Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ գիտխորհուրդը միասնական կարծիք չարտահայտեց. Գագիկ Ղազինյանը քննարկումն ամփոփելիս ասաց, որ հնչած զգացմունքային ելույթները նման էին ներկայիս ԱԺ ելույթներին

Փետրվար 14,2020 00:43

ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ այսօր տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԵՊՀ կարծիքի և առաջարկությունների քննարկում, որի արդյունքում, եզրակացության չգալով, որոշվեց այն կազմակերպել հաջորդ ուրբաթ:

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի կողմից ձևավորվել էր հանձնաժողով, որը մշակել և համակարգել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները, ապա մշակել նախագիծ, որի վերաբերյալ խորհուրդը պետք է հայտնի իր կարծիքը:

Նախագծի դրույթներին ծանոթացրեց իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Ղազինյանը՝ գիտխորհրդին ներկայացնելով առկա իրավիճակի նկարագրությունը, նախագծում առկա համակարգային խնդիրները, դիտողություններ նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև այնտեղ փոփոխություններ կատարելու առաջարկություններ:

Գիտխորհրդի անդամները նախագծի մասին հայտնեցին իրենց կարծիքները, դիրքորոշումները, անհամաձայնությունները և հանդես եկան նոր առաջարկություններով: Նախագծի վերաբերյալ հնչեցին նաև ելույթներ:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է այս փաստաթղթում ներառել մեծ աղմուկ հանած այն իրողությունը, որ «Հայոց լեզու» և «Պատմություն» առարկաները դառնալու են ոչ պարտադիր, ինչին ի պատասխան՝ Գագիկ Ղազինյանն ասաց, որ հանձնաժողովը միակարծիք է եղել այն հարցում, որ օրենքով որոշել առանձին առարկաների պարտադիր լինելը ճիշտ չէ, և որ բուհը պետք է որոշի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այս կամ այն առարկայի պարտադիր լինելը, ինչը բխում է բուհի ինքնավարությունից և ակադեմիական ազատությունից:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի այն ձևակերպմանը, որով նշվում է, թե «կարող են լինել դեպքեր, երբ թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք ավելի լավ կարողանան իրականացնել կառավարման գործառույթներ, սակայն դրանք բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն»՝ համարելով, որ կառավարական հմտությունները գիտական աստիճանի հետ կապ չունեն, բայց և համաձայնելով, որ բուհի ռեկտորը պետք է ունենա հնարավորինս բարձր գիտական աստիճան։

Ի պատասխան՝ Գագիկ Ղազինյանը նշեց, որ կան մոդելներ, որի պայմաններում ռեկտորը հանդես է գալիս որպես մենեջեր, այլ ոչ գիտական և կրթական գործընթացների ղեկավար, համակարգող, ինչպես ավանդաբար ընդունված է մեր հանրապետությունում, մասնավորապես ԵՊՀ֊ում։ Նրա փաստմամբ, պետք է հաշվի առնել նաև, որ համալսարանի ռեկտորը միևնույն ժամանակ համալսարանի գիտական կամ ակադեմիական խորհրդի նախագահն է։

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն առաջարկեց փաստաթղթի ձևին և կառուցվածքին ուշադրություն դարձնել: Ըստ նրա՝ պետք է հստակ ներկայացնել, թե ի վերջո օրենքի նախագիծը ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունելի է, թե ոչ. «Պետք է գալ եզրակացության: Օրենքի նախագիծն ինձ համար ընդունելի է, բայց հանձնաժողովի ներկայացրած փաստաթուղթն ընթերցելիս ստացվում է, որ չպետք է ընդունել այն: Իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է ներկայացնել առաջարկությունների տեսքով»:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ներկայացված կարծիքի երկրորդ կետը, որը նախագծի հիմնավորվածության վերաբերյալ է, պարունակում է դրույթներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և առաջարկեց հանել այդ կետը։

Գագիկ Ղազինյանը, անդրադառնալով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկին, նա ասաց, որ այդ մասին եղել են խոսակցություններ և դժգոհություններ, սակայն առանց այդ կետի օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքը կլինի հիմնազուրկ, եթե չնշվի հիմնական բացը, որը վերաբերում է օրենքը չհիմնավորված և առանց հայեցակարգի կազմելուն։

«Եթե չկա հայեցակարգ, որը քննարկվել և հավանության է արժանացել հանրության կողմից, և եթե չկան բավարար հիմնավորումներ, ապա օրենքը խիստ խարխուլ կամ կասկածելի հիմքերի վրա է դրված։ Նմանատիպ կարևորագույն օրենքները, որոնք կարգավորում են ամբողջ ոլորտը, այս դեպքում նույնիսկ երկու ոլորտ, անհնար է պատկերացնել առանց հայեցակարգի նախնական կազմման և դրա լուրջ հիմնավորումների»,֊ ասաց Գագիկ Ղազինյանը։

«Եվ պարոն Դումանյանի ասածին էլ վերադառնալով, թե պետք է անպայման կարծիք հայտնել՝ լավն է օրենքի նախագիծը, թե ոչ, այո ես, թե ոչ, սև ես, թե սպիտակ։ Մենք, ընդհակառակը, որպես համալսարանի գիտխորհուրդ՝ պետք է նշենք, որ առանց համակողմանի հետազոտության երկու ոլորտ կարգավորող օրենք չեն գրում։ Եվ եթե մենք առաջարկներ ենք ներկայացնում,դրանք պետք է լինեն հիմնավորված»,֊ փաստեց Իրավագիտության ֆակուլտետի դեկանը։

Նախագծի հիմնավորվածության վերաբերյալ էլ արտահայտած մտահոգությունները, ըստ Գ. Ղազինյանի, ցույց են տալիս, որ հիմնավորումները թերի են, այդ պատճառով էլ առաջարկվում է, որ դրանք ընդունեն։

Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արա Ալեքսանյանը հիշեց, որ նախորդ քննարկման ժամանակ շատ է խոսվել կառավարման խորհրդի մասին. «Առաջարկ կար, որ դրա կազմում աշխատողներ և ուսանողներ չլինեն, իսկ այժմ առաջարկվում է, որ լինեն, և դեռ մի բան էլ ավելի»։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ ինքը ևս համամիտ է այդ կարծիքի հետ, թե խորհրդի կազմում համալսարանականներ չպետք է լինեն։

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն անդրադարձավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ դիտարկումներին՝ նշելով, որ այն դրույթը, թե ինստիտուտներին տրվում է ինքնավարություն, հասկանալի չէ. «Այս հարցը քննարկվել է նաև նախարարի հետ։ Բացի դրանից՝ քննարկվել է նաև բուհերի հետ համագործակցության հարցը, և առաջարկվել անցումային ժամանակ տրամադրել՝ փորձնական փուլ անցնելու»։

Նա առաջարկեց ակադեմիայի վերաբերյալ ներկայացնել համագործակցությանն առնչվող դրույթներ, քանի որ մնացած հարցերով ակադեմիան ներկայացրել է իր մտահոգությունները՝ չանդրադառնալով բուհի խնդիրներին։

Ի պատասխան Գ. Ղազինյանը նշեց, որ եթե օրենքում խոսվում է կրթության և գիտության մասին, հնարավոր չէ բուհի անունից ներկայացնել կարծիք և չանդրադառնալ գիտությանը. «Մենք իրավունք չունենք չանդրադառնալու գիտության վերաբերյալ իրավակարգավորումներին, այդ թվում՝ ակադեմիային վերաբերող։ Այսօր ակադեմիան գիտության ոլորտի հիմնական համակարգողն է»։

Գիտխորհրդի որոշ անդամներ էլ առաջարկեցին ոչ թե միասնական կարծիք ներկայացնել, այլ դիտարկումներ և առաջարկություններ: Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի կարծիքով, հանձնաժողովի կողմից ներկայացված նախագիծը կարելի է երկու հատվածի բաժանել՝ առաջարկություններ և այդ առաջարկությունների հիմնավորումներ:

«Եթե մենք առաջարկությունների հետ համամիտ ենք, որոնք ունենալու են նորմատիվ բնույթ, ապա հիմնավորումները հետագայում խմբագրելու տեսանկյունից որևէ խնդիր չենք ունենալու: Այսինքն՝ հիմնական շեշտը պետք է դնենք առաջարկությունների վրա: Հետևաբար ես առաջարկում եմ քվեարկության դնել առաջարկությունները և հետո քննարկել հիմնավորումների վերաբերյալ անհամաձայնությունները»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Սակայն գիտխորհրդի որոշ անդամներ պնդեցին, որ առաջարկություններն առանց հիմնավորման իմաստ չունեն: Պարոն Գեղամ Գևորգյանի կարծիքով, կան դրույթներ, որոնք հիմնավորված չեն։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի կարծիքով, օրենքի նախագիծն ի սկզբանե թերի էր և ոչ լիարժեք, քանի որ համապատասխան հետազոտություններ և հարցումներ չեն իրականացվել:

Գագիկ Ղազինյանի հավաստմամբ, կատարյալ օրենք ունենալու համար դրա պատրաստման գործընթացը պետք է ենթադրի իրավիճակի ուսումնասիրություն, դրա հիման վրա հայեցակարգի մշակում, առաջարկների հիմնավորում, որից հետո նպատակի ընդգծում, ռեսուրսների գնահատում և նշված նպատակին հասնելու ուղիների հստակեցում. «Մենք նույնպես այն կարծիքին ենք, որ եթե օրենքի ստեղծումը չի անցել այդ ճանապարհով, ապա այն թերի է, սակայն ժամանակի սղության պատճառով բացթողումները նշելով հանդերձ՝ անդրադարձել ենք ներկայացված նախագծի թերություններին և փորձել առաջարկություններով փոքր ֊ինչ բարելավել այն»։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Սողոյանը նշեց, որ գիտական խորհրդի կողմից միասնական կարծիք արտահայտելը կարևոր է, քանի որ օրենքի նախագիծը մշակող մարմինն էլ ավելի զգուշավորություն կցուցաբերի այդ կարծիքի նկատմամբ և համապատասխան հետևություններ կանի։ Նրա փաստմամբ, կարծիքներ կարող են ունենալ նաև ֆակուլտետները, և դրանց միասնական գոյությունը ոչ մի հակասություն չի առաջացնում։

Վահրամ Դումանյանի կարծիքով, այնուամենայնիվ, ըստ ներկայացված փաստաթղթի՝ չի հասկացվում, թե գիտխորհուրդը միասնական ինչ կարծիք է արտահայտում։ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հավաստմամբ էլ, կան ձևակերպումներ, որոնք անընդունելի են։ Դրանցից է, օրինակ, «Կրթության և գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական և կրթական փորձառության մակարդակը» ձևակերպումը։ Իսկ ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի կարծիքով, հիմնավորումները պետք է լինեն առավել փաստարկված։

Գագիկ Ղազինյանը քննարկումն ամփոփելիս ասաց, որ հնչած զգացմունքային ելույթները նման էին ներկայիս ԱԺ ելույթներին։ Գեղամ Գևորգյանը հորդորեց համեմատություններ չանել, սակայն Իրավագիտության ֆակուլտետի դեկանը շեշտեց՝ դա իր իրավունքն է։ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն հայտարարեց տասը րոպե ընդմիջում, ինչը վրդովեցրեց Գագիկ Ղազինյանին. «Ես ամբիոնի մոտ կանգնած եմ, ի՞նչ ընդմիջում։ Դուք չեք կարող որոշել, հարցրեք գիտխորհրդի անդամներին»։ Գեղամ Գևորգյանը դիմեց խորհրդի անդամներին, որոնք ցանկացան լսել Գ. Ղազինյանի ելույթը։

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը նույնպես առաջարկեց քվեարկության դնել միայն առաջարկությունները, ապա քննարկել հիմնավորումները։ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի կարծիքով, առաջարկությունները բխում են հիմնավորումներից, իսկ դրանք առանձին ներկայացնելը ճիշտ չէ։

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն առաջարկեց նախ քվեարկության դնել ամբողջական նախագիծը, որը չընդունվեց: Այնուհետև, նրա առաջարկով քվեարկության դրվեց հարց, որով նախատեսվում էր այլևս չանդրադառնալ այս հարցին, ինչը նույնպես չընդունվեց: Առաջարկ հնչեց նաև ներկայացված կարծիքը վերադարձնել հանձնաժողովին։

Գագիկ Ղազինյանը պնդեց, որ դեկտեմբերին գիտխորհուրդը հաստատել է միասնական կարծիք արտահայտելու որոշումը, ինչը կամ պետք է քվեարկությամբ այսօր չեղարկել, կամ պայմաններ ստեղծել՝ նոր նախագիծ ներկայացնելու: Գեղամ Գևորգյանը պնդեց, որ փորձը ցույց տվեց, որ միասնական կարծիք ընդունելն անհնար է։

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը հետաքրքրվեց ռեկտորի ժ.պ.֊ից, թե նա կո՞ղմ է, որ ընդունվի միասնական կարծիք, թե՞ ոչ։ Գեղամ Գևորգյանը նշեց, որ համալսարանը պարտավոր չէ միասնական կարծիք հայտնելու օրենքի նախագծերի վերաբերյալ։

Գ. Ղազինյանի փոխանցմամբ, եթե գիտխորհուրդը չի ցանկանում միասնական կարծիք արտահայտել, թող քվեարկի, եթե ոչ, թող ձևավորվի նոր հանձնաժողով։ Նա նշեց, որ անձամբ ինքը հրաժարվում է հետագայում աշխատել այս նախագծի շուրջ, բայց ձևավորված հանձնաժողովի մյուս անդամների հետ մեծահոգաբար պատրաստ է հնարավորություն տալ նոր հանձնաժողովի անդամներին օգտվելու այսօր ներկայացված նախագծից։

Գիտխորհրդի նիստի օրակարգային հարցերի սպառումից հետո կրկին անդրադարձ եղավ օրենքի նախագծի քննարկմանը։ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.֊ն ասաց, որ ընդմիջմանը մտածելուց հետո որոշեց, որ պետք է նորից ծավալել քննարկում և ստեղծել նոր հանձնաժողով։

Որոշվեց հաջորդ ուրբաթ հրավիրել գիտխորհրդի նիստ՝ քննարկելու օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկությունները: Կազմվեց նոր հանձնաժողով, որի կազմում են Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մելքոնյանը, Վահե Հովհաննիսյանը և Արմեն Թադևոսյանը:

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829