Գյումրիի մաքսատանն անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ամեն օր մոտ 2 հազար մեքենա է մաքսազերծվել: Այսպիսի տվյալներ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նա նշեց՝ այդ օրերին 24 ժամյա ծառայություն են իրականացրել՝ վարչապետի ուղիղ հանձնարարականն էր. «Շատ ծանր էր: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնեմ այնտեղի բոլոր ծառայողներին, ովքեր մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամը 10-ը՝ մինչեւ վերջին քաղաքացին դուրս չի եկել Գյումրիից՝ մաքսային ծառայողները չեն ավարտել իրենց աշխատանքը»:
Ավտոմեքենաների մաքսազերծման նոր դրույքաչափերին անդրադառնալով Ներսիսյանն ասաց՝ Հայաստանը ԵԱՏՄ պայմանագրով ստանձնած պարտավորություններ ունի, չի կարող միանձնյա որոշում կայացնել ու կուտակված ավտոմեքենաները հին դրույքաչափով մաքսազերծել:
ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ բազմիցս հանդիպել են քաղաքացիների հետ, սակայն քաղաքացիների պատկերացումները մի քիչ թյուր են այդ խնդրի մասին. «Շատերը մտածում են, որ կառավարությունը կարող է միանձնյա որեւէ որոշում կայացնել, որ այս քանակը, օրինակ՝ հազար մեքենա կուտակված է, թույլ տանք՝ հին դրույքաչափերով մաքսազերծել: Եթե նման հնարավորություն ընձեռվի, այդ որոշումը պետք է կայացնեն ԵԱՏՄ անդամ մնացած 4 երկրները»:
Ինչ վերաբերում է նոր դրույքաչափերին, ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենայի մաքսազերծումը շատ է թանկացել. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին ձեռք տա 3 տարուց հին ավտոմեքենա ներմուծել նոր դրույքաչափերով: Կազմակերպությունների պարագայում թանկացում էլի կա, բայց ընդունելի է: Փորձում ենք գտնել որոշ ճանապարհներ, թե կոնկրետ որ թվականի ավտոմեքենաները ձեռք կտա ներմուծել եւ մաքսազերծել նոր դրույքաչափերով»:
Ըստ Ներսիսյանի, տարբեր ուղղություններով աշխատում են, որպեսզի կարողանան օգնել ավտոներկրողներին՝ Հայաստանից դուրս գտնվող ավտոմեքենաներն այստեղ բերելու համար: Այս տարի, նոր դրույքաչափերով, ըստ ՊԵԿ փոխնախագահի, 15 օրում մաքսազերծվել է մոտ 80 մեքենա. «Եթե սա պրոյեկտենք ամսվա վրա, կդառնա մոտ 150 մեքենա, որը 2015 թվականի քանակին է հասնում, մոտ 15 հազար մեքենա: Բերում են ե՛ւ նոր, ե՛ւ հին մեքենա, բայց նորն ավելի ձեռնտու է: Քաղաքացիները շատ հետաքրքրված են էլեկտրոմոբիլներով, քանի որ թանկացումն էական չէ, մաքսատուրքը 10%-ից դարձել է 15%»:
3-րդ երկրներից ներկրված ավտոմեքենաների հետ առաջացած խնդրին էլ անդրադարձավ ՊԵԿ փոխնախագահը. ՀՀ-ից Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների գործընթացում հայկական կողմը որեւէ խախտում թույլ չի տվել: Ըստ Ներսիսյանի, Ղազախստանի քաղաքացիները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից: Ներսիսյանն ասաց՝ 5 տարվա արտոնությունը՝ ցածր մաքսատուրքերը, Հայաստանին տրվել էր սոցիալական խնդիր լուծելու համար արտոնություն, այն ոչ մի կերպ պետք չէ օգտագործվեր բիզնես նպատակներով. «Ղազախստանը դժգոհություն էր հայտնել, որ իրենց քաղաքացիները նաեւ Հայաստանի քաղաքացիների օգնությամբ, փորձել են օգտվել Հայաստանի արտոնությունից եւ ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան: Ղազախստանի կառավարությունը որոշ սահմանափակումներ կամ արդեն մտցրել է, կամ փորձում է մտցնել՝ այդ ավտոմեքենաների մուտքը Ղազախստան արգելելու համար: Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: Մենք եւ ոստիկանությունը Ղազախստանի մեր գործընկերների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ մենք իրականացրել ենք՝ եղել է առանց որեւէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում»։
Կարդացեք նաև
Ներսիսյանի դիտարկմամբ՝ այժմ միակ խնդիրն այն է, որ գուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել. «Ղազախստանցիներն այս ավտոմեքենաները տեղափոխել են իրենց երկիր հայկական գրանցումով: Այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։ Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձեւավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղի հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»:
Ավելի պարզ ասած՝ ղազախստանցիներին մեքենա վաճառած հայերը որեւէ խախտում թույլ չեն տվել, եւ ըստ էության, որեւէ խնդիր չպետք ունենան. ՀՀ քաղաքացուց մեքենա է ձեռքբերել արտասահմանցի, որը Հայաստանում գրանցում է ստացել, այսինքն՝ իրավունք ունի Հայաստանում ավտոմեքենա հաշվառելու: Իսկ թե որքան ավտոմեքենա է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան, Ներսիսյանը դժվարացավ հստակ թիվ ասել, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտավոր 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել Ղազախստանի քաղաքացու անունով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ