Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: ԱԱԾ-ից դեռ տեղեկություններ չեն տրամադրում այդ վեց անձանց մասին՝ ով են, ինչ գործով են զբաղվում: Մամուլի հրապարակումներից հայտնի է միայն, որ նրանցից մեկը խոշոր շինարար Վազգեն Պողոսյանն է, մյուսը շինարարների միության նախագահ, ճարտարապետության եւ շինարարության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՔԿ Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը:
«Այնքանով ենք տեղեկացված, ինչքանով մամուլն է տեղեկացրել, մնացած հարցերը, թե դա այդպես է, այդպես չէ, կարծում ենք, որ համապատասխան մարմինները կտան դրա պատասխանը: Գագիկ Գալստյանը շինարարների միության նախագահն է, նա այս երկրի համար մեծ վաստակ ունի: Այդ մարդն այնքան ներդրում ունի երկրի տնտեսության, շինարարության զարգացման մեջ, որ անգնահատելի է: Մենք էլ ենք մտահոգ այդ հարցի վերաբերյալ, բայց ինչպես, ոնց չեմ կարող ասել»,- ասաց շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Վերմիշյանը հայտնի խոշոր շինարարական ընկերություն ունի ու բերման է ենթարկվել իր ընկերության գրասենյակից:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ մոտ մեկ տարի Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարած Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այլ հարցերի նա չկարողացավ պատասխանել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ