Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածի դուստրը խնդրեց պաշտպանության միջոց կիրառել

Փետրվար 15,2020 13:30

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու համար:

Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, վերաքննիչ քրեական դատարանը գործը բեկանել էր եւ ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության:

Նոր Նորքի նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցավ անդրանիկ նիստը: Նախկին ոստիկանության աշխատակցի ընկերները դատավորի՝ խորհրդակցական սենյակ մտնելուց հետո լքեցին նիստերի դահլիճը, եւ ինչպես ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց դատարանին, այսուհետ դատական նիստերին ներկա կգտնվեն Բաղդասարյանի հարազատները միայն:

Սպանվածի դուստրը՝ Անի Արշակյանը, խնդրել էր դատարանին, որպեսզի իր, ընտանիքի անդամների, տան, որտեղ բնակվում է, պաշտպանության միջոց կիրառվի, քանի որ ուներ վախ ամբաստանյալի հարազատներից, մասնավորապես՝ ամբաստանյալի հորից: Անին այս գործով եղել է ականատես վկա, նա իր եղբայրների եւ 3-ամյա երեխայի հետ ականատես է եղել հոր սպանությանը:

Պաշտպանության միջոցի կիրառմանն առարկեց Ե. Սարգսյանը, ասելով, որ նման հարց է բարձրացվել նախորդ դատարաններում, սակայն, չգիտես ինչու, ընթացք չի տրվել, նա նաեւ պահանջեց դատարանից, որպեսզի հետագա շահարկումներից խուսափելու, նաեւ իր պաշտպանյալի խափանման միջոցի հետ կապված խնդիր չծագի, դատախազը ներկայացնի այն փաստաթղթերը, որոնց համաձայն, կպարզվի, թե ենթադրյալ հանցագործության մասին քրեական գործ կա հարուցված, թե ոչ:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սերգեյ Մանուկյանի գնահատմամբ էլ կա թաքնված վտանգ:

Պաշտպանական կողմին հետաքրքրում էր, եթե առկա է վտանգ, ապա ինչու չեն դիմել իրավապահ մարմիններին:

Դատավորը մերժեց պաշտպանության միջոց կիրառել Անի Արշակյանի նկատմամբ:

Ըստ մեղադրանքի՝ «Ամբաստանյալը Երեւան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի 36 տան բնակիչ Տիգրան Արշակյանի կողմից հեռախոսազրույցի ընթացքում իր հոր՝ Արմեն Բաղդասարյանի հետ անհարգալից խոսելու հանգամանքը պարզաբանելու նպատակով՝ հորաքրոջ որդու՝ Արման Ենոքյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, գնացել է Տիգրան Արշակյանի բնակության վայր՝ իրեն պատկանող «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենան կանգնեցրել է Լուկաշին փողոցի 29 տան դիմաց: Պարզաբանումներ կատարելու նպատակով հեռախոսազանգով դուրս է հրավիրել Տիգրան Արշակյանին, որից հետո, նշված հասցեի դիմաց՝ փողոցում, վիճաբանության մեջ է մտել Տիգրան Արշակյանի, եւ վերջինիս հետ տնից դուրս եկած եղբոր՝ Տարոն Արշակյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է Տիգրան Արշակյանի դեմքին, այնուհետեւ, որդուն՝ Տիգրանին հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու համար սույն գործով տուժող Սամվել Արշակյանի կողմից վիճաբանությանը միջամտելուց եւ Աշոտ Բաղդասարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, Աշոտ Բաղդասարյանը մոտեցել է իրեն պատկանող «Հոնդա Սոնատա» ավտոմեքենային, հետեւի ձախ կողմից վերցրել է իր ավտոմեքենայում ապօրինի պահվող 1913 թվականի գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի «16623» համարի թմբուկավոր ատրճանակը, որի բռնակով մեկ անգամ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին, պատճառելով ձախ քունքա-գագաթա-ծոծրակային շրջանում սալջարդ վերքի եւ ենթամաշկային արյունազեղման ձեւով արտահայտված թեթեւ աստիճանի մարմնական վնասվածք, որից հետո Սամվել Արշակյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ երեք անգամ կրակել է վերջինիս կրծքավանդակի, ձախ զստային շրջանի, ձախ ազդրի հատվածներին, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ,…ինչի հետեւանքով առաջացած արյան սուր կորստից Սամվել Արշակյանը մահացել է»:

Երեմ Սարգսյանը միջնորդեց, որպեսզի դատակոչի ցուցակներում ընդգրկվեն Արշակյան եղբայրները, ինչը դատարանը բավարարեց, հայտնելով՝ կծանուցվեն նրանք: Դատական նիստը կշարունակվի մարտի 4-ին:

Ամբաստանյալը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է եւ անազատության մեջ է 2016 թվականի նոյեմբերի 22-ից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829