Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառակուսի» դառնալու անխուսափելի ճանապարհը

Փետրվար 14,2020 10:00

Կուսակցություններից մեկի ղեկավարը վերջերս մասնավոր զրույցում ինձ ասաց, որ, իր կարծիքով, կուսակցություններն աշխարհում ու նաեւ Հայաստանում վերանալու են, որովհետեւ մարդկանց քաղաքական ինքնակազմակերպման այս ձեւը հնացել է: Կլինեն շարժումներ՝ ցանցային կազմակերպմամբ, առանց հստակ հիերարխիայի: Գաղափարն ինձ չափազանց հոգեհարազատ է, բայց վստահ չեմ, որ դա տեղի կունենա իմ կյանքի օրոք: Որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են վերջերս քաղաքականություն մտած երիտասարդները մեծ հաճույքով հետեւում նույն հիերարխիային եւ վարակվում դոգմատիզմի ախտով, ճիշտ այնպես, ինչպես դա անում էին իմ հասակակիցները, ինչպես նաեւ այն սերունդը, որն ապրում էր միակուսակցականության պայմաններում:

Ինչո՞վ է կուսակցականը (խոսքը, բնականաբար, միայն կուսակցական տոմս ունեցողների մասին չէ) տարբերվում ազատ մարդուց: Վերջինս կյանքը չի տեսնում միայն «սեւ-սպիտակ» գունաբաժանմամբ, նա նկատում է բազմաթիվ այլ գույներ եւ երանգներ, նա քննադատաբար է մոտենում ցանկացած դատողությանը կամ գնահատականին, զուրկ չէ հումորից եւ կարող է ծիծաղել իր եւ յուրայինների վրա, ամեն բառն արտասանելիս հոգ չի տանում այն մասին, թե ինչպես է այդ բառն ընկալվելու սրա կամ նրա կողմից:

Կուսակցականը՝ հակառակը, կաշկանդված է իր խոսքում եւ գործերում, պարտադրված է հետեւել դոգմաներին եւ կրկնել իր առաջնորդի մշակած գնահատականները՝ այն ձեւակերպումներով, որոնք հնչեցված են «շեֆի» շուրթերով եւ երբեք չի ծիծաղի, եթե կատակն առնչվում է իր թիմին:

Երբեմն ինձ ասում են, որ կան ավտորիտար կուսակցություններ, եւ կամ այնպիսիք, որտեղ զարգացած է ներքին ժողովրդավարությունը: Բայց այդ տարանջատումը բավականին պայմանական է՝ ի վերջո, եթե չկա «կարգապահություն», չկա նաեւ կուսակցականություն:

Երկար տարիներ հետեւելով քաղաքական կյանքին, ցավով եմ նկատել, որ ուրախ, լայնախոհ, ամեն ինչը իրավամբ կասկածի տակ դնող մարդիկ, հագնելով կուսակցականի «վեղարը», դառնում են մռայլ, մոլեռանդ, որեւէ այլախոհություն չընդունող: Մի խոսքով՝ «քառակուսի»: Երբ մարդը դառնում է չափից դուրս կանխատեսելի իր բոլոր արձագանքներում, համաձայնեք, գնալով ավելի քիչ է հետաքրքրություն ներկայացնում բոլոր առումներով, այդ թվում՝ լրատվության տեսանկյունից:

Կուսակցական համակարգի վերացումը մոտ ապագայի խնդիր չէ: Պարզապես զարգացած հասարակություններում կուսակցականները, գիտակցելով սեփական սահմանափակությունը եւ կաշկանդվածությունը, ավելի ուշադիր են լսում «ապաքաղաքական» մարդկանց՝ մտավորականներին, փորձագետներին, գիտնականներին: Իսկ մեր կուսակցականները մի տեսակ արհամարհանք ունեն այդ խավի մարդկանց հանդեպ: Եվ դա, իհարկե, նոր երեւույթ չէ. 1920-30-ական թվականներին բոլշեւիկներից շատերի վերջին փաստարկն էր «մենք ձեր համալսարանները չենք ավարտել» հպարտ արձանագրումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Վերլուծութիւնը շատ տեղին է ։
    Ես կը համարիմ որ կուսակցական կը դառնան ընդհանրապէս այն անձերը որ կարիք ունին ՛՛ենթադրեալ ուժի մը ՛՛ կրթնելու բաւարար ինքնաբաւութիւն չզգալով իրենց կարողութիւններուն հանդէպ ։ Խորքին մէջ տկար անձեր պէտք է նկատել զիրենք ։

  2. Քաղաքացի says:

    Գոյություն ունի մի ոլորտ, որը կոչվում է հոգեոգրաֆիկա (psychogeometry)։ Ամերիկացի փիլիսոփայության դոկտոր Սյուզան Դելինգերը, օգտագործելով Յունգի գաղափարները, ստեղծել է հոգեոգրաչափական թեսթ։ Թեսթը առաջարկում է ընտրել հինգ երկրաչափական ֆիգուրներից մեկը, և դրանից ելնելով տրվում է անհատականության հոգեոգրաչափական նկարագրությունը։ Մեր բառապաշարում արմատացել են որոշակի թվով կարծրատիպեր, որոնց տակ ենթադրվում է որոշակի նկարագրություն։ Չգիտեմ «քառակուսի»-ի ծագումնաբանությունը, սակայն համաձայն վերենշված ուսումնասիրության, քառակուսին խորհրդանշում է տրամաբանության ասպեկտը։ Սա, որպես ժամանցային տեղեկատվություն, սակայն որի հիմքուն ընկած է ոչ միայն հոգեբանությունը, այլ նաև լուրջ վիճակագրական շտեմարան։
    Մարդիկ խմբավորվում են և գաղափարների, և նպատակների շուրջ։ Մեր խորհրդային և անկախության ժամանակահատվածների բոլոր կուսակցությունները ստեղծված են եղել որոշակի նպատակներով և որոշակի ակընկալիքներով, գլխավերևում, որպես դրոշ, ունենալով գաղափարներ և հռչակագրեր։ Չես կարող, որպես գաղափար հռչակել արդար, օրենքով երկիր և միևնույն ժամանակ զբաղվել թալանով և ծառայեցնել այդ նպատակներին մի ողջ երկրի դատաիրավական համակարգը։ Ինչպես ասում են, պարզից էլ պարզ է։ Գաղափարների կրողները առանց կուսակցությունների և հռչակագրերի արել են իրենց գործը՝ զինվորը սահման է պահել, գյուղացին դաշտ է մշակել, ուսուցիչը երեխա կրթել։ Կուսակցությունները ստեղծված են եղել միայն մեկ գաղափարի շուրջ՝ ունենալ անվերահսկելի իշխանություն, հետագա անվերահսկելի արտոնությունների հնարավորությամբ։ Երբև է, որև է կուսակցության անդամ չեմ եղել, սակայն միշտ ունեցել եմ սեփական կարծիքս իրողությունների վերաբերյալ։ Կյանքում ունեմ մեկ սկզբունք՝ անվերապահորեն հավատալ (ես բարոյական իրավունք չունեմ չհավատալու, քանի դեռ չի ապացուցված հակառակը), սակայն տրամաբանելու և բոլոր նրբերանգները նկատելու և զգալու կարողությունը ինձ թույլ է տալիս շատ արագ հասկանալ, թե ով է կանգնած իմ առջև։ Այսօր ես հետևելով այս կառավարության գործունեությանը, ստեղծված իրավիճակում, զտելով ամբողջ լրատվական դաշտի տեղեկատվությունը, տեսնում եմ, թե ովքեր և ինչ միջոցներ են ներդրել իշխանությանը վարկաբեկելու համար, և ամենակարևորը, աչքիս առաջ ունենալով անցյալը, դիրքորոշվում եմ որպես ՀՀ քաղաքացի։
    P.S. Ուշադրությունս գրավեց Ձեր այս դիտարկումը՝
    “Երբ մարդը դառնում է չափից դուրս կանխատեսելի իր բոլոր արձագանքներում, համաձայնեք, գնալով ավելի քիչ է հետաքրքրություն ներկայացնում բոլոր առումներով, այդ թվում՝ լրատվության տեսանկյունից:”
    Կան հարցեր և հանգամանքներ, երբ կնախընտրեյի միշտ լինել կանխատեսելի։

  3. Արթուր says:

    Լիովին համաձայն եմ պրն. Աբրահամյանի դիտարկման հետ եւ հանուն արդարության պետք է նշեմ, որ ՔԱՌԱԿՈՒՍԱՑՄԱՆ աստիճանն ու անձինք ընդհանրապես կախված չեն ոչ գործող կառավարության կամ կուսակցության տեսակից (հեղափոխական կամ ոչ) եւ ոչ էլ ժամանակշրջանից։ Իսկ, թե ինչ երկրաչափական պատկերի են նմանվում այդ կատեգորիան, թողնում եմ Ձեր երեւակայությանը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829