Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությանը հանրաքվեն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը». Արծվիկ Մինասյան

Փետրվար 14,2020 15:18

«Պետականության դեմ հանցագործություն է տեղի ունենում: Պատճառն այն է, որ իշխանությունը թույլ է տալիս հանցագործություն, շահարկում ժողովրդի անունը եւ հանրաքվեն բերում օրակարգ: Իրականում իշխանությանը պետք չի հանրաքվեն, այն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունից եւ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը: Սա սահմանադրական կարգի տապալում է: Չի կարող իշխանությունը ոչնչացնել, յուրացնել դատական իշխանության իրավունքները»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/193437768434245/

Նրա բնորոշմամբ՝ իշխանության շրջանում շահարկվում է միտքը, թե Հրայր Թովմասյանն ավելի բարձր է դասված, քան ժողովուրդը. «Սա մանիպուլյացիա է: Իշխանությունը եւ, ցավոք, դրսում կրթված մի շարք պատգամավորներ իրենց թույլ են տալիս ցածր մակարդակի վրա իջնել եւ ներկայացնել, թե ժողովրդի իրավունքը վերցրել-տվել են ՍԴ-ին: Սա աբսուրդ է, երբ ասում են, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի, այլ ոչ թե ՍԴ-ն: Չի կարելի նման ցածրակարգ մոտեցումներով ժողովրդին վերաբերվել»:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սփյուռքահայերն ապշած են, որ մեր երկրի ղեկավարը կարող է, օրինակ, դատարաններ շրջափակելու կոչ անել. «Նրանք հասկանում են, որ երկրի ղեկավարի գործելաոճը հիմա տանում է պետականության կորստի: Ինչո՞ւ են ձգտում օր առաջ իրենց ուզած սահմանադրական դատարանը ստեղծել: Հիմնավորումը, թե ուզում են բարեփոխում անել, բայց խոչընդոտում են, ծիծաղելի է: Որեւէ բարեփոխում չկա, անգամ «վեթինգ»-ին պատրաստ չեն»: Արծվիկ Մինասյանը քաղաքացիներին կոչ արեց «ոչ» ասել հանրաքվեին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829