Անցած տարի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնմանը։ Պատգամավորն առաջարկում է առանց խմբագրման 51 հոդվածը պարզապես ավելացնել ԸՕ-ում։
Արման Բաբաջանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս էլ ինտենսիվ քննարկումների մեջ է այս նախաձեռնության հետ կապված։ «Բայց մի բան հստակ է՝ արտերկրում գտնվող մեր ՀՀ քաղաքացիները չպետք է զրկված լինեն քվեարկելու իրենց իրավունքից»,-ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ներկայումս աշխատում են օրենսդրական նախաձեռնության վրա։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ևս պնդում է, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին պետք է վերադարձնել իրենց ընտրելու իրավունքը։ Նրա խոսքերով՝ գործող իրավակարգավորումների համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը՝ անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացին որտեղ է գտնվում: Բացի դրանից, նրա խոսքերով՝ գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը Սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու, կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն ընտրելու իրավունքից օգտվելու համար: «Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին նրանց ընտրական իրավունքը վերադարձնելու քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: Նրանք կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կամարտահայտությունը և ձայնը շատ կարևոր է Հայաստանի ապագան կերտելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկյանը:
Հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ընտրական իրավունքը վերադարձնելու առաջարկին, ասաց, որ հարցը ուսումնասիրվել է նաև ընտրական բարեփոխումների հանձնաժողովում, բայց ռիսկերը հաշվի առնելով՝ կոնսենսուս է եղել, որ այդ փոփոխությունը այս փուլում հնարավոր չէ: «Այստեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը գաղափարական է։ Այսինքն՝ իշխանություն ընտրում են կամ հանրաքվեին ասում են «Այո» կամ «Ոչ» այն մարդիկ, ովքեր որ այստեղ ապրում են, հարկ են վճարում, ենթարկվում են այդ օրենքներին, և ում վրա տարածվում է այդ իշխանությունը։ Ի վերջո՝ ինչու պետք է դրսից մեկը ընտրի իշխանություն, որը չի իշխելու իրեն։ Երկրորդ խնդիրը կապված է դրա տեխնիկական իրագործելիության հետ։ Դա տեխնիկապես և գործնականում իրագործելի չէ, որովհետև նույն դրոշմանիշները դեսպանատներ հասցնելը խնդրահարույց է։ Իսկ երրորդ խնդիրը կապված է ընտրողների ցուցակների վարման և հյուպատոսական հաշվառման հետ։ Հյուպատոսական հաշվառումն այս պահին բավական թերի վիճակում է, և այդտեղ լուրջ խնդիրներ կան։ Վերջին խնդիրն էլ կապված է օրինականության հաստատման հետ։ Ընտրությունը միայն տեղամասում քվեարկությունը չէ։ Ընտրությունը նախընտրական քարոզարշավ է։ Հիմա, եթե, ասենք, Ռոստովում, Մարսելում կամ Գլենդելում ընտրողին կաշառք տվեցին, ի՞նչ ենք անելու։ Իսկ եթե 100 հազար ընտրողին կաշառք տվեցին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ ՀՀ իրավապահները ոչ մի կերպ չեն կարող դրա դեմ պայքարել, իսկ այլ երկրների իրավապահները չեն կարող դրանով զբաղվել, քանի որ դա իրենց գործը չէ։ Լուրջ խնդիր է առաջանալու։ Խնդիր է առաջանալու ՀՀ ընտրություններին այլ երկրի կողմից ապօրինի ազդեցության մասով։ Դրա համար մենք եկանք եզրահանգման, որ այս պահին այդ խնդրին լուծում տալը արդիական չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների թվին, ապա Իոաննիսյանը նկատեց, որ հյուպատոսական հաշվառման հետ կապված խնդիրներ կան, այդ հաշվառմանը կանգնածների թիվը քիչ է, բայց եթե մեխանիզմը ներդրվի, այդ թիվը կարող է շատ մեծ լինել, նույնիսկ այնպիսի թիվ լինել, որը կարող է հավասար լինել ՀՀ-ում ապրողների հետ: «Ու կարող է հարց առաջանալ, թե ինչու պետք է դրսում ապրողները որոշեն Հայաստանում ապրողների ապագան»,- նկատեց Իոաննիսյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: