ԱԳ նախարարի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ
Փետրվարի 14-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին:
Գործընկերները մտքեր փոխանակեցին հայ-խորվաթական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես կարևորեցին տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, փոխայցերի ակտիվացման և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։
Կարդացեք նաև
Առանձնահատուկ ընդգծվեց բազմակողմ հարթակներում համագործակցության ներուժի լիարժեք կիրառումը։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը` կողմերն ընդգծեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների խթանման և իրավական կարգավորման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Մարդկանց միջև փոխշփումների աշխուժացման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը Հայաստանի համար:
ՀՀ ԱԳՆ