«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի կարծիքով՝ անցումային արդարադատության կարիք այսօր կա:
«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցած «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով քննարկմանը Նինա Կարապետյանցը մանրամասնեց. «Ունեցել ենք արդարադատության իրականացման համար պատասխանատու մարմիններ, որոնք ներգրավված են եղել այն հանցագործության մեջ, որոնք տեղի են ունեցել Հայաստանում՝ կառավարությունը, ԱԺ-ն, դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն»:
Ըստ նրա՝ մարդիկ դուրս են եկել փողոց, հեղափոխություն արել, քանի որ ակնհայտ էր՝ չկա արդարություն, հիմա եկել է այն պահը, երբ ժողովուրդը պետք է ստանա այդ արդյունքը՝ արդարադատությունը:
Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ իրավապաշտպանն ասաց, թե այս պահին իր համար ակնհայտ է, որ համակարգված կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, որ ստորին համակարգում չկա. «Համակարգային մոտեցում չի եղել: Ո՞վ պետք է գնահատական տա, երբ այդ նույն դատախազական, քննչական մարմիններում ոչինչ չի փոխվել՝ ոչ մարդկային ռեսուրսների, ոչ էլ այլ տեսանկյունից»:
Կարդացեք նաև
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը նկատեց, թե անցումային արդարադատության` իր բնութագրմամբ տխրահռչակ հաղթարշավը կառավարող ուժը սկսել է վեթթինգով և վեթթինգով էլ ավարտել է: Նա մանրամասնեց. «Հատվածական ինչ-որ կարևոր խնդիրների անդրադարձել են, բայց մնացած հարցերում կառավարող ուժը ձևակերպված մոտեցումներ չունի, դա նշանակում է ժամանակը գնում է, հարցեր են առաջանում, բայց լուծումներ չկան»:
Փողերի վերադարձի մասին խոսելով՝ Միքայել Նահապետյանը հիշեցրեց բոլորը հատ-հատ, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են թեմայով հայտարարությունները և նշեց, որ այդպես էլ հստակ չասվեց, պայմաններ չդրվեցին, թե ինչ պետք է անեն այդ մարդիկ, որ կարողանան ապրել այս երկրում: Ըստ նրա, եթե հայտարարվում էր, որ բռնելու ենք, պետք էր բռնել, եթե չես կարողանում, ուրեմն ասել պետք չէ:
Այս առիթով Միքայել Նահապետյանը եզրափակեց. «Երբ անցյալի հետ հաշիվներդ չես փակում, ապագադ կորցնում ես, ամբողջ ներկան նվիրում ես դրա հետ կռիվ անելուն: Նախորդ համակարգի մարդիկ իրավունք ունեն այս երկրում որևէ կերպ ապրելու: Արդարադատությունն այն է, որ եթե արել ես այսինչ բանը, անցնելու ես այս քավարանով, երբ չես անցնում, քեզ մեղադրում են: Բայց երբ անձի վզից կախում ես մեղքը, բայց իրեն չես ասում, թե ոնց կարող է մաքրվել, ամբողջ կյանքն այդ թշնամանքի մեջ է ապրում, լարվածության: Գումարները լցնում է մեդիա, ռեւանշի է պատրաստ: Բայց մենք այս ամենում կարևոր բաների մասին մտածելու ժամանակ չենք ունենում: Չենք ունենում ժամանակ մտածելու, որ մեր քաղաքացիները թիվն ավելի քիչ է լինելու 2050-ին, քան այսօր, հետևաբար մեր միջին վիճակագրական քաղաքացին ավելի կիրթ ու արտադրական ուժերով պետք է լցված լինի, որ կարողանա հաղթահարել այդ բարդությունները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի