։
Ես չեմ բացառում, որ թուրքական կողմը մի օր փորձի իրագործել այնպիսի սցենար, որի դեպքում Ադրբեջանը կհրաժարվի Նախիջևանից՝ հօգուտ Թուրքիայի, և փոխարենը Թուրքիայի ջանքերով «կստանա Արցախը»։ Կամ էլ, կարող են Ադրբեջանին համոզել, որ նա այսպես թե այնպես կորցրել է Արցախը, հետևաբար՝ պետք է համաձայնվի «Նախիջևանը Թուրքիային, իսկ Արցախը՝ Ռուսաստանին» սցենարին՝ փոխարենը անվտանգության երաշխիքներ ստանալով Թուրքիայից ու Ռուսաստանից։
Կարդացեք նաև
– Ռուսաստանի ինչպիսի՞ ազդեցության մասին է ակնարկում Թուրքիայի ԱԳ նախարարը:
– Չավուշօղլուն, բնականաբար, ակնարկում էր հայկական կողմի (ՀՀ, Արցախ) վրա Ռուսաստանի ազդեցությունը և Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքական կողմի մտահղացմամբ՝ այդպիսով, եթե ՌԴ-ն ճնշում գործադրի հայկական կողմի, իսկ Թուրքիան էլ՝ Ադրբեջանի վրա, ապա գործը կարելի կլինի գլուխ բերել։ Նույն պատկերին ականատես ենք եղել Սիրիայի պարագայում, երբ Ռուսաստանն ազդեցություն ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, իսկ Թուրքիան՝ սիրիական ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների վրա։ Եվ ահա, Չավուշօղլուն ակնարկում է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջին քայլը «պետք է անի Ռուսաստանը»՝ ճնշում բանեցնելով հայկական կողմի վրա, որպեսզի նա «հանձնի տարածքներ»։ Թուրքիայում քաջ գիտակցում են, որ դա իրենց ուժերից վեր է, սակայն հավատում են, որ Ռուսաստանն «ունակ է» դա անելուն։ Այդպիսով, Թուրքիան պատրաստ կլինի առաջին համարը զիջել Ռուսաստանին ու բավարարվել երկրորդ համարով։
– Հաշվի առնելով Արցախի հարցում Թուրքիայի հայտնի ադրբեջանամետ մոտեցումները, Ձեր կարծիքով, ի՞նչ է ակնկալում Թուրքիան Ռուսաստանից եւ ինչո՞ւ հենց այս փուլում:
– Թուրքիան Ռուսաստանից գործնական քայլեր է ակնկալում՝ Արցախյան հիմնախնդրին ադրբեջանամետ/թուրքամետ (նաև ռուսամետ) լուծում տալու համար։ Էրդողանն ու Չավուշօղլուն իրենց այս հայտարարություններով պարարտ հող են ստեղծում՝ իրենց ծրագրած սցենարը կամ սցենարները կյանքի կոչելու համար։ Այդպիսով նրանք ստուգում են նաև տարբեր կողմերի արձագանքները և աստիճանաբար հող նախապատրաստում իրենց հնարավոր միջամտության համար։ Հասկանալի է, որ այս փուլում Թուրքիայի ուշադրության կենտրոնում Սիրիան ու Լիբիան են, սակայն դրանցում իրավիճակի հանդարտեցումից հետո թուրքական կողմը կարող է կենտրոնանալ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Հենց այդ պատճառով էլ այս փուլում արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Բացի այդ, այստեղ չափազանց կարևոր և անգամ վճռորոշ նշանակություն ունեն Պուտին-Էրդողան անձնական հարաբերությունները, որոնք շատ ավելին են, քան Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները։
Այսինքն, վերջին տարիներին ավելի շատ գոյություն ունեն Պուտին-Էրդողան, քան՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ։ Եվ եթե որևէ քայլ, որևէ դրվագ չես ակնկալի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում՝ դա համարելով անտրամաբանական (ասենք, Ռուսաստանի կողմից Թուրքիային նոր զենքերով սպառազինելը, այդ զենքերի տեխնոլոգիաներ հանձնելը, Թուրքիային տիեզերական ու միջուկային երկիր դարձնելուն միտված քայլեր ձեռնարկելը), ապա նույն քայլը հաստատապես կարող ես սպասել, և անգամ՝ արդեն ականատես ես լինում Պուտին-Էրդողան հարաբերություններում։
Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները հակաամերիկանիզմի ֆոնի ներքո միասնական ջանքերով լուծում են իրենց առանձին հարցերը տարածաշրջանում՝ այդ կերպ ընդգծելով, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից։ Դրա համար էլ Էրդողանը փորձում է հնարավորինս շատ հարցեր լուծել, քանի դեռ Ռուսաստանում իշխանության ղեկին Պուտինն է։ Ես կոչ կանեմ աչքաթող չանել Չավուշօղլուի ու Էրդողանի նմանատիպ հայտարարությունները, որոնք շատ ավելին են, քան պարզապես ադրբեջանամետ հայտարարություններ լինելը։ Դրանք միտված են մեր տարածաշրջանում Թուրքիայի առավել մեծ ակտիվությունն ու ներգրավվածությունն ապահովելուն, և դա չի կարող որևէ լավ բան խոստանալ մեզ։
Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ, 15․02․2020 թ․