Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն վարչապետ, մի պահ կտրվեք Էդմոն Մարուքյանի հետ «ռազբորկաներից» և լրջորեն զբաղվեք բանակով․ «Ազգ»

Փետրվար 15,2020 11:02

«Չպարզված հանգամանգներում» մահացած երկու զինծառայողի մահվան լուրն այս անգամ անտարբեր չթողեց շատերին` տարին նոր է սկսվում, սա առաջին նման լուրը չէր, նախորդել էին ձնահյուսի պատճառով մահացած երեք զինծառայողի դեպքը, այսպես կոչված` «էլիտար» զորամասի դեպքը, որի առիթով կան ձերբակալվածներ: Նոր լուրը հունից հանեց շատերին: Մարդկանց համար անընդունելի է հենց այդ «չպարզված հանգամանքներում» մահացու «հրազենային վիրավորումը»: Հատկապես միմյանցից ժամուկես տարբերությամբ Արցախի տարբեր զորամասերում երկու երիտասարդ զինվորների` Տիգրան Մանվելյանի եւ Տիգրան Մխոյանի ցավալի մահերը մի տեսակ լցրեց մարդկանց համբերության բաժակը, մի շարք հարգված մարդիկ անգամ պաշտպանության նախարարի հրաժարականի հարց են բարձրացնում:

Վարչապետի արձագանքն այս հարցին խորհրդարանում չբավարարեց` նա խոսում էր այնպիսի բարքերի առկայության մասին, երբ անգամ լվացքի մեքենայում սեփական վարտիքը մյուսների վարտիքի հետ լվանալու անհանդուրժողականության մակարդակ կա մեր հասարակության երիտասարդ մասի, այդ թվում զինվորների բարքերում: Հասկանալի է, որ տարիներով բուծված այս ենթամշակույթը (այսպես ասած` նայողների կողմից դրամահավաքը, մարդկանց կամքի կոտրումը, ստորացնելն ու ենթարկեցնելը չգրված քրեանման կանոնների) որեւէ իշխանություն մի հրահանգով չի կարող վերացնել, սակայն բանակ մտնող ամեն զինվոր պետք է հանդիպի այնպիսի կարգապահության ու կանոնակարգված արդարամտության, որ ստիպված լինի իր` ոչ կանոնադրական բարքերի հակվածությունը թողնել զորամասից դուրս: Դրա համար հրամանատարից մինչեւ դիրքի պատասխանատու յուրաքանչյուր դեպքի համար պետք է խիստ եւ հանրությանը հասանելի իրազեկմամբ պատժվեն, այդ բարքերը հանդուրժողները կամ հրահրողները դրվեն ի ցույց:

Խաղաղ պայմաններում երիտասարդ կյանքեր ենք կորցնում, որոնց համար պատասխանատուն նախ պաշտպանության նախարարն է: Նրանից, երկրի վարչապետից, նախագահից եւ բոլոր մնացածից մենք բոլորս, Հասմիկ Պապյանի նման, պետք է պահանջենք վերջ դնել այս մղձավանջին: Անհնար է այլեւս լուր լսել, թե չպարզված հանգամանքում մահացու հրազենային «վիրավորում» է ստացել մեր զինվորը: Պարզեք, կանխեք, կարգուկանոն հաստատեք բանակում, ձեր գործը հենց դա է, ոչ միայն ընտրական տուրիզմից խոսելը, կամ սովորական տուրիզմով զբաղվելը:

Անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանը, թե «էլիտար» զորամաս գոյություն չունի, դա լրատվության միջոցների տարածածն է, տեղի ունեցածի համար էլ պատասխանատուները կա՛մ պատժվել են, կա՛մ ձերբակալվում եւ կալանավորվում են, խոսում է այն մասին, որ խնդիրը խորքով հանրությանը չներկայացնելու սովորությունը դեռ առկա է, կոծկելու ու թաքցնելու վերջը դեռ չի եկել, ու դա էլ իր մեղքի բաժինն ունի կատարվածում:

Պարոն վարչապետ, մի պահ կտրվեք Էդմոն Մարուքյանի հետ «ռազբորկաներից», ՍԴ անդամներին իրենց տեղը ցույց տալուց, լրջորեն զբաղվեք բանակով, առանց աղմուկի ու հայտարարելու գնացեք դիրքեր, տեսեք` ինչ է կատարվում, լսեք սովորական զինվորներին, սեփական աչքով գնահատեք իրադրությունը, եւ ոչ թե ճաշարանների` հատուկ կազմակերպված ցուցադրական հյուրասիրությունների մակարդակով դատեք բանակի մասին:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829