Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում եւ որոշի, թե ում են կախում, իսկ ում՝ ոչ». Երվանդ Վարոսյան

Փետրվար 14,2020 13:14

«Ժողովրդի կամքն այլասերված կերպով է ներկայացվում: Սա ժողովրդին խաբելու միջոց է: Եթե որեւէ մեկին թվում է, որ ժողովուրդը ապրիլին ընտրություն է կատարելու, դա խաբկանք եւ անարգանք է հենց ժողովրդի հանդեպ»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ ժողովուրդը մանդատ է տվել իշխանության ճյուղերին, որպեսզի վերջիններս խնդիրները լուծեն. «Ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում եւ որոշի, թե ում են կախում, իսկ ում՝ ոչ: Դեպի ստրկատիրություն եւ միջնադար պետք չէ գնալ»:

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ իշխող «Իմ քայլն» ԱԺ հայտնի նիստում, երբ քննարկվում էր հանրաքվեի հարցը, Սահմանադրության հոդված փոխեց կես էջանոց հիմնավորմամբ. «Սա փաստում է գործընթացի մակարդակի մասին»:

Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, որ ՍԴ-ի հանդեպ անվստահություն կա, Երվանդ Վարոսյանը նկատեց. «Ասվում է, որ վստահության պակաս կա ՍԴ-ի հանդեպ իշխանության մյուս երկու ճյուղերի մոտ: Իսկ ինչո՞ւ պետք է չլինի: Այո, պետք է վստահ չլինեն, եւ այդպիսին է իրավական պետությունը: Մյուս կողմից, եթե չվստահելու մասին է խոսք գնում, հասկանալի չէ, թե դատական իշխանության այլ մարմինների հանդեպ ինչու է առկա վստահություն: Ինչո՞ւ են վստահում Վճռաբեկ դատարանին, իսկ ՍԴ-ին՝ ոչ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/785671068590809/

Երվանդ Վարոսյանը հարցադրում արեց. «Ի՞նչ է տեղի ունեցել, ո՞րն է չափանիշը, հավատարմության երդո՞ւմ է եղել: Վճռաբեկի աշխատանքում ոչինչ չի փոխվել, ուստի՝ ո՞րն է չափանիշը: Տպավորություն չլինի, թե ես կոչ եմ անում բարեփոխել Վճռաբեկը: Եթե այս սկզբունքով փորձեն Վճռաբեկ դատարանը բարեփոխել, հաստատ կկարոտենք այդ դատարանը»:

Փաստաբանը համոզված է, որ անկախ իշխանության փոփոխությունից՝ ՍԴ ցանկացած դատավորի համար իր ապագան պետք է կանխատեսելի լինի, նա չպետք է կասկածի, թե մինչեւ որ թվականն է պաշտոնավարելու, այլապես դատավորի անկախության մասին խոսելն ավելորդ է:

«Կարող էին գնալ դատավորների պաշտոնավարման ժամկետի համահարթեցման, թեեւ դրա հետ էլ համաձայն չեմ: Հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավորներին տուն են ուղարկում: Իրենց նշանակելիք նոր ՍԴ դատավորները գիտակցելու են, որ եթե հակասահմանադրական ճանապարհով հայտնվելու են այդ դատարանում, նույն ճանապարհով էլ մի օր տուն են գնալու, եւ հետագայում նոր իշխանության մոտեցումը ՍԴ-ի հանդեպ ավելի բիրտ է լինելու»,-համոզմունք հայտնեց Երվանդ Վարոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829