Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, փետրվարի 14-ին կայացավ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետո իր խոսքերից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործով դատական նիստը:
Նշենք, որ Վյաչեսլավ Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին՝ հիմքում դնելով դատախազի կողմնակալությունը եւ պնդելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ։ Միջնորդության դեմ առարկել էր դատախազ Վարդգես Սարգսյանը՝ որակելով անհիմն։
Այսօրվա դատական նիստին դատարանը որոշում կայացրեց մերժել միջնորդությունը: Դատախազ Վարդգես Սարգսյանը չի հեռացվի վարույթից։
Aravot.am-ի հետ զրույցում նիստից որոշ մանրամասներ ներկայացրեց Ռոման Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ դատավորը վատառողջ լինելու պատճառով խնդրել է հնարավորության դեպքում ապացույցների հետազոտության կարգ սահմանել և դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 14.00-ին:
Կարդացեք նաև
Հարցին՝ նորից դատախազի բացարկի միջնորդությունը ներկայացնելո՞ւ են, պաշտպանը պատասխանեց. «Նախորդ նիստերի ժամանակ էլ որոշակի միջնորդություններ ներկայացրել ենք որոշակի անձանց հրավիրելու, հարցաքննելու համար, սակայն դատարանի կողմից մերժվել է, բայց դա մեզ չի սահմանափակել, որ մենք հետագայում այդ միջնորդությունները կրկին թե′ այդ, թե′ այլ հիմքերով նորից ներկայացնենք»:
Մեր հիշեցմանը՝ դատախազի կողմնակալության հետ կապված մտահոգություններ ունեին, շարունակո՞ւմ են նույն մտահոգությունները պահպանվել, Ռոման Սարգսյանը պատասխանեց. «Կրկին միջնորդություններ ունենք, դատաքննությունը, որ սկսվեց, մեկ-երկու նիստի ընթացքում դատախազի և դատարանի վերաբերմունքը համեմատելով՝ կհասկանանք՝ այդ անձինք շարունակո՞ւմ են կողմնակալ վերաբերմունք դրսևորել, թե՞ ոչ: Հետագայում միջնորդությունները կներկայացնենք ըստ դրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ