Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության երաշխավոր, մեր ապավենն ու հպարտությունը դարձած բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է, որի հետ ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել:
«Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության: Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով տեղի ունեցած մահվան դեպքերը դառնում են մեր պետականությանը նետված լրջագույն մարտահրավեր՝ խոցելի դարձնելով Հայաստանի ու Արցախի մարտունակությունն ու պաշտպանությունը:
Մեր խորին ցավակցությունն ու աջակցումն ենք հայտնում զոհված զինվորների մերձավորներին եւ հարազատներին: Միաժամանակ մեր քաղաքացիական եւ կուսակցական պարտք ենք համարում պահանջել Հայաստանի պատկան եւ իրավասու մարմիններից հրատապ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման, «չպարզված հանգամանքների» հրապարակային բացահայտման համար: Եթե այս ամենի հիմքում, ոչ կանոնադրական հարաբերությունները եւ «գողական ենթամշակույթն» է ընկած, ապա բանակը եւ իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարի եւ Արցախի ՊԲ հրամանատարի անվերապահ հսկողությամբ պետք է արմատախիլ անեն այդօրինակ ցանկացած դրսեւորում:
«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող մնալ պարզ արձանագրողի դերում, պետության պատժիչ համակարգի, քաղաքական ու իրավական կամքի առջեւ ոչ մի ենթամշակույթ չի կարող գործել իր ավերածությունները: Բանակում կատարվող յուրաքանչյուր իրավախախտում, ոչ կանոնադրային հարաբերությունների հաստատման որեւէ փորձ այսուհետ անուշադրության ու կոծկման չպետք է ենթարկվեն: Հայաստանի համար անգնահատելի արժեք է հայ զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը:
Կարդացեք նաև
«Այլեւս երբեք»-ի հաստատակամությամբ՝ խոնարհվում ենք մեր զոհված զինվորների առաջ:
«Ժառանգություն» կուսակցություն