Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բերված մեքենաները չվաճառվեն, բնակչության գնողունակության անկումը կխորանա․ «Ազգ»

Փետրվար 15,2020 10:31

2015 թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունը համաձայնություն ձեռք բերեց, որ մինչեւ 2019 թ.-ը երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների, այդ թվում մեքենաների համար գործեն հին մաքսային դրույքաչափերը: Եվ ահա 2019 թ.-ը ավարտվեց, իսկ այս տարվանից Հայաստան ավտոմեքենաներ ներկրողների` ֆիզիկական անձանց համար գործում են ԵԱՏՄ միասնական` ավելի բարձր մաքսադրույքները:

Ի՞նչ տվեց մեքենաների զանգվածային ներմուծումը եւ ո՞ւմ «շնորհիվ»

Անցյալ տարի, օգտվելով արտոնյալ մաքսատուրքով մեքենաների ներմուծման հնարավորությունից, Հայաստան ներմուծվեց մոտ 190 հազար ավտոմեքենա` ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ճապոնիայից: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, գումարային առումով դա կազմել է 750 մլն դոլար: Եթե հաշվի առնենք, որ ընդհանուր տարեկան ներմուծումը Հայաստան կազմել է 5,5 մլրդ դոլար, ապա միայն մեքենաների ներմուծումը կազմել է ամբողջ ներմուծման գրեթե 14 տոկոսը: Տեղեկացնենք, որ օրինակ` 2018 թ.-ին ներմուծվել էր 362 մլն դոլարի, իսկ 2017 թ.-ին` 247 մլն դոլարի մեքենաներ: Ի՞նչ տվեց դա Հայաստանին:

Նախ` պետական բյուջեն էական լրացուցիչ եկամուտներ ունեցավ: Վարչապետ Փաշինյանը հպարտանում է հարկային եկամուտների աճով, «մոռանալով», որ դա իր կառավարության գործունեության հետ որեւէ առնչություն չունի: Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության, ներմուծված 190 հազար ավտոմեքենաներից յուրաքանչյուրից միջինը մոտ 450 հազար դրամ հարկային մուտքեր են ստացվում: Այսինքն, անցյալ տարի միայն ավտոմեքենաների ներմուծումից Հայաստանի պետական բյուջեն ստացել է մոտ 85 մլրդ դրամ:

Ներմուծված 190 հազար մեքենաների մեծ մասը, տարբեր աղբյուրների համաձայն, առնվազն 100 հազարը` դեռեւս չեն վաճառվել: Եթե դրանք չվաճառվեն, ապա պարզ է, թե ի՞նչ սոցիալական խնդիր է առաջանալու: Հայաստանի ներքին պահանջարկը մի քանի անգամ փոքր է այդ թվից, եւ անգամ գների հավանական նվազման դեպքում այդ մեքենաների մեծ մասը չի վաճառվի:

Ստեղծված կացությունը բացասական է ազդելու տնտեսության եւ հետեւաբար` բնակչության եկամուտների եւ գնողունակության վրա: Եթե միայն մեկ տարվա ընթացքում Հայաստանից ավտոմեքենաներ ներմուծելու համար դուրս է եկել 750 մլն դոլար, դա նշանակում է, որ այդ գումարը չի շրջանառվել երկրի ներսում: Եթե բերված մեքենաները չվաճառվեն, այդ գումարը կշարունակի դուրս մնալ շրջանառությունից, խորացնելով բնակչության գնողունակության անկումը: Դա բերելու է տնտեսության այլ ճյուղերի` առեւտրի, ծառայությունների, գյուղատնտեսության եւ շինարարության ծավալների նվազմանը, իսկ հարկային հավելյալ մուտքեր այս տարի այլեւս չեն լինի:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829