Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և պատասխանատվության կոչ է անում
13.02.2020թ. տեղի ունեցավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության նիստ, որտեղ ընդունվեց հետևյալ հայտարարությունը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ազգային բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին:
Միաժամանակ մեր վրդովմունքն ենք հայտնում բանակի ղեկավարության ոչ պատշաճ, իրավիճակին ոչ համարժեք արձագանքի առիթով: Մինչդեռ, անգամ մեկ «ինքնասպանության հասցնելու» դեպքը պետք է արտակարգ ուշադրություն հրավիրեր զորամասերում առկա իրավիճակի, տիրող բարքերի վրա:
Կարդացեք նաև
Մեզ համար անընդունելի է, որ «սև ու սպիտակի», «հպարտ ու նորմալ» քաղաքացիների բաժանումը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ օգտագործվել իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ արհեստական ու շատ վտանգավոր բաժանման հետևանքներից մեկն էլ այն է, որ այսպես կոչված «հպարտ», սակայն հոգեկերտվածքով աղքատ երիտասարդը փորձում է ինքնահաստատվել բռնի ուժի միջոցով:
Վճարովի ֆեյքերի խուլիգանական, սանձարձակ արտահայտությունները որոշ երիտասարդների համար նմանակելու օրինակ են և բանակում: Անհանդուրժողականությունը բազմաթիվ վեճերի, դանակահարությունների, զենքի կիրառմամբ «ռազբորկաների» առիթ է դարձել:
Իշխանություններին խրատ տալն անշնորհակալ գործ է, այն էլ՝ այսօրվա որոշ «դուրսպրծուկների»:
Մենք դիմում ենք քաղաքական ուժերին, հանրությանը, ծնողներին, ուսուցիչներին, ոստիկաններին, զորամասերի հրամանատարներին՝ միասնաբար կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» և այլ հակադաստիարակչական «գաղափարախոսությանը»:
Բոլորս ենք պատասխանատու նոր սերնդին ազգային, քաղաքակիրթ արժեհամակարգի ոգով դաստիարակելու գործում:
ՀԴԿ-ն կոչ է անում կուսակից ընկերներին, համակիրներին, բոլոր նրանց, ում համար կարևոր է քաղաքացիական համերաշխությունը, ակտիվ քարոզչությամբ հանդես գալ երիտասարդության շրջանում՝ ներշնչելով բարոյականությանը հարիր վարվելակերպ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն