Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատ երեխաները չունեն հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, լոգարան կամ ցնցուղ

Փետրվար 15,2020 14:30

Հայաստանի վիճակագրական կոմիտեի անդրադարձը

Սառնարան, լվացքի մեքենա, բջջային հեռախոս, փոշեկուլ, տեսամագնիտոֆոն, լուսանկարչական ապարատ, աուդիո համակարգ, ավտոմեքենա: Սրանք այն ապրանքներն են, որոնց առկայությունը կամ բացակայությունը մեր երկրի տնային տնտեսություններում արտացոլում է աղքատության մակարդակը: Հայաստանի վիճակագրական կոմիտեն` մանկական աղքատության վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է երեխաների նյութական չքավորության խնդիրներին: Այդ խնդիրները խիստ բացասաբար են ազդում երեխաների սոցիալական զարգացման վրա:

Նյութական չքավորությունը չափվում է տնային տնտեսությունում երկարաժամկետ օգտագործման վերոնշյալ ապրանքների բացակայությամբ:

Ըստ կոմիտեի մասնագետների, ընտրվել են հենց այս ապրանքատեսակները, քանի որ 2009-2018 թվականներին հետազոտության մասնակից տնային տնտեսությունների առնվազը 10%-ը դրանցից ունեցել է:

Աղքատ երեխաների շրջանում` երեխաների ընդհանուր թվաքանակի համեմատ, զգալիորեն ավելի բարձր է երկարաժամկետ օգտագործման վերոհիշյալ ապրանքներից որեւէ մեկը չունեցող տնային տնտեսություններում ապրելու հավանականությունը: Ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում թվարկված ապրանքներից որեւէ մեկը չունենալու հավանականությունն ամենաբարձրն է: Այսպես օրինակ՝ եթե երեխաների ընդհանուր թվաքանակի 22.7%-ն է ապրում փոշեկուլ չունեցող տնային տնտեսություններում, ապա աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաների` համապատասխանաբար 33,3% եւ 52,1%-ն է ապրում նշված ապրանքատեսակը չունեցող տնային տնտեսություններում: Կամ, երեխաների ընդհանուր թվաքանակի 25,5%-ն է ապրում համակարգիչ չունեցող տնային տնտեսություններում, մինչդեռ նույն ցուցանիշն աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում կազմում է համապատասխանաբար` 46,7% եւ 71,7%:

Կոմիտեի մասնագետները փաստում են, որ աղքատ եւ ոչ աղքատ երեխաների միջեւ կարիքավորության մակարդակի տարբերություններն էական են:

Աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում նյութական կարիքավորությունն ավելի բարձր է եւ կազմում է, համապատասխանաբար` 40.4% եւ 72.5%:

Օրինակ, սառնարան չունենալու կշիռն ավելի փոքր է, քան համակարգիչ չունենալունը, քանի որ սառնարան ունեցող տնային տնտեսությունների քանակը գերազանցում է համակարգիչ ունեցողներին:

Ըստ զեկույցի հեղինակների,  կացարանային հիմնախնդիրները նույնպես բացասաբար են ազդում երեխաների առողջության, անվտանգության, կրթության եւ սոցիալական զարգացման վրա:

Նրանք պարզել են, որ աղքատ երեխաները հաճախ բնակվում են կացարանային կարեւոր հարմարություններից զուրկ տներում: Չունեն հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, ստացիոնար հեռախոս, լոգարան կամ ցնցուղ:

«Հարկ է նշել, որ ներկայումս ստացիոնար հեռախոսները դուրս են մղվում բջջային հեռախոսների կողմից, որոնց մատչելիությունը տնային տնտեսություններում կազմում է 99.9%: Երեխաների ընդհանուր թվաքանակի միայն 15%-ն է ապրում թվարկված բոլոր հարմարություններն ունեցող տներում, մինչդեռ ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 0%: Օրինակ, անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 66.1%-ը եւ ծայրահեղ աղքատ երեխաների 87.8%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 50.8%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 30.7%-ը եւ ծայրահեղ աղքատ երեխաների 42.0%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 25.0%-ի համեմատ»,-նշված է զեկույցում:

Կոմիտեի մասնագետները նաեւ պարզել են, որ ինչպես աղքատ եւ ծայրահեղ աղքատ, այնպես էլ բոլոր երեխաների շրջանում 10%-ից պակասն ունեն այնպիսի խնդիրներ` ինչպիսիք են աղմուկ հարեւաններից եւ շրջապատից, երթեւեկության խցանում ու արդյունաբերական արտանետում, ապրուստը գերբնակեցված կացարաններում եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829