Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի ժողովուրդը վերահաստատեց ավելի քան 100 տարի առաջ իր նախնյաց հանձնառությունը, որոնք Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին

Փետրվար 14,2020 17:39

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ հղեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։

«Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և ազգային խտրականության պատճառով նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները և կառուցել խաղաղ ու համերաշխ աշխարհ։

Սիրիայի ժողովուրդն այսօր վերահաստատեց ավելի քան 100 տարիներ առաջ իր նախնյաց հանձնառությունն ու վճռականությունը, ովքեր Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին։ Դեյր Զորի անապատում տասնամյակներ առաջ, Ձեր բարեհիշատակ հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի նախագահության շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը դարձավ հերթական արձանագրումը Հայոց ցեղասպանության հարցում Սիրիայի իշխանությունների որդեգրած կեցվածքի։ Ներկա ժամանակներում բազմիցս ականատեսն ենք եղել Ձեր և Ձեր ժողովրդի ընդգծված բարեհոգությանն ու ուշադրությանը առ մեր ժողովուրդը, որոնց խոսուն արտահայտությունն են Սիրիայի հողի վրա վեր խոյացած հայկական սրբավայրերը, մշակութային և կրթական հաստատությունները, սիրիահայ համայնքի բարեշեն  կյանքի բազմաթիվ վկայությունները»,- ասված է Վեհափառ Հայրապետի նամակում։

Նորին Սրբությունը, զորակցություն հայտնելով Սիրիայի բարեպաշտ ժողովրդին, մաղթել է, որ երկրում հաստատվի բաղձալի խաղաղությունն ու անդորրը և իրականություն դառնան դժվարություններ հաղթահարող եղբայր ժողովրդի պայծառ կյանքի երազները:

Մայր Աթոռ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829