Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աստված քեզ ստեղծել է ճիշտ իմ ուզածի նման»

Փետրվար 15,2020 12:00

Ռոլան Բիկովի խենթ սերը

Կինոյի եւ թատրոնի անվանի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ռոլան Բիկովին լովելաս էին համարում, իրականում նա միասեր էր, գրում է kulturologia.ru-ն: Ելենա Սանաեւային նա սիրահարվեց առաջին իսկ հանդիպման ժամանակ: Ելենան վստահ էր, որ «Докер» ֆիլմում խաղալու է Բիկովի հերոսի կնոջ դերը: Այդ ժամանակ Բիկովը բաժանված էր կնոջից, իսկ դերասանուհին երկրորդ անգամ էր ամուսնացել եւ տղային էր մեծացնում: Նա հաճախ էր ուշանում նկարահանումներից, ինչի պատճառով էլ Բիկովը որոշել էր փոխարինող գտնել՝ ի դեմս Մարիա Բուլգակովայի:

Ելենա Սանաեւան, սակայն, հեշտ հանձնվողներից չէր: Թեեւ նրան հայտնել էին, որ այլ դերասանուհի է իր փոխարեն նկարահանվելու, նա, այնուամենայնիվ, եկավ նկարահանման հրապարակ, որտեղ պետք է խաղար Բիկովի հետ: Վերջինս տեսնելով գեղեցիկ կնոջը, նրան ստիպեց համբուրվել իր հետ, թեեւ սցենարով նման բան նախատեսված չէր: Բիկովը վստահ էր, որ հենց Ելենան է իր կյանքի միակ կինը, ու հաճախ էր նրան ասում. «Աստված քեզ ստեղծել է ճիշտ իմ ուզածի նման»: Դերասանուհուն նա դուր չէր գալիս ոչ վարքով, ոչ արտաքինով, եւ Բիկովի` իր հետ ամուսնանալու վերաբերյալ ակնարկները նրան անհեթեթ էին թվում:

Մեկ տարի անց, Ելենան հասկացավ, որ արտաքնապես ոչ այդքան գեղեցիկ տղամարդն իրեն անչափ դուր է գալիս, որովհետեւ օժտված է անասելի հմայքով: Նրանք ամուսնացան, սակայն օրինականացրին իրենց հարաբերությունները միայն 13 տարի անց, քանի որ Բիկովը ծանր հիվանդ էր ու մտահոգ, որ կինը կարող է իրենից հետո զրկվել ամեն ինչից:

Երիտասարդ կնոջ ծնողները դեմ էին այս ամուսնությանը: Կրակի վրա «յուղ» էր լցնում նաեւ Բիկովի նախկին կինը, նա անընդհատ զանգահարում էր Ելենա Սանաեւայի մորն, ու ասում, որ նախկին ամուսինը կփչացնի Ելենայի կյանքը, ու ինքը կարող է մի ճամպրուկ տարբեր կանանցից ամուսնուն ուղղված սիրային նամակներ ցույց տալ: Ելենան, սակայն, տեղի չտվեց: Նա սիրում էր եւ անսահման սիրված էր: Ռոլան Բիկովը նեղսրտում էր, որ հաճախ կնոջն իր դստեր տեղն էին դնում, պահանջում էր այնպես հագնվել, որ ավելի երիտասարդ չերեւա: Նրանց միջեւ 25 տարվա տարբերություն կար: Եղավ մի շրջան, երբ Բիկովն ամեն ինչ անում էր, որ կինը քիչ նկարահանվի ու պատճառաբանում էր, թե այդպիսով փրկում է նրան հանրության ավելորդ ուշադրությունից ու չար աչքերից: Մինչդեռ, ըստ kulturologia.ru-ի, նա մտածում էր, որ եթե կինն ամուր կանգնի իր ոտքերի վրա, ճանաչված լինի եւ ինքնուրույնություն ունենա, կլքի իրեն:

Երբ ամուսնու մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, Ելենան ահավոր ծանր տարավ այդ լուրը: Նա օրերով Բիկովի անկողնու մոտ նստած էր անցկացնում: Իսկ մահից հետո երդվեց, որ այլեւս չի ամուսնանալու:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829