«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ իրենց դեմ սանձազերծված, եւ բոլոր սահմանները հատող հակաքարոզչություն է իրականացվում: Ըստ բանախոսի, դրա պատճառը մեկն է` իրենք համաձայն չեն իշխանության հետ:
«Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է՝ «նախկին եք, ծախված եք, սեւ եք»: Այսինքն՝ ի՞նչ է եղել. ոչ մի բան, մի հարց կա` մենք համաձայն չենք: Իրենք ուրիշ ձեւ են տեսնում, մենք` ուրիշ: Էսա իրանց որակը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`իշխանությունն ասում է, որ ընդդիմության այդօրինակ քայլերը հեղափոխությունը մարդկանցից խլելու փորձեր են, Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Նա, ով կասի հեղափոխությունը խլում են, իմացեք՝ նա ստում է: Հեղափոխությունը ոչ ոք, ոչ մեկից չի կարող խլել»:
Անդրադառնալով իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին վերաբերվող հարցին էլ, Էդմոն Մարուքյանն ասաց` հպարտ է իրենց անցած ճանապարհով եւ ոչ մի բանի համար չի ափսոսում: «Որեւէ սեւ կատու մեր մեջ չի անցել, որեւէ անձնական խնդիր չկա»,- ասաց Էդմոն Մարուքյանը`հավելելով, որ պարզապես ինքն ու Նիկոլ Փաշինյանը պարզապես գաղափարական տարբերություններ են ունեցել:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հիշեցրեց տարիներ առաջվա պատմությունը, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն իր տանը հաշտեցրել էր Էդմոն Մարուքյանին եւ Նիկոլ Փաշինյանին եւ հետաքրքրվեց`կա՞ այժմ էլ նման հնարավորություն:
«Այդ երեկոյից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում: Հետեւաբար, Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել: Մարդիկ սխալ են հիշում այդ պատմությունը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային