Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 2 տարին, իսկ ներդրումային բում այդպես էլ չկա։ Լրիվ հակառակը:
Բայց պետք է նկատի ունենալ, որ ամենաառաջնայինը տնտեսության համար օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որի մասին փաստերը վարչապետը ամբողջական չի ներկայացնում, այլ ներկայացված ներդրումներում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները և այլ կարգի ներդրումները։
Եվ ինչպես ասուլիսից հետո նկատեցին բազմաթիվ մասնագետներ, անցյալ տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ ոչ միայն չի գրանցվել, այլև նվազում է նկատվել։
Դա են վկայում Կենտրոնական բանկի կողմից տարեվերջին հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 185,7 մլն դոլար, ինչը 0,7 մլն դոլարով պակաս է 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Կարդացեք նաև
Սակայն, սրանով հանդերձ, Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել՝ ցույց տալու համար, թե դրսից դեպի Հայաստան գումարների ներհոսք կա։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս գրել էր, թե 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4,9 միլիոն գործարք, հավելելով, թե այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2,5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1,6 միլիոն գործարքով:
Բերված ցուցանիշներից շարքային քաղաքացու մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե իրոք դեպի Հայաստան ֆինանսների հսկայական ներհոսք կա, սակայն այստեղ կարևորը ոչ թե գործարքների քանակն է, այլ Հայաստան ուղարկվող և երկրից դուրս բերված գումարների հաշվեկշիռը։
Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներից տեղեկանում ենք, որ 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարին համարժեք գումար, որը 2018 թվականի համեմատ աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9,7%-ով, սակայն դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15,5%-ով։
Իսկ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից դուրս եկած գումարները եղել են ռեկորդային ծավալի։
Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է, որը Հայաստանից փոխանցվել է արտասահման և գումարի այս ծավալը նախորդ տարվա համեմատ 22,4%-ով ավելացել է։
Այսպիսի ծավալով արտահոսքի աճը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա և նշանակում է, որ տնտեսությունը կորցրել է այն միջոցները, որոնք կարող էին մնալ երկրի ներսում և նպաստել առևտրաշրջանառության մեծացմանը։
Եկել է ժամանակը, որ կառավարությունը մի կողմ դնի ներքաղաքական տարբեր նեղ հարցերն ու թվային մանիպուլյացիաները և զբաղվի տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, որն իր հետ արտերկրից կբերի նաև ներդրումների և գումարների ներհոսք։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: