Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում ազատվել Հրայր Թովմասյանից, իսկ Տիգրան Մուկուչյանից եւ Արթուր Դավթյանից` ոչ

Փետրվար 14,2020 14:23

«Եթե զուգահեռներ եք անցկացնում Թովմասյանի եւ դատախազի միջեւ, Հրայր Թովմասյանի հետ կապված կա քրեական գործ, նա քաղաքականացված մարդ է ոչ քաղաքական մարմնի մեջ: Եկեք տարբերենք թացը չորից, հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով լրագրողի հարցին`ինչո՞ւ է իշխող ուժը շարունակում աշխատել ՀՀ գլխավոր դատախազի եւ ԿԸՀ նախագահի հետ, երբ նրանք նույնպես ՀՀԿ-ի հետ են աշխատել եւ ժամանակին Նիկոլ Փաշինյանը նրանց ևս կոշտ քննադատությունների է արժանացրել, մինչդեռ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մոտեցումն այլ է:

«Մենք ունենք բժիշկներ, բժշկական հիմնարկների ղեկավարներ, որոնք աշխատել ենք ՀՀԿ-ականների օրոք, դպրոցի տնօրեններ, որոնք ընտրությունների ժամանակ մասնակցել են, ոստիկաններ, պետական ապարատում աշխատակիցներ, լրագրողներ, որոնք աշխատել են Հանրապետական պատգամավորների հետ…Եթե էդպես լինի… մենք չենք ասել, որ ովքեր որեւիցե ձեւով շփում չեն ունեցել ՀՀԿ-ի հետ, պիտի դատարկենք Հայաստանից: Ոչ, մենք ասել ենք, որ կա զրոյական կետ: Ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Հասկանալի է եղել, որ մարդիկ ապրել են մի իրավիճակում, որից, որ բոլորը հրաժարվել են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին իրենց քաղաքական ուժը մեղադրել է բոլոր ժամանակների ընտրությունները կեղծելու մեջ, Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Երեւի խառնում եք. մեր քաղաքական ուժն այն եզակի քաղաքական ուժն է, որը հայտարարել է, որ ընդդիմությունը ունեցել է խնդիր ընտրությունների ժամանակ, որովհետեւ չի կարողացել 2000 ընտրատեղամասում ապահովել 2000 ներկայացուցիչ: Ընտրությունների ժամանակ պաշտոնական փաստաթուղթ է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ մեկ արձանագրությունը տեղամասից, որը ստանում է յուրաքանչյուր դիտորդ եւ դրանք հավաքելով՝ դու ունենում ես ընտրությունների տվյալները»:

Նա նաեւ հիշեցրեց, որ ԿԸՀ-ն այս կազմով մեկ համապետական եւ Երեւան քաղաքի ընտրություններ իրականացրել է եւ ոչ որեւէ միջազգային դիտորդի կամ որեւէ մեկի մոտ ոչ մի կասկած չի առաջացրել: «Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով. ընդդիմությունը հավակնել է իշխանություն վերցնել, բայց 2000 տեղամասում չի կարողացել մարդ ապահովի, չի կարողացել արձանագրություններ ներկայացնի ԿԸՀ: Իսկ 2017-ին, մենք մեր բոլոր ձայներին կարողացել ենք տեր կանգնել»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն էլ հավելեց. «Դուք տեսնում եք նաեւ վարչապետի դիրքորոշումը`մարդկանց հնարավորություն է տրվում նոր պայմաններում փորձել ծավալել իրենց գործունեությունը եւ բավականաչափ պրոֆեսիոնալիզմ դրսեւորել: Մենք ոչ մեկի նախկին սխալները կոծկելու խնդիր չունենք»: Նա նաեւ հավելեց, որ եթե լիներ վենդետաների համակարգը, մենք բավական բարդ խնդրի առջեւ կկանգնեինք եւ ելնելով երկրի ու պետության շահից, այդ կերպ չի վարվել իշխանությունը: «Իսկ Հրայր Թովմասյանը`դե յուրե նախկին, դե ֆակտո իրական ՀՀԿ-ական է, որը շարունակում է իր եւ իր կուսակիցների նախկին գործունեությունը դատական համակարգում»,-կարծում է Տաթեւիկ Հայրապետյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829