«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ։ Եվ, ահա, ի պատասխան հարցմանը՝ հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը կարող է նման քննարկումներ սկսել։
«Կարեւորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը՝ հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-֊քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը»,- նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։
Միեւնույն ժամանակ աշխատակազմից ընդգծել են, որ Արմեն Սարգսյանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ պետական եւ հասարակական կյանքին առնչվող կարեւորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին։ Օրինակ՝ վերջերս իր հարցազրույցներից մեկում Արմեն Սարգսյանը նշել էր. «Կարծում եմ՝ ցանկացած իշխանության համար, մանավանդ՝ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերեւից՝ ամպերից իջնել ցած, իջնել եւ ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ եւ կարծիք հայտնել։ Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ։ Հանրաքվեից վախենալ պետք չէ։ 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած եւ ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»։
Եվ հարցման վերջում նախագահի աշխատակազմից կրկին ընդգծել են, որ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ պարզապես ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե։
Կարդացեք նաև
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում