Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծխելու դեմ պայքարը մանր խնդիր չէ

Փետրվար 15,2020 10:00

Հինգշաբթի օրը Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը: Երբ այն ստորագրվի նախագահի կողմից՝ տարբեր ժամանակահատվածներում ուժի մեջ կմտնեն տարբեր տեսակի արգելքներ եւ, մասնավորապես, 2022 թվականի մարտի 15-ից hանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ բաց, կիսաբաց եւ փակ, արգելվելու է ծխելը:

Երկու տարի ժամկետն, ըստ երեւույթին, տրված է նրա համար, որ սննդի օբյեկտների սեփականատերերը պատշաճ ձեւով պատրաստվեն նոր իրավիճակին: Հուսով եմ, նշված օրը նրանք ցույց չեն անի կառավարության դիմաց՝ պահանջելով հետաձգել օրենքի կիրառումը: Հույս ունեմ նաեւ, որ իշխանափոխություն չի լինի, եւ նոր իշխանությունը չի ասի, որ բոլոր օրենքները, որոնք ընդունվել են իրենցից առաջ, սխալ էին:

Օրենքն իսկապես կարեւոր է՝ դրա անհրաժեշտության մասին խոսվում է տարիներ շարունակ, եւ ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին մոտ երեք տարի առաջ ֆեյսբուքահայերը հարձակվում այն ժամանակվա առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի վրա՝ մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ՝ «հերիք չի, երկիրը թալանում եք, մի բան էլ՝ չեք թողնում դարդից ծխենք»: Հիմա, բարեբախտաբար, ծխողներն այդ «արդարացումը» չունեն, եւ նրանք ստիպված կլինեն ապրել քաղաքակիրթ աշխարհի կանոններով:

Իհարկե, կարող է լինել նաեւ այսպիսի մեկնաբանություն. «Ազգի կենսական խնդիրները թողած՝ ընկել եք ծխողների հետեւից»: Այս փաստարկի հետ նույնպես համաձայն չեմ: Ինչպես անհատի, այնպես էլ ազգի դեպքում կարգապահ, հավաքված, նպատակասլաց լինելու գործում մանրուքներ չկան: Եթե մարդը փորձում է իր չլուծված խնդիրներից առաջացած ցավը «բթացնել» թմրանյութով, ալկոհոլով, ծխախոտով կամ անգամ շատակերությամբ, ինչպես նաեւ բողոքելով ու բամբասելով, եթե նա զլանում է աշխատել իր մասնագիտական եւ անձնական առաջխաղացման վրա եւ փոխարենն ամբողջ օրը սոցցանցերում հիմարություններ է կարդում եւ գրում, «լայքեր» դնում եւ «լայքերի» սպասում, կամ յութուբյան «զվարճալի» պատառիկներ դիտում, դա ծուլության եւ թուլության նշան է ու ձեւավորում է անընդունելի սովորույթներ եւ մերժելի մշակույթ:

Խնդիրն, այսպիսով, ավելի լայն է, քանի մարդկանց առողջության մասին հոգ տանելը: Խնդիրը նաեւ մարդկային ճիշտ փոխհարաբերություններ կառուցելն է: Եթե ծխողը հասարակական վայրում իրեն զսպում է եւ մարդկանց չի թունավորում, ուրեմն՝ նա հարգում է դիմացինին, նրան, ժողովրդի լեզվով ասած, «մարդատեղ է դնում»: Եվ հակառակը՝ ծխելով նա արհամարհում է համակեցության կանոնները: Իսկ դա նույնպես մանրուք չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . տպաւորիչ է որ ամբոխահաճ վարչակարգ մը որդեգրեց այս Օրէնքը, երկրի մը մէջ ուր այդքան շատ են ծխողները

    . ցաւալի է որ ԱԺին տիրացած խմբաւորման պատգամաւորներ կոշտ ու կռուազան, գրեթէ վայրագ ելոյթներ ունեցան այս Օրէնքի որդեգրման առիթով, զայն յղացած նախարարութեան դէմ, մինչ, երբ որ կառավարութիւնը յստակօրէն անօրինական բաներ կ’ուզէ «անցընել» նոյն ԱԺ-էն, այդ նոյն պատգամաւորները զիրար կը հրմշտկեն, որպէսզի ամենաթունդ կերպով իրենց խանդավառ հաւանութիւնը յայտնեն այդ պետական կոպիտ սայթաքումներին

    (լաւ հասկացանք որ ամէն պատգամաւոր ինքզինք արդէն տեսնում է որպէս նախարար, ինչ որ կը բացատրէ վերեւ պարզուած երկու կեցուածքները…)

    . շշմեցուցիչ էր նաեւ Աժի նախագահի պաշտօնին տիրացած անձին եզրափակիչ խօսքերը, թէ՝ յանուն «քաղաքակրթութեան» է որ ինք համաձայն է այս Օրէնքի որդեգրման… նոյնիսկ երկու անգամ կրկնեց այդ բառը… եւ ահա, երկրի բոլոր ծխողները որոնք մի օր ծխախոտ մը վառած են հանրային մի տեղ, դարձան բարբարոսներ… բազմաթիւ այլ բառերով եւ պատճառներով նա կարող էր հիմնաւորել իր դիրքորոշումը, առանց ինքզինք այդպէս բարձր դասելու ուրիշներից, եւ բազմատեսակ հաւաքականութիւն մը պիտակելով որպէս վայրենի…բայց չէ՜, պէտք է որ միշտ այդպէս մեծազդու, վերերէն թռչող, յիմար բաներ ասեն…

    ի դէպ, պետական բոլոր պաշտօնների պարագային այդպէս չէ, սակայն համայն աշխարհում, խորհրդարանի անդամի մը համար հիմնական հմտութիւն է լաւ խօսիլ գիտնալը…

  2. Լավատես says:

    Երբ մենք մեր հայ կրոնն ունենանք, այնտեղ կգրենք, որ հային տրված է իր սեփականության հանդեպ հարաբերական իրավունք, այդ թվում նաեւ սեփական առողջության հարցում, մարդու սեփականության բացարձակ իրավունք ունի միմիայն Արարիչը, իսկ մարդուն տրվում է միմիայն իր եւ մյուսների սեփականության հանդեպ աստվածահաճո վերաբերմունքի իրավունք: Հայ կրոնը պետք է հստակ ասի, ո՞րն է հայի համար աստվածահաճոն եւ որը’ ոչ, ով հայ կրոնի օրենքներին հետեւում է կյանքում, նա է հայի ուղենիշը կամ նշաձողը կամ օրինակը:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Երբ մենք մեր հայ կրոնն ունենանք, այնտեղ կգրենք, որ…
      Այսինքն՝ ձեր այդ նոր զարմանահրաշ կրոնի «սուրբ» գիրքը ոչ թե «արարիչն» է ամպերի միջից թելադրելու, այլ հասարակ մահկանացունե՞րն են խզբզելու: 🙂

      Զարմանալի ազգ են հայերը. հասել են 21-րդ դար ու դեռ չգիտեն, որ կրոնական թմբիրը շատ ավելի վնասակար է, քան ծխախոտի թույնը: Մինչեւ «արարիչները» վերեւից շանթ ու կրակ չթափեն գլխներին, չեն հասկանա, որ ծխելը վնասակար է սեփական առողջությանը: Առաջարկում եմ «հայ կրոնի» մեջ անպայման մտցնել հետեւյալ 10 պատվիրանները.
      1. մի՛ ծխիր
      2. մի՛ ուռիր
      3. մի՛ թքիր վերալակի մեջ
      3. մի՛ հայհոյիր ֆեյսբուքում
      4. մի՛ կեր քյաբաբ օրը տաս անգամ
      5. մի՛ անջատիր ուղեղդ՝ առկայության դեպքում
      6. մի՛ պարիր ուրիշի դուդուկի տակ
      7. մի՛ խաղա բլոտ ամբողջ օրը
      8. մի՛ գնա կազինո ու վիվարո
      9. մի՛ գլուխ գովիր ամեն քայլափոխի
      10.մի՛ խոսիր մի բանի մասին, որից կատարելապես անտեղյակ ես

      • Ruben says:

        Օրինակ՝.
        «Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությունը
        Հոդված 4
        Բոլոր քաղաքացիական, քրեական, ֆինանսական, տնտեսական, վարչական, մշակութային, ռազմական, քաղաքական եւ այլ օրենքները եւ բոլոր կանոնակարգերը պետք է հիմնված լինեն իսլամական պատվերների վրա: Այս հոդվածը վերաբերում բացարձակապես եւ համընդհանուր է բոլոր մյուս հոդվածներով Սահմանադրության, ինչպես նաեւ մյուս բոլոր կանոններին ու կանոնը, եւ իսլամական իրավաբանների, որոնք կազմում են Խորհրդին Guardiani5 են դատավորները այս հարցում:»

        • Ջորդանո Գալիլյան says:

          Ցայտուն օրինակ կրոնապետական բարբարոսության 21-րդ դարում: Զարմանալի չէ, որ միջնադարյան խավարամտությունն ու մարդատյացությունը ծաղկում են հենց իսլամական պետություններում: Եթե կա շարիաթ ու հադիս՝ սահմանադրության մասին խոսելն իսկ դառնում է ավելորդ ու անիմաստ…
          Ի տարբերություն աշխարհի այդ «ամենախաղաղ կրոնի», որի հրեշային երախը դեռ շարունակում է իր «աստվածահաճո» գործը՝ քրիստոնեության ժանիքները վաղուց արդեն քաշված են, իսկ բուդդիզմն ի սկզբանէ էլ անատամ է եղել…

      • Լավատես says:

        Ճաշակի հարց է, հայը հային տոկոսով փող չպետք է տա, լավ սկզբունք է, դա պետք է բոլոր հայերն այդպես վարվեն, իսկ դրա համար բոլոր հայերի համար մի այդպիսի կանոնագիրք պետք է գրվի, անունն էլ դնենք սուրբ գիրք, որ ինչ այնտեղ ասվում է, պետք է ընկալվի սրբություն յուրաքանչյուր հայի համար: Էդ ջահել ազգերին են ուրիշի գրած կրոններով ճնշում, որ սեփական կրոնը չստեղծեն, սեփական կրոնով ազգը ստրուկ չի դառնում, ազգին թե մարդուն սկզբից ստիպում են կրոնափոխ լինել եւ նոր միայն ստրկացնում են, շունն էլ մինչեւ չզգա, որ իրենից վախեցան, չի հարձակվի:

        • Ջորդանո Գալիլյան says:

          Չհասկացանք՝ դուք կրոն եք ստեղծում խեղճ հայերի համար, թե՞ սովորական մի կանոնագիրք՝ անհեթեթ անունով: Եթե կա սահմանադրություն՝ էլ ի՞նչ «սուրբ» գիրք: Եթե կա պետություն, գիտություն, բժշկություն՝ ու՞մ են պետք այդ տարատեսակ կրոնները՝ իրենց նախնադարյան «սրբերով» ու «մարգարեներով»: Ի՞նչ իմաստ ունի 21-րդ դարում կրոնական շուն ու կատու խաղացնել…

          • Լավատես says:

            Սահմանադրությունը շատ լավ գաղափար է, ի՞նչ կառաջարկեիք, որ այնտեղ գրվեր, որ մեզ հայերիս վայել լիներ:

          • Ruben says:

            «Չհասկացանք՝ դուք կրոն եք ստեղծում խեղճ հայերի համար…»
            Եթե չեք հասկանում, ո՞ր սահմանադրության «ճշտով» եք հայերին խեղճ անվանում:

          • Ջորդանո Գալիլյան says:

            Կառաջարկեի անպայման գրել Նիկոլի մորուքի ու Հրայրի գրիչի մասին: Մեզ՝ հայերիս, այժմ դա վայել լիներ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կառաջարկեի նախ եւ առաջ կրոնական հիմարություններով չզբաղվել ու մանրից կատարել վերոհիշյալ 10 պատվիրանները: Սահմանադրությունը դեռեւս մեր խելքի բանը չէ. երբ հայերի հիմնական զանգվածը կթոթափի իր վրայից միլլեթի մտածելակերպի փոշին, այնժամ էլ կխոսենք ավելի արժեքավոր սահմանադրական «պատվիրանների» մասին… 🙂

          • Ջորդանո Գալիլյան says:

            Եթե չեք հասկանում, ո՞ր սահմանադրության «ճշտով» եք հայերին խեղճ անվանում:

            Հենց թեկուզ «Որոգայթ փառացի» «ճշտով»: Խեղճությունը հո պոզով-պոչով չի լինում. երբեմն նա ներկայանում է եւ մորուքով, տիգրան-պոմպեոսով ու միկրոհեղափոխական «անգլերենով»…

            Հ.Գ. Անիմաստ ու տրամաբանությունից զուրկ լավատեսական բառակույտը ընդհանրապես շատ դժվար է հասկանալ… 🙂

          • Լավատես says:

            Ինքն իրեն ոչինչ չի թոթափվի, այստեղ մենք միայն մեր կարծիքները չենք որ արտահայտում ենք, ամեն մեկս ճիշտ թե սխալ խնդիրներ ենք առաջարկում ու դրանց լուծումները, ինչպես ասում են, գեղ կանգնի՝ գերան կկոտրի, հայ հավաքական ոգին, խելքն ու շնորհքը միայն կթոթափի մեր դարերի չգիտեմինչերը: Իսկ քննադատությունը տեղին է, երբ արդեն ձեւավորվել է այդ հավաքականությունը, մենք դեռեւս առաջարկների պակաս ունենք: Իսկ մենք չանենք, ուրիշները մեզ կհրամցնեն իրենցը, որը մինչեւ հիմա արվել է, քննադատությունը դնենք մի կողմ, հավաքենք առաջարկներ գաղափարներ, հետո կանցնենք սխալների ուղղմանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829