Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ ժամանակն է, որ Հրայր Թովմասյանն աստվածաշնչյան ոգով ասի՝ «Տեր, հեռացրու ինձնից այս բաժակը» եւ հեռանա․ «Ազգ»

Փետրվար 15,2020 10:15

Մի պահ զգաստանանք եւ հարց տանք մեզ՝ ինչո՞ւ համար այս հանրաքվեն: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարեցմա՞ն, մյուս վեց դատավորների պաշտոնազրկմա՞ն, դատավոր Վահե Գրիգորյանի եւ մյուսի (անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ) գահակալման համա՞ր: Ինչո՞ւ այս հանրաքվեն, այսքան ջանք ու եռանդ, այսքան ծախս, աշխատանք, այսքան ճառ, հոխորտանք, հայհոյանք: Քաղաքներից, գյուղերից, արտերից ու այգիներից, գրասենյակներից ու աշխատավայրերից, զորանոցներից ու ճակատային գծերից քվեարկողներին տանել ընտրական տեղամասեր՝ որպեսզի ի՞նչ լինի: Թնդանոթով ճնճղո՞ւկ ենք որսալու:

Ինչո՞ւ ենք վատնում մեր ուժերը: Ավարտե՞լ ենք մեր անհետաձգելի գործերը՝ բանակաշինություն, անվտանգություն, Արցախյան հիմնահարց, հայրենադարձություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսության փրկություն եւ այլ հոգսեր: Ի՞նչ է լինելու ապրիլի 5-ից հետո: Ի՞նչ է անելու Սահմանադրական նոր դատարանը: Նոր սահմանադրությո՞ւն է գրելու, հանրապետության նախագահին լրիվ իրավազո՞ւրկ է դարձնելու, Ստամբուլյան կոնվենցիա՞ն է վավերացնելու, կաթողիկոսին կարգալո՞ւյծ է հռչակելու, երկրորդ նախագահին ցմահ բանտարկությա՞ն է դատապարտելու, վհուկների որսը նոր սաստկությա՞մբ է շարունակելու, տարածքնե՞ր է զիջելու եւ, վերջապես, դատական իշխանությունն էլ ամբողջությամբ մեկ մարդու ձե՞ռքն է տալու:

Ինչ վերաբերում է կոնկրետ՝ գործող Սահմանադրական դատարանի դեմ հանրաքվեի անցկացման հիմքում դրված իրավաբանական միակ խոցելի՝ դատավորներից ոմանց պաշտոնավարության ժամկետների 2-3 անգամ գերազանցման խնդրին, յուրաքանչյուր ոք պետք է հարց տա ինքն իրեն՝ Հեղափոխության առաջնորդը այդ երբվանի՞ց սկսեց նկատել այդ խախտումը, կամ՝ ինչո՞ւ էր աչք փակել դրա վրա մինչ այդ:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին (որի դիվայնացումը (demonisation) պետք է համարել ամբողջացած այն պահից, երբ իմքայլական մի պատգամավորուհի ասաց, որ մանկապարտեզի երեխան թեեւ չի ճանաչում նրան, սակայն գիտի, որ նա վատ մարդ է), կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ նա աստվածաշնչյան ոգով ասի՝ «Տեր, հեռացրու ինձնից այս բաժակը» եւ հեռանա, մեր ժողովրդի ու երկրի վրայից հեռացնելով քինախնդրությամբ եւ ատելությամբ լեցուն այդ լեղի բաժակը:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829