Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մեր ոսկին քանդում՝ տանում եք, դրա տեղն ի՞նչ եք տալու գյուղացուն. Ազատեկի բնակիչները՝ հանքը շահագործել ցանկացող ներդրողին

Փետրվար 14,2020 20:35

Վայոց Ձորի մարզի Ազատեկ համայնքում այսօր հանրային լսումներ էին:

«Վայկ-ինվեստ» ընկերությունն ուզում է այս համայնքում ստորգետնյա եղանակով շահագործել ոսկի-բազմամետաղների հանք, սակայն մինչ այդ պետք է ստանա համայնքի բնակիչների համաձայնությունը:

Ընկերության ներկայացուցիչ, երկրաբան Վահե Մալխասյանը ներկայացրեց ծրագիրը՝ շահագործումը կատարելու ենք բացառապես ստորգետնյա եղանակով, նախատեսում ենք 250-300 աշխատատեղ, օգտագործելու ենք Ազատեկի միայն ձախափնյա հատվածը:

Վայքի բնակիչ Շիրակ Միքայելյանը, որը Վայոց Ձորի Տուրիզմի զարգացման եւ տեղեկատվական կենտրոնի հիմնադիրն է, հետաքրքրվեց՝ պայթեցումներ անելով արդյոք չե՞ն հրահրում երկրաշարժեր, քանի որ

Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտի է:

Հաջորդ մտահոգությունը հանքաքարի մշակումից առաջացած թափոններն են նաեւ Վայքի լեռներում ուրանի հնարավոր առկայությունը: Բացի այդ, ըստ Շիրակ Մելիքյանի, զորամասը երկու մետր է հեռու հանքավայրից եւ, ստացվում է, որ ռադիոակտիվ նյութեր արտանետելով՝ զինվորին դնում են վտանգի տակ:

Շիրակ Միքայելյանը գործարար Մալխասյանին հորդորեց՝ ինչ բիզնես ուզում են Վայքում սկսել, կօգնեն՝ կաջակցեն, բայց հանքի գաղափարից հրաժարվեն:

«Մեր ոսկին քանդում՝ տանում եք, դրա տեղն ի՞նչ եք տալու գյուղացուն»,-Մալխասյանին հարցրեց Ազատեկի գյուղացիներից մեկը:
«Աշխատանք»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Ազատեկցիներից մեկը նշեց, որ այս ընկերությունից առաջ այլ ընկերություն է հանքը շահագործելու մտադրություն հայտնել, հանդիպել է գյուղացիներին եւ այլ խոստումներ էլ է տվել, բացի աշխատանքից: Ըստ նրա, օրինակ՝ խոստացել է ճանապարհները վերանորոգել եւ համայնքի այլ սոցիալական հարցեր լուծել եւ անգամ այդ պայմաններից հետո գյուղացիներն ասել են՝ կմտածենք. «Հիմա, հանկարծ լսում ենք լրիվ ուրիշ կազմակերպություն: Ես ոչ թե դեմ եմ կամ կողմ եմ շահագործմանը, այլ կողմ եմ եղել իրենց գաղափարին: Ասում եք՝ մենակ աշխատատեղ: Ես տալիս եմ իմ ընդերքի ամենաուժեղ հարստությունը եւ տալիս եք մենակ աշխատատեղ: Եթե մենակ աշխատատեղ է լինելու, խորհուրդ կտամ, որ ոչ ոք էլ չհամաձայնվի: Պայթեցումներ լինելու են, թե ոչ՝ հարցադրմանը Վահե Մալխասյանն ի պատասխան ասաց, որ ինքը երկրաբան է եւ որեւէ մեկը մինչ այժմ չի կարող ասել երկրաշարժերն ինչից է առաջանում:

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դեռեւս ծրագիր չի ներկայացրել՝ արդյոք ստորերկրյա եղանակով շահագործման դեպքում օգտագործելու են պայթեցման թե մեկ այլ եղանակ. «Դրանք պարզ կլինեն, երբ ունենանք երկրաբանական առաջադրանք: Կուսումնասիրենք ապարների կարծրությունը, դրանց ճեղքավորվածությունը եւ այլն եւ որոշենք ստորգետնյա շահագործման համար ինչ եղանակ ենք ընտրելու, որովհետեւ մի քանի եղանակներ կան»:

Նա նաեւ ասաց, որ հանքաքարը տեղափոխվելու է ոսկու կորզման գործարան։ Օգտագործվելու է գրավիտացիա եւ ֆլոտացիա, չոր պոչեր են լինելու: Պարոն Մալխասյանը անդրադարձավ նաեւ ուրանի առկայությանը, զինվորներին վտանգի տակ դնելու հարցին՝ նշելով, որ մարզպետարանը եւ այլ կառույցներ կատարել են ռադիոակտիվ չափումներ եւ ապացուցվել է, որ տարածքում ռադիոակտիվությունը շատ ավելի ցածր է քան՝ Երեւանում:

Ի պատասխան համայնքի բնակիչներից մեկն ասաց՝ հիմա է ցածր, բայց…: Մի գյուղացի էլ համագյուղացիների մտահոգություններին արձագանքեց՝ սովետի տարիներից բացված անցքեր կան, դե գնայիք դրանց համար պայքարեիք:

Գործարար-երկրաբանն ասաց, որ սոցիալական ծրագրեր նախատեսում են:

Վայքի բնակիչներից մեկը հարցրեց՝ ի՞նչու է ընկերությունը

Մեկ մի անունով հանդես գալիս, մեկ՝ մյուս: Հարցրեց նաեւ, թե ովքեր են նրանց ազդեցիկ հովանավորները, բաժնետերերը կառավարությունում: Ապա` կասկած հայտնեց, որ արագացված կարգով կազմակերպած լսումները, բաժնետերերի փոփոխությունները ընկերության նկատմամբ անվստահություն են ստեղծում:
Վահե Մալխասյանն ասաց՝ հիմա այնպես չէ, որ լիցենզիան մեզ մոտ է եւ շահագործում ենք: Ասաց նաեւ, որ ամբողջ ներդրումը հայկական ընկերություն է անելու եւ, եթե ամբողջը նորմալ ընթանա, ներդրողներն անձամբ կգան՝ կծանոթանան:

Հանրային քննարկումները Ազատեկ համայնքում կշարունակվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829