ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտահոգված է բանակում տիրող իրավիճակով: «Մենք տարին սկսել էինք անվտանգության հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումներով եւ այս հարցերը քննարկել ենք։ Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու ենք ուշադիր լինել եւ իշխանություններից պահանջել, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ամեն ինչ պետք չէ բարդել բարքերի ենթամշակույթի եւ այլնի վրա։ Պետք է շատ հետեւողական աշխատանքներ տարվեն, որպեսզի այդ դեպքերը նվազագույնի հասցվեն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նկատենք, որ 2020 թվականի մեկնարկից`48 օրերի ընթացքում բանակում 12 զոհ է եղել: Բոլոր դեպքերում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զինվորների մահվան պատճառը դեռեւս չպարզված հանգամանքներն են, բացառությամբ երեք դեպքի, երբ պայմանագրային զինծառայողները հայտնվել էին ձնաբքի մեջ:
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը ճեպազրույցը սկսեց սիրահարների տոնը շնորհավորելով եւ ասելով, որ մարդկանց պետք է սիրեն նաեւ ընդդիմադիր եղած ժամանակ, չսպասելով, որ գան իշխանության՝ նոր սիրեն։
Կարդացեք նաև
«Սերն Ազգային ժողովում պակասում է: Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ սիրո կարիք ունեն, այդ պատճառով էլ մենք մեր լուսավոր սերը պետք է փոխանցենք»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Էդմոն Մարուքյանին երեկ հրավիրել են ոստիկանություն: Նա հաղորդում էր ներկայացրել իր նկատմամբ հնչած սպառնալիքների վերաբերյալ: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա ասաց. «Ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է»։