Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի դիրքորոշումը ևս մեկ առիթ է`հանրաքվեի մասնակցելու եւ «այո» ասելու. Ալեն Սիմոնյան

Փետրվար 14,2020 15:07

«Դուք բոլորդ գիտեք, լսել եք, որ խոսում են`հեսա վեց ամսից, չորս ամսից ետ ենք գալիս, հեսա բոլոր հարցերը լուծելու ենք եւ այլն: Այդ բաստիոններից մեկը, որ մնացել է, դա դատական իշխանությունն է, իր Հրայր Թովմասյանով: Ուստի, գնալով հանրաքվեի եւ քվեարկելով «այո», մենք վերջնական կազատենք իշխանության երրորդ ճյուղը նախկին իշխանության ճիրաններից»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի հետեւում ՀՀԿ-ի գործունեությանը եւ տեղյակ չէ հանրաքվեի մասին ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությունից: Չի հետեւում, քանի որ «շատ պատճառներ» կան: Այդ մասին այսօր նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցներում:

Այսօր ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել հանրաքվեի վերաբերյալ, որում, մասնավորաբար, ասված էր, թե չեն մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին, շտաբ չեն ձեւավորելու: Այս օրակարգն իրենք կործանիչ են համարում պետականության համար եւ չեն ցանկանում մասնակից դառնալ «Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին»:

«Կարծում եմ, քաղաքական օրակարգում իրենց խոսքն այդքան էլ կշիռ չունի եւ այդ հայտարարությունը գնահատում եմ, որպես ևս մեկ առիթ, եւս մեկ պատճառ` հանրաքվեին շատ ակտիվ մասնակցելու, շատ ակտիվ գնալով եւ ասելով «այո»։ Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձել են եւ փորձելու են քողարկված ձեւով եւ բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի գործընթացը, անել ամեն ինչ, որպեսզի այդ բարեփոխումը, որն իր մեջ ներառում է շատ ու շատ շերտեր եւ խնդիրներ…»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՍԴ-ն խանգարում է երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելուն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, ճեպազրույցում անդրադարձել էր այդ թեմային`նկատելով, որ խորհրդարանի դահլիճում էլ օրինակներ չբերվեցին եւ ընդդիմադիր գործչի համար էլ տեսանելի չէ թե ՍԴ-ն ինչպե՞ս է խանգարում:

Լրագրողներն Ալեն Սիմոնյանին խնդրեցին օրինակներ բերել: Օրինակ բերելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ՍԴ-ի դիրքորոշումը, նա ասաց, որ Մարուքյանի հայտարարությունը ևս փաստում է այն մասին, որ խնդիրը խորքային է եւ խոսքը նրա մասին չէ, որ իշխանությանը ոչ հաճո դատարան գոյություն ունի. «Խնդիրը կապված է նրա հետ, որ ՍԴ-ն քաղաքականացված է, Հրայր Թովմասյանը ընտրված է անօրինական ձեւով եւ փաստացի ներկայացնում է քաղաքական ուժ, քաղաքական թեւ եւ զբաղվում է քաղաքականությամբ»:

Այդ ճգնաժամի հանգուցալուծումը Ալեն Սիմոնյանը համարում է դատական համակարգի ընդհանուր առողջացման փուլ. «Դուք բոլորդ գիտեք, լսել եք, որ խոսում են`հեսա վեց ամսից, չորս ամսից ետ ենք գալիս, հեսա բոլոր հարցերը լուծելու ենք եւ այլն: Այդ բաստիոններից մեկը, որ մնացել է, դա դատական իշխանությունն է, իր Հրայր Թովմասյանով: Ուստի, գնալով հանրաքվեի եւ քվեարկելով «այո», մենք վերջնական կազատենք իշխանության երրորդ ճյուղը նախկին իշխանության ճիրաններից»:

Նրանց հեռացմամբ դատական համակա՞րգն է բարեփոխվելու`ճշտող հարցին էլ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ վճիռները, երբ այլ ատյաններով անցնեն եւ հասնեն ՍԴ` հանդիպելու են քաղաքական դիմադրության. «Հրայր Թովմասյանն այն մարդն է, որը որ գրել է ռեյտինգային համակարգ, որը որ կազմակերպել է սահմանադրական փոփոխությունները, որով որ Սերժ Սարգսյանը պետք է հավերժ կառավարեր այս երկիրը: Հրայր Թովմասյանն այն մարդն է, որը որ քաղաքականությամբ է զբաղվում եւ դրա ապացույցները կան»: Ապացույցներն, ըստ բանախոսի, Հրայր Թովմասյանի հարցազրույցներն են, որոնք ինքը քաղաքական է գնահատում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829