«ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին»,-քիչ առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այս որոշումը միաձայն ընդունվել է քաղխորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների, պատգամավորների կողմից:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը խնդիրը տարավ քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը եղել է անընդունելի:
Լրագրողների հարցերին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չեն կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին: Հարցին, եթե դա սևի ու սպիտակի բաժանարար գիծ է, ինչո՞ւ խմբակցությունը չմասնակցեց և իր քվեարկությամբ չարտահայտեց իր դիրքորոշումն ի սկզբանե հենց խորհրդարանում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Խորհրդարանում գործողությունները գնացին ոչ իրավական ճանապարհով: Մենք հնչեցրինք առաջարկ՝ աշխատել խորհրդարանական մեծամասնության հետ այս գործընթացը իրավական դաշտ բերելու համար, սակայն մեր գործընկերները նշեցին, որ սա իրենց համար իրավական հարց չէ, այլ քաղաքական, և քննարկումների բովանդակությունից ակնհայտ դարձավ, որ խնդիրը կրկին սևի ու սպիտակի դաշտում է, ինչը մեզ համար անընդունելի է, դրա համար քաղխորհուրդը նման որոշում կայացրեց»:
Կարդացեք նաև
Այն դիտարկմանը՝ փաստորեն ԲՀԿ-ն ոչ-ի շտաբ չի ձևավորի՝ այդպիսով չխանգարելով իշխող ուժին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Դա Ձեր մեկնաբանությունն է: Մենք ասել ենք, որ հանրաքվեն՝ որպես ուղիղ ժողովրդավարության գործիք, մեզ համար մշտապես եղել է ընդունելի: Մենք պնդում ենք մեր դիրքորոշումը՝ նույնիսկ կողմ կլինենք Շվեյցարիայի օրինակով լրջագույն հարցերը դնել հանրաքվեի, բայց գործընթացն արդեն իրավական դաշտից քաղաքական դաշտ է տեղափոխվել, ուստի մենք այս գործընթացին չենք մասնակցելու»:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե պիտի երկրորդի Գագիկ Ծառուկյանին, քանի որ ավելացնելու բան չունի:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց անձնական տեսակետները հայտնելու են, եթե լինեն խնդրահարույց հարցեր: Այն դիտարկմանը՝ փաստորեն խորհրդարանի երկրորդ ուժը նման կարևոր հարցում պարապուրդի՞ է մատնվում, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Մենք պարապուրդի չենք մատնվում: Սա քաղաքական որոշում է չմասնակցել մի գործընթացի, որն ի սկզբանե դուրս է եղել իրավական հարթությունից»:
Նշենք, որ նիստից հետո հերթով դուրս էին գալիս ԲՀԿ-ական պատգամավորները, սակայն նրանցից ոչ ոք այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ քաղխորհրդի նիստում քննարկել են այդ հարցը և վստահեցրեց, որ շուտով նիստի սղագրությունը կհրապարակվի, իսկ դիրքորոշումը մանրամասն կներկայացնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրել էր, որ սահմանադրական հանրաքվեի մասին կուսակցությունը դիրքորոշում կհայտնի քաղխորհրդի նիստից հետո: Հիշեցնենք՝ ԲՀԿ-ական պատգամավորները խորհրդարանում հայտարարել էին, որ ԲՀԿ-ն կողմ է հանրաքվեին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ