Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էսկալացիա՝ Սիրիայում. Ռուսաստանը և Թուրքան՝ կոնֆլիկտի շեմին

Փետրվար 14,2020 14:13

 Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է թեժանալ: Երկուշաբթի Ասադի բանակի հարվածների հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել:  Թուրքիայում ոչ միայն պահանջել են պատասխան հարվածներ, այլ նաև սկսել են խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հնարավորության մասին՝ գրում է BBC-ն:

Ինչ է տեղի ունենում

Սիրիական բանակը՝ նախագահ Բաշար Ասադի ղեկավարությամբ, իրանամետ խմբավորումների հետ ռազմական գործողություններ է իրականացնում Իդլիբում, ինչն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Նախ և առաջ, Իդլիբը ռազմավարական առումով չափազանց կարևոր է Թուրքիայի համար:  Անկարան այս շրջանը համարում է իր ազդեցության գոտի:  2017թ. Սոչիի համաձայնագրով՝  Իդլիբում պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի՝ թուրքական ռազմական հենակետերով: Ավելի վաղ Իդլիբի մարտերի համար թուրք զինվորականներ են զոհվել: Եվ եթե հիմա Անկարան դուրս գա զբաղեցրած դիքերից, Էրդողանը կկորցնի հեղինակությունն իր հայրենիքում:

Երկրորդ ՝ Ասադի ուժերը հարվածում են ոչ միայն ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին, այլ նաև Ասադին ընդդիմադիր ուժերին, որոնց աջակցում է Թուրքիան: Վերջին օրերին Սիրիայում զոհվել է 14 թուրք զինվորական: Էրդողանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի սիրիական ուժերին «ամենուր, որտեղ կարող է»: Բացի այդ Թուրքիայի նախագահը վերջնագիր է ներկայացրել. մինչև փետրվարի վերջ Ասադի ուժերը՝ Ռուսաստանի աջակցությամբ, պետք է դուրս բերեն իրենց ստորաբաժանումները Իդլիբից:

Աղետի շեմին

Անկարային անհանգստացնում է ևս մեկ գործոն՝ փախստականների վիճակը: Էրդողանն արդեն իսկ Սիրիային և Ռուսաստանին մեղադրել է  խաղաղ բնակիչներին սպանելու մեջ: Նրա խոսքով՝  Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ «Իդլիբի անմեղ և տանջված բնակիչներին ուղարկում են մեր սահման»: Այս ամենը կարող է մարդասիրական աղետի հանգեցնել սիրիա-թուրքական սահմանին:  Բանը նրանում է, որ Իդլիբում մեծ թվով փախստականներ են կուտակվել: Հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ նահանգում այժմ գտնվում է շուրջ 3.5 միլիոն քաղաքացի:

Կոնֆլիկտ կլինի՞

Սիրիական վարչակարգի հետ ցանկացած լայնամասշտաբ ռազմական բախման դեպքում առավելություն կունենա Թուրքիան՝ հավատացած է վերլուծաբան, սիրիական հակամարտության մասին գրքի հեղինակ Ջոզեֆ Դաէրը: Չնայած դրան՝ Թուրքիան, ըստ ամենայնի, ցանկանում է խուսափել լարվածությունից և չի ուզում սպառնալիքի տակ դնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Մոսկվան միակ խաղացողն է, որ կարող է ցանկացած պահի զսպել Դամասկոսին և կանգնեցնել  Ասադի թշնամական ծրագրերի իրագործումը Թուրքիայի հանդեպ: Թուրքիան ցանկանում է նաև սերտ հարաբերությունները պահպանել Ռուսաստանի հետ Անկարայի միջազգային մեկուսացման պատճառով»,-նշել է պրոֆեսորը:

BBC-ի թուրքական ծառայության լրագրող Էչի Գոքսեդեֆն էլ կարծում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները այնքան են սրվել, որ կարելի է համեմատել 2015թ. իրադարձությունների հետ, երբ թուրք զինվորականները ռուսական կործանիչ խոցեցին: «Ելքը մեկն է՝ քաղաքական հարցերը լուծել բանակցությունների օգնությամբ, իսկ ռազմական խնդիրները՝ հիբրիդային պատերազմի միջոցով»,-ասել է լրագրողը:

Մի շարք կոշտ հայտարարություններ անելով Մոսկվայի հասցեին՝ նախագահ Էրդողանը, այնուամենայնիվ, նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է ձգտեն տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829