«Ադրբեջանի կողմից ապակառուցողական հնարքների կիրառման պրակտիկան նոր չէ։ Այդ կարգի հերթական մոտեցում եմ համարում նաեւ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին քաղաքական կարգավիճակ տալու ցանկությունը, որը փորձում են կիրառել ի հակադրություն Արցախի Հանրապետության՝ բանակցություններին ուղղակի մասնակցության առաջարկի։ Նման կեղծ օրակարգերը մենք պետք է մերժենք՝ համապատասխանաբար Ադրբեջանից եւ Արցախի Հանրապետության օկուպացված բնակավայրերից հայ փախստականների հարցերը բարձրացնելով». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը:
– Պաշտոնական քարոզարշավն Արցախում դեռ չի մեկնարկել, սակայն մի շարք կուսակցական գործիչներ, այդ թվում նաեւ Դուք, տարբեր հանդիպումներ եք ունենում հանրության հետ` տարբեր ձեւաչափերով: Ի՞նչ անհանգստություններ կան, որոնք պետք է փարատել մինչ քարոզարշավի մեկնարկը:
– Հանրության հետ հանդիպումներ անցկացնող կուսակցական բոլոր գործիչների փոխարեն չեմ կարող ասել, բայց իմ հանդիպումները տարբեր կոլեկտիվների ու համայնքների բնակիչների հետ անցնում են գործող օրենսդրության տառին համապատասխան. որպես Ազգային ժողովի եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ՝ ես մեր բնակչության հետ պարբերաբար եմ հանդիպումներ ունենում ու տարբեր թեմաներով։ Եվ այդ հանդիպումները նախընտրական քարոզարշավ չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ մենք նախընտրական ծրագրեր եւ այլ նյութեր չենք բաժանում, ոչ էլ խնդրում կամ կոչ ենք անում, որ քվեարկեն մեր օգտին։ Մեր գործունեությունն ամբողջովին համապատասխանում է «Կուսակցությունների մասին» ԱՀ օրենքի պահանջներին։
– Կա տեսակետ, որ Արցախում հասարակությունը չափազանց բեւեռացված է, իսկ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին էր Հայաստանում 2018-ին` նախահեղափոխական։ Այս առումով մտահոգություններ տեսնո՞ւմ եք։
Կարդացեք նաև
– Համապետական ընտրություններին մոտ ամիսուկես է մնացել եւ հասարակությունում տիրող տրամադրությունները լիովին համապատասխանում են նախընտրական իրավիճակին։ Բեւեռացման միտումներ կան, բայց ենթադրում եմ, որ դրանք կապված են անորոշությունների հետ, եւ առաջադրման ու գրանցման փուլից հետո ավելի հանգիստ պատկեր կունենանք: Արցախի դեպքում, թերեւս, առաջին անգամ ենք ունենում մեկ տասնյակից ավելի hանրապետության նախագահի թեկնածուներ եւ քսանից ավելի կուսակցություններ, իսկ դա ենթադրում է քաղաքական ուժեղ մրցակցություն, եւ բնական է նաեւ նախընտրական որոշակի լարվածության առկայությունը։
– Մտահոգություններ կան, որ Հայաստանի իշխանություններն իրենց ֆավորիտ թեկնածուներին են փորձում առաջ մղել` անթաքույց միջամտելով ներարցախյան զարգացումներին: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքը եւ նախընտրական գործընթացները չընթանան ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համահունչ, ես ստիպված կլինեմ ուղղակի կոչով դիմել Արցախի ժողովրդին», արդյո՞ք ուղղակի միջամտություն չէ ընտրական գործընթացներին:
– Անկախ պետականություն հռչակելուց հետո, անցած տարիներին Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ միշտ եղել են փոխըմբռնում եւ հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչպիսին պահանջվում է հայկական երկու հանրապետությունների իշխանություններից։ Այդ հարաբերությունները միշտ էլ վեր են եղել ներքաղաքական եւ անձնական հետաքրքրություններից, եւ հիմա էլ այդպես է։ Հետեւաբար, պետք է գերակշռի այն տեսակետը, որ ում էլ ընտրի Արցախի ժողովուրդը երկրի ղեկավարի պաշտոնում՝ հաշվի է առնվելու համահայկական շահով առաջնորդվելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀ իշխանությունների հնարավոր միջամտությանը, ապա ՀՀ վարչապետի՝ ընտրություններին չմիջամտելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը պետք է ուղեցույց լինի բոլոր պետական կառույցների համար: Հուսով եմ, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուներն ու քաղաքական ուժերը նույնպես գիտակցում են այդ դիրքորոշումից դուրս զարգացումների հնարավոր բացասական հետեւանքների ազդեցությունը ժողովրդավարական ուղով զարգացող Արցախի Հանրապետության ներքին եւ արտաքին շահերի վրա։
– Թեեւ պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Արցախի հարցի կարգավորման փուլում բանակցություններ չկան, որ այս պահին որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, սակայն ԱԳ նախարարները Ժնեւում երկու օր շարունակ հանդիպում են, ապա հայտարարություններ են հնչում` նաեւ հնգակողմ, զուգահեռաբար Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն է հանդիպում Ղարաբաղի, այսպես կոչված՝ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ: Ի՞նչ փուլ են մտել Արցախի հարցի կարգավորման գործընթացները, ո՞ւր մնաց Արցախի` բանակցային սեղան վերադարձի մասին խոստումը։
– Արտաքին գործերի նախարարների հանդիպման եւ ինտենսիվ քննարկումների մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում։ Մանավանդ, որ դրան նախորդել են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «կարմիր գծերը» նշելու մասին հայտարարությունները։
Ադրբեջանի կողմից ապակառուցողական հնարքների կիրառման պրակտիկան նոր չէ։ Այդ կարգի հերթական մոտեցում եմ համարում նաեւ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին քաղաքական կարգավիճակ տալու ցանկությունը, որը փորձում են կիրառել ի հակադրություն Արցախի Հանրապետության՝ բանակցություններին ուղղակի մասնակցության առաջարկի։ Նման կեղծ օրակարգերը մենք պետք է մերժենք՝ համապատասխանաբար Ադրբեջանից եւ Արցախի Հանրապետության օկուպացված բնակավայրերից հայ փախստականների հարցերը բարձրացնելով։
Այս համատեքստում նաեւ անտեղի եմ համարում Արցախից վերջին շրջանում հնչող ավելորդ խաղաղասիրական բնույթի մեկնաբանությունները. մեր պարագայում այդ օրինակներն անարդյունք մտավարժանքներ են:
– Դուք արձագանքեցիք ՀՀ վարչապետի` Կապանից նետած մարտահրավերին եւ հայտնեցիք հարցի կարգավորման վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Իսկ Ձեզ հայտնի՞ է այսօր բանակցող եւ բանակցությունների պատասխանատու ՀՀ վարչապետի դիրքորոշումը: Ի դեպ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը «անհեթեթություն» որակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը` իբր ինքը բանակցում էր ազատագրված տարածքները վերադարձելու շուրջ: Ի՞նչ կասեք այս առումով:
– Հիմնախնդրի լուծման գործընթացը միշտ էլ առիթ է տվել տարբեր մեկնաբանությունների համար։ Իհարկե, խոսքը համահայկական նշանակություն ունեցող հարցի մասին է, բայց «հանձնել-չհանձնելու» մասին խոսակցությունները եւ նախկինում, եւ հիմա հասարակության մեջ անհարկի լարվածություն են ստեղծում, որի արդյունքում երկրի ներսում միմիայն բաժանարար գծեր են ավելանում։
Մենք անընդհատ նույն շրջապտույտի մեջ ենք հայտնվում: Դա այն դեպքում, երբ ամեն ինչ պարզ է ու հստակ. Արցախի այսօրվա իրականությունը՝ տարածքի, կարգավիճակի եւ անվտանգության առումով, նվազագույնն է, որը կարող է մեզ հասցնել միասնական հայկական պետություն ունենալու նպատակին։
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.02.2020