Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արսեն Թորոսյանը չէր կարողանում աչքերիս մեջ նայել՝ ձեռքերը տրորելով…». Դավիթ Սանասարյանը գտնում է, որ նախարարին ճնշել են

Փետրվար 14,2020 19:22

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործի քննությունն էր: Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Ըստ հեմոդիալիզի գնումների գործով մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մեղադրող դատախազը նիստում ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զանգահարել է Դավիթ Սանասարյանին, հարցրել է՝ տեղյա՞կ ես, որ նման բան է կատարվում, Դավիթ Սանասարյանը պատասխանել է՝ այո, իմ աշխատողի ընկերությունն է:

Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ չի եղել նման բան. «Չգիտեմ որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, նման բան չի եղել: Ընդհակառակը, ես Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ մոտ իմ աշխատակցին եւ իմ աշխատակիցը՝ Ադյանը, ասել է, որ կապ չունեմ այդ կազմակերպության հետ: Թե Արսեն Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ Արսեն Թորոսյանն իրականություն է փոխում, ես չգիտեմ»:

Հարցին՝ խաբե՞լ է ձեր աշխատողը ձեզ՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ եթե խաբել է դատապարտում է, բայց անմեղության կանխավարկածը դեռ պետք է պահել. «Ինձ հայտնի է, թե ինչ միջոցներով են ցուցմունքներ կորզել, հանուն ինչի են ասել: Ցուցմունք են կորզել իմ դեմ: Այդ գործում կա երկու «փաստ», այդ երկու «փաստը» ցուցմունք է, ուրիշ նախաքննական մարմինը, դատախազությունը որ ունեցել են ու ներկայացրել են դատարան՝ չի եղել նման բան, Սամվել Ադյանի ու Արսեն Թորոսյանի ցուցմունքներն են, ուրիշ ապացուցողական բազա իրենք չունեն»:

Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել, Սանասարյանն էլ ասաց. «Ինձ ասել են, թե ինչ պայմաններում է ցուցմունք տվել: Թե ինչ պայմաններում, այս պահին չեմ ուզում հրապարակայնացնեմ, դատաքննության ժամանակ կխոսեմ: Ես խանգարել եմ մարդկանց»: Ճշտեցին՝ Վանեցյանի՞ն նկատի ունեք՝ Սանասարյանը պատասխանեց, որ այդ անունը չի ուզում տալ:

Հարցին՝ երբ դուք Ադյանին կանչել եք ու հարցրել եք, նա հավաստիացումներ է արել, ինչո՞ւ չեք ստուգել՝ նա ճի՞շտ է ասում, թե՞ ոչ՝ Սանասարյանն էլ պատասխանեց. «Ես չունեմ այն օպերատիվ միջոցները, որոնց միջոցով ես կարող եմ դա անել, ՊՎԾ-ին նման լիազորություններ հատկացված չեն: Ես այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ աշխատակիցների վերաբերյալ դիմենք իրենց, իրենք մեզ տան տեղեկատվություն, որպեսզի ավելի ապահով լինենք: Նա տվել է բացասական պատասխան՝ ասելով, որ նման բան օրենքով լիազորված չեն անել: Ես ինչո՞ւ պետք է հավատամ այլոց, չհավատամ իմ աշխատակիցներին: Որ ասում են՝ մտերիմ հարաբերություն եմ ունեցել, ես գործընկերային հարաբերություն եմ ունեցել իմ աշխատակիցների հետ, ում հետ շփվել եմ: Իրենք ուզում են ներկայացնել, թե ես իմ ընկերոջը արտոնություն եմ տվել, նման բան չկա»:

Սանասարյանն ասաց. «Սամվել Ադյանը իր աշխատանքի ընթացքում պետությանը օգուտ է տվել մի քանի հարյուր մլն դրամ, տարբեր քրգործեր են հարուցվել ու երբ աշխատակիցն ասում է, որ ես կապ չունեմ, ո՞նց պարզեմ, որ դա իր ընկերոջն է ու ինքը խորհուրդ է տվել գնումների վերաբերյալ: Այն աշխատանքը, որ ՊՎԾ-ն արել է դիալեզի շուկայում, եթե ամբողջությամբ պարզվեր, բոլորի համար ակնհայտ կլիներ, թե ինչ է կատարվում երկար տարիներ դիալեզի շուկայում: Բիզնեսմենին հարցրեք՝ երբ բիզնես են անում, շահույթը ինչքա՞ն է, կպատասխանեն՝ 30%, իսկ այս գործով իրենք 120% շահույթ են ստացել: Պատկերացրեք ինչքան մեծ է շահույթը»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ ունի ապացույց՝ ֆեյսբուքյան գրագրություն, որտեղ ինքը Արսեն Թորոսյանին գրում է՝ «չգիտեմ ինչ կազմակերպության մասին ես դու ասում», մինչդեռ Թորոսյանը պնդել է, որ Սանասարյանն իմացել է՝ այդ կազմակերպությունը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, Սամվել Ադյանին է պատկանում. «Չգիտեմ Թորոսյանին ինչ են տվել դրա դիմաց, ինչ են ասել, ոնց են ճնշել…կարող է բժիշկները ինչ-որ դեղ են տվել, ես ի՞նչ իմանամ»:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք Արսեն Թորոսյանի հետ առերեսվել եք, գրագրությունը երբ ցույց տվեցիք, ի՞նչ ասաց՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չէր կարողանում աչքերիս մեջ նայել, ձեռքերը տրորելով…Ինքը մոռացել էր այդ գրագրության մասին, ասում էր, թե ես հեռախոսով ընդունել եմ: Երբ որ ես ցույց տվեցի, ասեցի՝ տե՛ս, Արսեն, ես քեզ ասել եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է խոսքը ու իմ համար օրենքի տառը պահպանելն է կարեւոր, ինքը ինձ ասել է՝ «էդ գնումների ախմախ օրենքը իմ համար կապ չունի, իմ համար կարեւորը հիվանդների առողջությունն է»: Երբ որ ներկայացնում եմ, որ բժշկական կենտրոնները վնաս են կրել, մի հատ թող վնաս ներկայացնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829